ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Ծրագրային պետությանը միտված սահմանադրական փոփոխությունների՝ Արշակ Սադոյանի առաջարկությունների նախագիծը հիմնականում քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այն չի ներառում Մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին կամ դատական իշխանությանը վերաբերող փոփոխություններ: Արշակ Սադոյանը մի առիթով արդեն պարզաբանել է, որ դրանց մասով համաձայն է 2001-ին ներկայացված նախագծին: Ըստ Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ կարծիքի՝ ԱԺԴ նախագահի նախագծի ռազմական եւ արտակարգ դրության վերաբերյալ դրույթները «չեն համապատասխանում ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին: Սա լուրջ հետընթաց քայլ է Սահմանադրության 2001-ի նախագծի համեմատ»: Եզրակացության համաձայն՝ այս նախագիծը նաեւ «ներառում է մի շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումն իրատեսական չէ»: Սադոյանի նախագծի մեխն այն է, որ հետապնդում է կուսակցություններին, կառավարությանը եւ նույնիսկ առանձին պատգամավորներին նախընտրական ծրագրերով պարտավորեցնելու նպատակ. «Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է պարունակեն ըստ բոլոր հիմնական ոլորտների ենթածրագրեր՝ իրենց տարեկան կտրվածքներով, նշված պետք է լինեն կատարման ընթացքի գնահատման քանակական եւ որակական ցուցանիշները, թույլատրելի շեղումների չափը եւ ծրագրի կատարման անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը»: Իսկ եթե կուսակցությունը հրաժարվի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից, ապա ՍԴ-ի եզրակացությամբ եւ ԱԺ-ի որոշմամբ՝ կզրկվի իր պատգամավորական տեղերից: Վենետիկի հանձնաժողովը գտնում է. «Ճիշտ չԷ Սահմանադրությամբ մանրամասնել, թե ինչ կառուցվածքով եւ ձեւով պետք է նախապատրաստել նախընտրական ծրագիրը: Ավելին՝ այն փաստի գնահատումը, թե արդյոք նախընտրական ծրագիրը հարգվել եւ իրագործվել է, շատ նուրբ եւ բարդ ու դժվարին խնդիր է»: Բացի այդ՝ ըստ եվրոպական փորձագետների, ՍԴ-ին չի կարող վերապահվել քաղաքական բնույթի որոշումներ ընդունելու լիազորություն: Մտահոգության տեղիք է տվել Սադոյանի նախագծի այն դրույթը, ըստ որի՝ ԱԺ-ն կառավարության ներկայացմամբ ընդունում է «հեռանկարային, քառամյա, տարեկան եւ հատուկ պետական ծրագրերի ու բյուջեի մասին օրենքներ»: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ սա կարող է հանգեցնել «քաղաքական եւ իրավական պարտականությունների եւ պարտավորությունների շփոթության: Բացի այդ, կառավարության ծրագրերը հաստատող օրենքների ճշգրիտ իրավական նշանակությունը հասկանալի չէ»: Սադոյանը նախատեսել է, թե երկրի նախագահը պիտի վերահսկի ԱԺ կողմից քառամյա պետական ծրագրի իրագործումը: Իսկ եթե այն չկատարվի՝ նախագահը կարող է կրճատել խորհրդարանի լիազորությունների ժամկետը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ:?Վենետիկի հանձնաժողովն առարկում է. «Նախագահին նման լիազորություն վերապահելը կնշանակի սահմանադրական մարմինների հիերարխիայում վերջինիս ԱԺ-ից վեր դասել, ինչը հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին»: Սադոյանի նախագիծը նաեւ նախատեսում է. «Կուսակցության նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթներից հրապարակայնորեն հրաժարվող, կուսակցությունից հեռացված կամ իր կամքով կուսակցությունից դուրս եկած համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը զրկվում է պատգամավորական լիազորությունից եւ նրա փոխարեն պատգամավոր է դառնում ցուցակով հաջորդը»: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ այս նախաձեռնությունը «կասկածի տեղիք է տալիս արդի խորհրդարանական ժողովրդավարության պայմաններում»: Եվրոպական փորձագետները նշել են, թե գիտակցում են Հայաստանում բազմակուսակցական համակարգի ավանդույթի բացակայությունը, ինչպես նաեւ այն դժվարությունները, որոնց անցյալում բախվել է մեր երկիրը կենսունակ քաղաքական կոալիցիաներ կազմավորելու հարցում. «Կուսակցությունները եւ կառավարությունը պատասխանատու դարձնելու ցանկությունը օրինավոր նպատակ է: Սակայն առաջարկվող փոփոխությունը հակված է քաղաքական գործընթացների ծայրահեղ իրավականացման կամ սահմանադրականացման»: Ըստ այդմ՝ Սադոյանի նախագծով կուսակցություններին կամ անհատ թեկնածուներին ներկայացվող որոշակի եւ մանրամասն ծրագրերի պահանջը եւ իրավական հետեւանքները՝ դրանք չհարգելու համար, ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ «խնդիրներ են, որոնք պետք է թողնվեն քաղաքական գործընթացներին եւ քաղաքական պատասխանատվությանը: Եվ իրոք, միայն քաղաքացիները պետք է իրավունք ունենան հաջորդ ընտրություններում դատել, թե որոնք են լինելու յուրաքանչյուր կուսակցության կամ անհատ պատգամավորի կողմից ընտրական խոստումները չկատարելու (քաղաքական) հետեւանքները: Ընտրությունների վրա հիմնված խորհրդարանական համակարգի գաղափարին է անգամ հակասում զուտ քաղաքական պատճառներով կուսակցությանն ԱԺ տեղերից կամ անհատ պատգամավորին իր մանդատից զրկելը եւ այն էլ՝ հաջորդ ընտրություններից բացի մեկ այլ կարգով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ