Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչով

Հունվար 21,2005 00:00

Խաչով ծպտվածները -2 Հայաստանում մի տեսակ հորթի ուրախությամբ ընդունվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի առաջադրած՝ «գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» հարցի, այսպես ասած՝ կախակայումը: Իրականում ուրախանալու ոչինչ չկար, եւ տեղի ունեցածը միանգամայն տրամաբանական էր: Բանն այն է, որ ՄԱԿ-ը ՀՀ Ազգային ժողովը չէ, որտեղ կարելի է «սղղացնել» ու դակել ցանկացած փաստաթուղթ: ՄԱԿ-ը, մեղմ ասած, շատ ավելի լուրջ կառույց է, եւ որոշումներ ընդունելուց առաջ այնտեղ նախընտրում են գոնե մի քիչ ուսումնասիրել խնդիրը: Ահա եւ ուսումնասիրում են՝ նախաձեռնելով ԵԱՀԿ շրջանակներում ընդլայնված կազմով դիտարկման խմբի ուղարկումը տարածաշրջան: Ստացվում է, որ եթե ադրբեջանական կողմը վերը նշված հարցով չդիմեր ՄԱԿ-ի ԱԽ-ին, ապա ոչ մի դիտարկման խումբ էլ չէր գա, ու Երեւանում կշարունակեին վայելել Մինսկի խմբի երեք համանախագահների «անմեղ» վոյաժները: Այլ խոսքով՝ դիտարկման խումբն, ըստ էության, ժամանում է ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ՄԱԿ-ի հանձնարարությամբ, որն այդ հանձնարարությունը տվել է՝ ի պատասխան Ադրբեջանի դիմումի: Հետեւաբար՝ հենց այս կառույցում էլ ամփոփվելու են դիտարկման արդյունքները: Ասենք՝ հնարավոր է (թեեւ քիչ հավանական), որ երկրորդ անգամ բանը ՄԱԿ-ին չհասնի եւ հարցը լուծվի ԵԱՀԿ շրջանակներում: Դա այն դեպքում, երբ համանախագահներին ու դիտարկողներին հաջողվի կողմերին ինչ-որ կերպ հաշտեցնել ու հակամարտության համապարփակ կարգավորման նախադրյալներ ստեղծել: Կարելի է չկասկածել, որ մնացած բոլոր պարագաներում «գրավյալ տարածքների» եւ ընդհանուր առմամբ՝ Ղարաբաղի հարցը նորից վերադառնալու է ՄԱԿ: Կարելի է չկասկածել նաեւ, որ դրանից հետո ՄԱԿ-ը Հայաստանի համար այնպիսի մի կործանիչ փաստաթուղթ կընդունի, որ մեզ անկարող կլինի մխիթարել անգամ ականավոր լավատես Վարդան Օսկանյանը: Այժմ տեսնենք, թե ինչու հավանական այդ փաստաթուղթը Հայաստանի օգտին չի լինի: Նախ՝ մտաբերենք հայկական կողմի այն ծիծաղելի պատճառաբանությունը, որով փորձ էր արվում բացատրել, թե ինչպես ադրբեջանցիներին հաջողվեց հարցը մտցնել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Նշվում էր, թե դրա օգտին քվեարկողները մահմեդական երկրներ են եղել: Թերեւս հարկ է բացել բոլոր միամիտների աչքերն ու ասել, որ հենց այդ հաշվարկով էլ վարվել են հարցի արագ կարգավորմամբ շահագրգիռ միջնորդները (կամ առնվազն՝ նրանցից մեկը), որոնք, ի դեպ, քրիստոնյա են: ԱՄՆ փոխպետքարտուղար Էլիզաբեթ Ջոնսի (նույնպես քրիստոնյա) աղմուկ հանած վերջին գնահատականները դրա լավագույն ապացույցն են: Դրանք ապացույցն են նաեւ այն բանի, որ Հայաստանի «ղարաբաղյան» գործերը շատ վատ են: Կատակ բան չէ. այդ մասին հիշեցնում է ինքը՝ Ջոնսը: Պաշտոնյա, որը չի նշանակվել ինչ-ինչ կոալիցիոն համաձայնությունների արդյունքում, այլ լուրջ եւ իր խոսքի արժեքն իմացող գործիչ է: Վերջապես չմոռանանք, որ հայկական կողմի դիրքերը զգալիորեն խախտված են նաեւ ԼՂ հարցով զբաղվող մեկ այլ կառույցում՝ Եվրախորհրդում: Վկա՝ քրիստոնյա Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել