Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը

Հունվար 21,2005 00:00

Դաշնակցությունը կիսում է ընդդիմության սկզբունքները Արդյոք նախագահը թույլ կտա՞ կոալիցիային՝ համագործակցել ընդդիմության հետ Սահմանադրության հարցում: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ սահմանադրական փոփոխությունների սկզբունքների մասին, երեկ ուղարկվել է ԱԺ բոլոր խումբ-խմբակցություններին, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին: «Առավոտի» նախորդ համարում արդեն անդրադարձել ենք, որ ընդդիմության սկզբունքներն առնչվում են կառավարության ձեւավորմանը ԱԺ-ի ավելի գործուն մասնակցությանը, տեղական ինքնակառավարմանը եւ դատարանների անկախությանը։ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ ընդդիմության առաջարկի մասին արժե մտածել. «Իհարկե, սա առանձին քննարկման հարց է, սա կոալիցիայի խնդիրն է, բայց Դաշնակցության մոտեցումը մնում է նույնը, որ կարեւորագույն, համապետական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումները պետք է լինեն լիարժեք, իսկ լիարժեք լինելու կարեւոր պայմաններից մեկը ընդդիմության մասնակցությունն է: Առաջարկությունների մեծ մասը բավական առողջ են: Ժամանակին, եթե հիշում եք, մենք կարեւորում էինք, որ ԱԺ-ն կառավարության ձեւավորման մեջ դերակատարություն ունենա, եւ հանրաքվեով չանցած նախագծում որոշակի մեխանիզմ դրված էր: Հիմա նախնական տեքստում որոշ ձեւափոխումներ են տեղի ունեցել, բայց քննարկումները չեն ավարտվել, եւ դեռ կա լավագույն մեխանիզմը գտնելու հնարավորություն, որով կլուծվի մեկ կարեւոր հարց՝ ԱԺ-ի դերակատարությունը պետք է ավելի հստակ դառնա թե՛ վերահսկողական առումով, թե՛ կառավարության ձեւավորման խնդիրներում»: Արմեն Ռուստամյանը ընդունում է նաեւ դատական համակարգի անկախացման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ տեղական ինքնակառավարման համակարգը սահմանադրորեն հստակեցնելու հարցը: Իսկ Երեւանի կարգավիճակի եւ քաղաքապետի ընտրովիության խնդի՞րը. «Երեւանի կարգավիճակի խնդիրը վաղուց է քննարկվել, Երեւանը որպես քաղաք՝ համայնք է համարվում, եւ քաղաքապետի ընտրության խնդիրը նաեւ եվրոպական պահանջ է»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք Դաշնակցությունը չի՞ փոխի իր այս կարծիքը, եթե կոալիցիայի չորրորդ կողմը՝ Ռ. Քոչարյանը հրահանգի կոալիցիային բանի տեղ չդնել ընդդիմության հայտարարությունը: Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Կոալիցիայի խորհրդի բոլոր քննարկումների ժամանակ տարբեր կարծիքներ են լինում, ամեն ինչ չէ, որ հարթ եւ հանգիստ է ընթանում, բայց կան բաներ, որոնք սկզբունքային խնդիրներ են, եւ դրանց վերաբերյալ, ես կարծում եմ, համաձայնության գալու հնարավորություն կոալիցիան ունի իր լիարժեք կազմով, այդ թվում՝ նաեւ նախագահը։ Որպես այս սահմանադրական փաթեթի նախաձեռնող կողմ ԱԺ-ն է հանդես գալու, եւ այդ պատճառով է, որ այստեղ արդեն պետք է քաղաքական ուժերի դերակատարությունը՝ ավելի հստակ, ավելի ազդեցիկ եւ ավելի որոշիչ: Ի վերջո, մենք ենք նաեւ որոշելու 2007-08 թվականներից հետո ինչպիսին է լինելու երկրի ապագան»: Այսինքն՝ եթե Ռ. Քոչարյանը դեմ լինի ընդդիմության հետ աշխատելուն ընդդիմության առաջարկած սկզբունքների շրջանակում, ապա կոալիցիոն ուժերը կհամարձակվե՞ն կողմ լինել. «Չեմ կարծում, որ Ռ. Քոչարյանը դեմ լինի ընդդիմության հետ աշխատելուն, որովհետեւ կոալիցիայի՝ ժամանակին արված միասին աշխատելու հայտարարությունը համաձայնեցված էր նաեւ Ռ. Քոչարյանի հետ»,- «Առավոտի» հարցերին պատասխանելով՝ ասաց Արմեն Ռուստամյանը: Մ. ԵՍԱՅԱՆՀ. Գ. Այսօր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կհանդիպի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ վերջինիս հրավերով: Քննարկվելու է ընդդիմության հայտարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել