Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ

Հունվար 21,2005 00:00

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱՐԺԱՆԻ ԷԻՆ» Ասում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը – Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ դեսպանատան, իսկ ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունները՝ Ղարաբաղը, այսպես կոչված, կոռուպցիայի եւ քրեական անջատողականների տարածք դիտարկելու մասին: – Միացյալ Նահանգների ղեկավարությունը եւս մեկ անգամ հաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը բոլոր այն հարցերի շուրջ, որն իր արտաքին քաղաքականության հայեցակարգով է արտահայտված: ԱՄՆ-ն իր հայտարարությամբ ասաց, որ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը, որ կարեւորում է ժողովրդավարության հաստատումը եւ իր համար նշանակություն չունի, որ Հայաստանի իշխանությունները հաճոյացան ԱՄՆ-ին եւ զորախումբ ուղարկեցին Իրաք: Իսկ Հայաստանի ղեկավարությունը ստացավ այն, ինչին արժանի էր: Ես համարում եմ, որ Ղարաբաղի հիմնահարցի գործընթացը բացահայտ տապալվեց: Երեք հանգամանք ապացուցում են այդ տապալումը: Իշխանությունները որպես փաստարկ էին ներկայացնում, որ եթե Իրաք զորախումբ ուղարկենք, ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ ավելի մեղմ կլինի Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Խնդրեմ պատասխանը, որը հնչեց նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից, մինչ այդ՝ պետքարտուղարի տեղակալի կողմից: Եվ հետո, մի քանի օրից Ստրասբուրգում պետք է քննարկվի Աթկինսոնի զեկույցը, որտեղ միանշանակ նշված է, որ Ղարաբաղի հիմնահարցը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընդամենը տարածքային վեճ է, այսինքն՝ Ղարաբաղը ուղղակի որպես սուբյեկտ դուրս է մնում գործընթացից: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք 1918թ. հնչեցրած Ազգերի լիգայի հայտնի դիրքորոշումը, որը անընդունելի է Հայաստանի համար: ԼՂ-ն է դուրս եկել Ադրբեջանի կազմից՝ հիմք ընդունելով 1990-ի ապրիլի 3-ին ընդունած Խորհրդային Միության օրենքը: Շարունակ խեղաթյուրվում են իրավական հիմքերը եւ անտեսվում են ԼՂ՝ մինչ այժմ կատարած օրինական քայլերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նմանեցվում է մի սուբյեկտի, որը իբր կոռումպացված է, կամ այնտեղ անջատողականներ են: Ահա թե ինչի հասավ պարոն Ռ. Քոչարյանը իր վարած քաղաքականությամբ: – Արդյոք իր այս հայտարարություններով ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հասկացնելով, որ այս տարածաշրջանում ինքն է դառնում գլխավոր դերակատար: – Բացարձակ նշանակություն չունի, թե այդ երկու գերտերություններն իրար հետ ինչ հարաբերություններ են ճշտում: Մեզ համար կարեւոր է, թե այդ ամենը ինչպես է ազդելու Հայաստանի շահերի վրա: Այսինքն՝ եթե Հայաստանը ունենար սեփական հստակ դիրքորոշում, այս պահին որեւէ մեկի ճնշումը մյուսի վրա որեւէ նշանակություն չէր ունենա: Նրանք բոլորն էլ Ղարաբաղի հարցում համանախագահներ են: ԱՄՆ-ի կողմից արվող այդ հայտարարությունները ես կարող եմ շատ հանգիստ ուղղել նաեւ Ռուսաստանին եւ ասենք՝ Ֆրանսիային: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շահագրգռված լինի, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ, երկուսն էլ այս հարցում նույն կարգավիճակում են: Այստեղ շատ ավելի կարեւոր է վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որը բացահայտ արտահայտվեց արված հայտարարություններով: Թող Հայաստանի ղեկավարությունը որոշի, թե ի՞նչ է արել եւ ի՞նչ պատասխան է տալու: – Սակայն Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու մասին կան նաեւ դրական կարծիքներ: – Կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն իրականությունը մեկն է: Նախորդ օրվա զավեշտը, երբ Իրաք զորախումբ էին ուղարկում զուռնա-դհոլով, պարզապես ամոթալի էր: Եթե զորախումբ ուղարկեին, ասենք, Ղարաբաղ՝ մեր հողերը պաշտպանելու, ես դա կհասկանայի, բայց զուռնա-դհոլով զորախումբ ուղարկել մի երկիր, որը պատերազմի մեջ է, որը պաշտպանում է սեփական ինքնուրույնությունը, իր սեփական շահերը, ես չեմ հասկանում: Մանավանդ, չիմանալով, թե հետո ինչ է լինելու այդ մարդկանց հետ: Արդեն իսկ Արաբական էմիրություններում, Լիբանանում եւ Սիրիայում բացահայտ հակահայկական տրամադրություններ են նկատվում: Այս ամենի համար իշխանությունները պետք է պատասխան տան: – Ի՞նչ եք սպասում ԵԱՀԿ փորձագետների այցելությունից, այսպես կոչված, «գրավյալ տարածքներ», արդյոք հնարավո՞ր է այդ դիտորդական առաքելությունը ծառայեցնել մեր օգտին, ինչպես փորձում են ներկայացնել որոշ քաղաքական գործիչներ: – Ընդհանուր ենթատեքստը նույնն է: Եթե միայն մոնիտորինգի խումբը լիներ, արժեր դա քննարկել: Բայց Տիգրան Թորոսյանի՝ ժամանակին արված հայտարարությունը, թե Թերի Դեւիսի զեկույցը իրավական ազդեցություն չի ունենալու, մեղմ ասած՝ ճիշտ չէր: Խնդրեմ՝ հիմա էլ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը, որը մեր պատվիրակները պիտի փորձեն ինչ-որ ձեւով խոչընդոտել, որ չընդունվի: Սա բացառվում է: Սկզբունքային ձեւակերպումները փոխելը նույնպես անհնար է, որովհետեւ դա ընդունված է Թերի Դեւիսի կողմից: Ես ուղղակի զարմանում եմ այս իշխանությունների տրամաբանության վրա, թե իբր իրենք էլ դիտորդական խմբին Շահումյանն ու Գետաշենը կներկայացնեն: Չեմ կարող ավելի պարզ ասել, բայց սա իսկապես հիմարություն է, որովհետեւ այն, ինչ որ պիտի դիտվի այս տարածքում, համեմատելի չէ այն տարածքի խնդիրների հետ: Ուստի սա եւս լուրջ հետեւանքներ է ունենալու: Ամենակարեւոր խնդիրը ես արդեն ասացի. դա այն է, որ հարցը դիտարկվում է որպես տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Սրանից ավելի ծանր կացություն ես չեմ պատկերացնում: – Այնուամենայնիվ, նաեւ ընդդիմադիր գործիչներն են հայտարարում, որ Ղարաբաղն այն միակ հարցն է, հանուն որի պատրաստ են համագործակցել առանց նախապայմանների: – Մենք համակարծիք կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ կտեսնենք, որ իսկապես լուրջ եւ ճիշտ քայլեր են արվում: Երբ մեր առաջարկները չեն ընդունվել, մենք ինչի՞ հետ համակարծիք լինենք: Մենք պաշտպանելու ենք մեր սկզբունքային դիրքորոշումը: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել