Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՄՈՒՍԻՆԸ ՊԱՏԱՆԴ ԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ

Հունվար 21,2005 00:00

ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՄՈՒՍԻՆԸ ՊԱՏԱՆԴ ԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Սերիկ Ոսկանյանը գումար վաստակելու հույսով ՌԴ մեկնած եւ այնտեղից բռնի տեղահանված հարյուրավոր հայաստանցիներից մեկն էր: Սերիկ Սասունի Ոսկանյանը հունվարի 17-ին է եկել Երեւան: Նա 2000թ.-ից բնակվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Լաբինսկ քաղաքի Վլադիմիրսկ գյուղում: Նա իր ամուսնու, երկու տղաների եւ 9-րդ դասարանցի աղջկա հետ վարձով է ապրել, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչ Կրասնոդարում հայտնվելը, նրա երկու որդիները՝ Մարատ եւ Արմեն Ծատուրյանները, պատվով ծառայել են ազգային բանակում, պաշտպանելով ԼՂՀ սահմանները (Մարտունիում եւ Մարտակերտում): Անկողնային հիվանդ ամուսնուն խնամում էր Ս. Ոսկանյանը: Նա մեզ պատմեց, որ ողջ ընթացքում իրավապահներն իրեն չեն անհանգստացրել, միայն պահանջում էին կամ գրանցվել, կամ թողնել երկիրը: «Հունվարի 13-ին,- պատմում է Ս. Ոսկանյանը,- 24-ամյա Մարատին Կրասնոդար՝ փախստականների ծառայություն տարան: Ոստիկանները չասացին, թե ո՞ւր են տանում: Գնացի Լաբինսկի էմիգրացիայի բաժին, ասացին տղադ Կրասնոդարում է եւ 17-ին պիտի թռնի Հայաստան, դու էլ հետը: Ես հուզվեցի, ասելով՝ ինձ սպանեք էլ, ամուսնուս չեմ թողնի: Խնդրեցի, որ օգնեն ամուսնուս հետս վերցնեմ»: Սերիկը փորձ է անում ձեռք բերել գումար՝ Հայաստան գալու համար (անհրաժեշտ էր 3400 ռուսական ռուբլի): Իսկ այդ ընթացքում 3 ոստիկաններ նորից են գալիս Ոսկանյանի ետեւից եւ նրան տանում Լաբինսկի էմիգրացիոն ծառայություն: «9-րդ դասարանցի աղջիկս՝ Լարիսան, գնում է հայ հարեւաններից օգնություն ակնկալելու: Չթողեցին ինձ, տարան Կրասնոդար: Ոչ լսում էին ինձ, ոչ էլ թողեցին իրերս վերցնել»,- տեղեկացնում է Ս. Ոսկանյանը: Նրա կարծիքով ամուսինն ու աղջիկը պատանդ են վերցվել: Ոսկանյանը, որը գրանցված է Էրեբունի համայնքի Նուբարաշեն խճուղու 3-րդ շենքի 22 բնակարանում, ներկայացել է համատիրություն, նաեւ տարածքի անձնագրային բաժին, որտեղից խնդրել է տեղեկանք՝ ամուսնուն եւ աղջկան վերադարձնելու համար: Տեղեկացանք, որ 49-ամյա ամուսինը ձեռք է բերել հոգեկան խանգարում եւ վտանգավոր է առանց հսկողության թողնել նրան: Ս. Ոսկանյանը հուզված նկարագրում էր, որ ինքնաթիռում հայտնված հայազգի քաղաքացիներից շատերը «առանց փողի էին, հողաթափերով, առանց իրերի ու տոմսերի»: Հայրենիքում Ոսկանյանի ընտանիքը սոցիալապես անպաշտպան էր: Ընտանիքի մայրը ԳՈՒՄ-ի շուկայի տարածքում կանաչի է վաճառել, որպեսզի կարողանա մեծացնել իր երեք երեխաներին: Ոսկանյանը ակնկալում էր, որ թերթի հրապարակումից հետո պատկան մարմինները կօգնեն իրեն՝ ամուսնուն եւ աղջկան Հայաստան վերադարձնելու: Փաստորեն, երեք օր է, ինչ ամուսնու եւ աղջկա մասին նա որեւէ տեղեկություն չունի: «Առավոտի» խմբագրությանն են դիմել նաեւ Կրասնոդարից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներ, որոնք առաջ են քաշում իրենց անձի արժանապատվության, սեփականության իրավունքին առնչվող հարցադրումներ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել