Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

Հունվար 21,2005 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ՝ ԼԿՏԻԱՑԱԾ ԱՐԻԻՆ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման վերջին ասուլիսի ընթացքում հեռուստաընկերություններից մեկի թղթակիցը փորձեց մանրամասներ իմանալ արվամոլների՝ «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանի ցուցակի վերաբերյալ: Նա հրաժարվեց՝ նշելով, թե պատասխանելու է միայն սոցիալական քարտերի թեմայով հարցերին: Եվս մի լրագրող առաջարկեց, թե որպեսզի այդ թեմայի շուրջ իր խոսքերի հավաստիության մեջ համոզվեն՝ թող փաստարկի իր հայտարարությունը արվամոլների մասին: Արմեն Ավետիսյանն ի պատասխան խորհուրդ տվեց, որ եթե «դուխ ունեն»՝ թող այդ հարցն ուղղեն Ռոբերտ Քոչարյանին: Գործընկերներին միացավ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհին՝ նշելով, որ եթե համարակալումը մարդու իրավունքների ոտնահարում է, ապա նման խախտում է նաեւ մարդուն իր սեռական կողմնորոշման համար հետապնդելը: Արմեն Ավետիսյանը բորբոքվեց, թե Հայաստանում «պոռնիկների իրավունքները» չպետք է հարգվեն եւ առաջարկեց. «Գնացե՛ք, պաշտպանե՛ք արվամոլներին, լեսբուհիներին էլ պաշտպանեք երեւում է՝ սերտ կապերի մեջ եք»: … Սա արդեն վերջին կաթիլն է: Ինքնահաստատման փորձերի համար կեղտոտ մեթոդներ գործադրող այս անձնավորության գործունեությունը թերեւս չպիտի լուսաբանվեր վաղուց՝ թեկուզ այն պահից, երբ նա «Շանթի» եթերում իրեն հակադարձող կնոջն ասաց. «Դավայ, մաքրվի ստուց» եւ դիմելով լրագրողին՝ առաջարկեց, թե գուցե մի հատ ստրիպտի՞զ ցուցադրեն: Ուշացումով ուղղում ենք մեր սխալը եւ այսուհետ չենք անդրադառնա մարդկանց անպատիժ վիրավորող այս անձնավորության եւ ոչ մի հայտարարության, չենք լուսաբանի նրա մասնակցությամբ եւ ոչ մի միջոցառում: Նշենք, որ «Արմինֆո» գործակալությունն էլ է երեկվանից ի նշան բողոքի հայտարարել «Հայ արիական միաբանության» միջոցառումների տեղեկատվական բոյկոտի մասին: Կարծում ենք, որ այս բոյկոտին պիտի միանան իրենց մասնագիտությունը փոքրիշատե հարգող լրագրողները: ԱՌԱՎՈՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել