Հետ բերեք մշակույթի տները Եվ գյուղացիները չեն երգի ԱԼՄ-ով Անցած 15 տարիներին կրթության նախարարությունը դպրոցներում գեղարվեստական ոչ մի օլիմպիադա չի անցկացրել: Դեռ ավելին. բարեփոխումների ու պետական կրթակարգի մեջ ոչ մի խոսք չկա ոչ միայն գեղարվեստական դաստիարակության, այլեւ ընդհանրապես դաստիարակության վերաբերյալ: Նախկինում 5 դպրոցներից 3-ում գործում էր դպրոցական երգչախումբ, 10-ից 3-ում՝ փողային նվագախումբ: Մեր՝ թիվ 66 դպրոցի 60 հոգանոց դպրոցական միացյալ փողային նվագախմբի եւ 400 հոգանոց քառաձայն երգչախմբի անբաժան խորհրդատուն էր անձամբ Էմմա Ծատուրյանը: Իրենց սեփական գործերը պատրաստելու ժամանակ մեզ շատ էին օգնում երգահաններ Գրիգոր Հախինյանը, Աշոտ Սաթյանը: Այո, մի զարմացեք, այս մեծ երաժիշտները հաճախ էին մտնում դպրոց ու ժամերով աշխատում երեխաների հետ: Երեխաներն էլ իրենց հերթին, բացի երգերից, նաեւ գեղագիտական եւ էսթետիկական դասեր էին վերցնում երաժիշտներից: Մեր երգացանկում տեղ էին գտել Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայից «Փառաբանվիրը», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից Հայկական հերոսական քայլերգը, Աշոտ Սաթյանի պիոներական քայլերգը եւ այլն, եւ այլն: Ավելի պատասխանատու համերգներին մեզ էր միանում թիվ 17 երեկոյան դպրոցի 80 հոգանոց տղամարդկանց երգչախումբը՝ խմբավար Հովհաննես Վերանյանի ղեկավարությամբ: Ի դեպ, վերոնշյալ բոլոր խմբերը Երեւանի միայն մեկ թաղամասից էին, պատկերացրեք, թե ինչ խմբեր կարելի էր հավաքել մյուսներից էլ: Կազմակերպվող օլիմպիադաներն էլ տեղի էին ունենում ամեն տարի՝ սկզբում ներդպրոցական, հետո լավագույններն անցնում էին շրջանային, ապա քաղաքային, հանրապետական փուլ: Վերջում եզրափակիչ համերգն էր, որ տեղի էր ունենում Օպերայի շենքում: Այդ օրերին մի կատարյալ տոն էր հազարավոր երեխաների, ծնողների եւ ուսուցիչների համար: Ո՛չ տոմս կար, ո՛չ տոմսավաճառ: Ահա թե ինչու եմ ԱԼՄ-ն դիտելիս հուզվում: Ախր այդ երեխաներն ասես մղկտում են եւ աղաչում՝ դիմելով կրթության նախարարությանը, որ իրենք կան եւ ծարավ են երգելու, պարելու եւ արտասանելու, միայն թե իրենց լսարան տվեք եւ մասնագետներ: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց գյուղական քարուքանդ եղած «կուլտուրայի տները»: ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆմանկավարժ