Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Հունվար 21,2005 00:00

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՑ Հարկային ծառայության աշխատակիցների ակտիվ ջանքերով ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հանրապետության նախագահի հանձնարարականը վերածվում է ֆիսկալ նպատակներ հետապնդող ակցիայի: Եւ ինչպես կանխատեսում էին մասնագետները, կադրային բազան այս գործում գլխավոր խոչընդոտն է դառնում: Բազմաթիվ պարկեշտ գործարարներ վկայում են, որ հարկային տեսուչները դարձել են քմահաճ, զանգվածաբար վերադարձնում են տարեկան հաշվեկշիռների հաշվետվությունները (երբեմն անգամ առանց հիմնավորումների), մեծ հերթեր են գոյացնում: Վիճակը, ըստ նրանց, առավել ընդգծված է մարզերում՝ աչքից հեռու «նպաստավոր պայմանի» պատճառով: Բացի այդ, «տեսուչները խոշոր տնտեսվարողներին մոտենալ չեն կարողանում, եւ որպեսզի ցույց տան, որ գործ են անում, մանրերին են խեղդում», բողոքում են մանր ու միջին գործարարությամբ զբաղվողները: Բանիմաց գործարարների վկայությամբ, հարկային տեսուչներն անգամ օրենքի սխալ մեկնաբանություններով են իրենց «նեղում»: Մասնավորապես, դժգոհությունները շատ են պարզեցված հարկի կիրառումից: Մասնագետները պնդում են, որ Պարզեցված հարկի մասին օրենքի տրամաբանությունից չի բխում, թե երկու եղբայր կամ այլ հարազատներ չեն կարող տարբեր բիզնեսներ ունենալ, եւ երկուսն էլ պարզեցված հարկ վճարել (բնականաբար, որոշակի շրջանառության սահմաններ ունենալու դեպքում): Օրենքն այդ արգելքը, այն էլ որոշ վերապահումներով, նախատեսում է միեւնույն տեսակի բիզնեսով զբաղվելու դեպքում, նրանց համարում է փոխկապակցված անձինք եւ արգելում պարզեցված հարկ վճարող համարվել: Մինչդեռ տեսուչները, գործարարների ներկայացմամբ, պարզեցված հարկ վճարողների ցանկից միանգամայն անտեղի հանում են այդ տնտեսվարողներին եւ ստիպում վճարել հավելյալ հարկեր: Կամ շատերն են տեղյակ, որ, օրինակ, խանութներում վաճառողներն աշխատում են հերթափոխով, ամիսը 15 օր, օրը՝ միջինը 1500 դրամ: Գործարարները վկայում են, թե տեսուչները պնդում են, որ անցած տարվա հաշվեկշռում ողջ տարվա համար ավելի բարձր աշխատավարձ ցույց տրվի, դրա դիմաց եկամտահարկ մուծվի, այնուհետեւ հաշվետվությունը ներկայացվի: Ոմանք այդպես անում են, այնուհետեւ աշխատողից հետ են վերցնում «հավելյալ» վճարված աշխատավարձը, սակայն մի մասն էլ անհարմար է զգում գումարը հետ ուզել, ուստի տնտեսվարության տեսակետից սա վնասաբեր են համարում բիզնեսի համար: Խնդիրներ են առաջացել նաեւ հասարակական կազմակերպությունների հաշվեկշիռների ընդունման հետ: Շուրջ մեկ տարի առաջ ընդունված օրենքի համաձայն, տեսուչները պնդում են, որ առնվազն մեկ վարձու աշխատողի աշխատավարձ ցույց տրվի հաշվեկշռում, բնականաբար՝ եկամտահարկ նախատեսվի: Սակայն երբ հկ-ների ղեկավարները հիմնավորում են, որ վարձու աշխատող չկա այդ կազմակերպությունում, ապա տեսուչները համաձայնության են գալիս կես տարվա տարբերակի վրա՝ գումարը կանխիկ մուծելու պայմանով: Հարց է ծագում. եթե օրենքը պահանջում է, ապա ինչու են տեսուչները երաշխավորված բյուջետային մուտքերի համար դիմում գործարքի եւ հ/կ-ների ղեկավարներին առաջարկում կես տարվա համար համաձայնության գալ: Մեր տեղեկություններով, գործարարներն այս օրերին փորձում են կողմնորոշվել իրենց հետագա գործունեության վերաբերյալ: Նրանք օրերս անգամ Արդյունաբերողների եւ գործարարների միությունում հարկային ծառայության աշխատակցի հետ քննարկում են կազմակերպել, հանդիպումներ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարության, ԱԺ պատգամավորների հետ: Վստահաբար, մուտքերի ավելացման տեսքով կարտահայտվեն այս պայքարի արդյունքները, սակայն ակնհայտ է, որ հասունանում է վերոհիշյալ մեթոդների կիրառման պատճառով բիզնեսը կողմնակի հետեւանքներից զերծ պահելու խնդիրը: Իսկ այդ նպատակով ավելի քաղաքակիրթ կլիներ, եթե հարկային տեսուչները ընդունեին ներկայացվող հաշվետվությունները, եւ եթե իրենց պրոֆեսիոնալիզմը ներում է, փորձեին հետագայում ապացուցել եւ հիմնավորել թաքցված աշխատուժի եւ շրջանառության մասին իրենց պնդումները եւ փորձեին դրանք հետ ստանալ իրավական ճանապարհով: Իսկ մասնագետների մեկնաբանությամբ, հարկահավաքներն այս տարբերակին չեն դիմում, որովհետեւ ստվերային տնտեսության դեմ պայքարը պատկերացնում են միայն բյուջետային մուտքերի ավելացմամբ, այդ ընթացքում անտեսելով հավասարության, պրոֆեսիոնալիզմի սկզբունքները: Ընդհանրապես, այս ամենի մեջ ակնհայտն այն է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարն այլընտրանք չունի, խնդիրը մեթոդներն ու կադրերն են: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել