«Հասարակ մարդը մուֆլոն չի խփի» Վստահ է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Երեկ նա ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց կառավարության հավանությանն արժանացած երկու փաստաթուղթ՝ ջրային էկոհամակարգի եւ կենդանական ու բուսական աշխարհին պատճառած վնասների հատուցման մասին: Նախարարի խոսքերով, առաջինով կհստակեցվի, թե բնական ջրավազաններից ինչքան հեռավորության վրա կարելի է տնտեսական գործունեություն ծավալել: Ընդ որում, յուրաքանչյուր ջրավազանի համար կսահմանվեն առաձին չափորոշիչներ: Օրենքը չի կարող ազդել արդեն առկա կառույցների վրա, որովհետեւ դրանք արդեն ստացել են համապատասխան թույլտվություն: Օրենքը հետադարձ ուժ չունի, իսկ այն ժամանակ այս չափորոշիչները, եթե նույնիսկ եղել են՝ օրենքի խստություն չեն ունեցել: Օրինախախտների նկատմամբ տուգանքը նախկինի պես կիրառում են բնապահպան տեսուչները: Տասնօրյա ժամանակահատվածում տուգանքը չվճարելու դեպքում այն բռնագանձվում է դատական կարգով: Խոսքը վերաբերում է բնության նկատմամբ ցանկացած ոտնձգության: Կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի մասին օրենքով խստացվել ու հստակեցվել են հատուցման չափերը: Օրինակ՝ կզաքիս «խփելու» համար $150, ազնվացեղ եղջերուի՝ $2000, իսկ Բեզուարյան այծի՝ $ 6000: Հարցին, թե բացառու՞մ եք, որ բնապահպան տեսուչները ակտ գրելու փոխարեն տեղում լուծեն հարցը ոչ թե պետբյուջեի, այլ իրենց գրպանի օգտին, ինչպես, օրինակ, ավտոտեսուչներն են անում, նախարարը պատասխանեց. «Մենք հասարակության բաղկացուցիչ մաս ենք եւ ոչ մի դեպքում չենք կարող բացառել նման դեպքերը: Քրեական օրենսգրքով էլ սահմանվում է, որ սպանությունը դատապարտվում է, բայց էլի սպանում են կամ գողանում: Այնպես որ, դուք փիլիսոփայական հարց եք տալիս, բայց պատասխանեմ. անտառների հետ կապված այդ խնդիրը հեշտ է լուծվում, կա անտառային գույքի հստակ պատասխանատու եւ հաշվարկով ընդունում ենք նրանից»: Նախարարի հետագա խոսքերից հասկացանք, որ թեպետ բնության բոլոր օղակներում հաշվառում անցկացվում է, սակայն ողջ պաշարը նույնությամբ պահպանել դժվար է: Իսկ իրատեսակա՞ն են ապօրինի որսված կենդանիների համար սահմանված փոխհատուցման չափերը. «Հավատացեք ինձ, որ հասարակ մարդը մուֆլոն չի խփի կամ գնա անտառային տարածք զավթի ու դաչա շինի»,- պատասխանեց Վ. Այվազյանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ