ՍԵՓԱԿԱՆ
ՏՆԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ Արդեն 4 ամիս է, ինչ Աննա Մարգարյանը իր ազգականների
քմահաճության շնորհիվ անտուն է: Վերջինիս ազգականը՝ Կարապետ Գեւորգյանը, սեպտեմբերի
7-ին ԴԱՀԿ-ի օգնությամբ, օգտվելով Աննայի բացակայությունից, մի խումբ մարդկանց հետ
բնակարանի դուռը ջարդելով ու փոխելով դռան կողպեքը՝ տիրացել է ե՛ւ բնակարանին, ե՛ւ
Աննայի անձնական իրերին: Իսկ գույքագրման ժամանակ, ինչպես Աննան պատմեց, գրանցվել
է տան գույքի միայն 10%-ը. «Օրինակ, $1500-ի փոխարեն գրել են $50: Ասեղ-թելը
գրանցել են որպես հնամաշ, իսկ հագուստներս՝ ցնցոտիներ, այնինչ ես ձեռագործով եմ զբաղվում
եւ հագուստիս մեծ մասը իմ ձեռքով եմ գործել: Չեն գրանցել իմ կիթառը, սառնարանը եւ
այլ իրեր: Նույնիսկ հանգուցյալ մոր՝ Նելլիի լուսանկարի շրջանակը ներկայացրել են որպես
օգտագործված»: Ըստ Աննայի, Կ. Գեւորգյանը, որը տանտիրոջ եղբորորդին է, իսկ Աննայի
մորաքրոջ թոռը, պարզապես օգտվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «պահակը» լինելու
հանգամանքից: Մարգարյանը նշեց. «Մինչ տանտիրոջ՝ Նելլի Հաբեթյանի մահը, Գեւորգյանը
շատ հազվադեպ էր մեր տուն այցելում եւ մեր մտքով անգամ չէր անցնի, որ այսօր նման
խնդրի առաջ ինձ կկանգնեցնի»: Ն. Հաբեթյանը հանկարծակի հիվանդության պատճառով չի հասցրել
տունը նվիրաբերել կամ կտակել Աննային: Աննան նշեց. «Դատավորները ընդունում են իմ
իրավունքի օրինականությունը, բայց խոստովանում են, որ վերեւներից զանգեր են լինում
եւ իրենք դրանք անտեսել չեն կարող»: Հուսահատված Աննան դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարան: Աննան նշեց, որ դատավոր Լյովա Գրիգորյանը «միանձնյա որոշում կայացրեց
եւ մերժեց իմ միջնորդությունը՝ դատը հետաձգել մինչեւ փաստաբան գտնելս եւ որոշեց գործը
թողնել առանց քննության»: Լ. Օ.