Եվ
գյուղացիները չեն երգի ԱԼՄ-ով Անցած 15 տարիներին կրթության նախարարությունը
դպրոցներում գեղարվեստական ոչ մի օլիմպիադա չի անցկացրել: Դեռ ավելին. բարեփոխումների
ու պետական կրթակարգի մեջ ոչ մի խոսք չկա ոչ միայն գեղարվեստական դաստիարակության,
այլեւ ընդհանրապես դաստիարակության վերաբերյալ: Նախկինում 5 դպրոցներից 3-ում
գործում էր դպրոցական երգչախումբ, 10-ից 3-ում՝ փողային նվագախումբ: Մեր՝
թիվ 66 դպրոցի 60 հոգանոց դպրոցական միացյալ փողային նվագախմբի եւ 400 հոգանոց քառաձայն
երգչախմբի անբաժան խորհրդատուն էր անձամբ Էմմա Ծատուրյանը: Իրենց սեփական գործերը
պատրաստելու ժամանակ մեզ շատ էին օգնում երգահաններ Գրիգոր Հախինյանը, Աշոտ Սաթյանը:
Այո, մի զարմացեք, այս մեծ երաժիշտները հաճախ էին մտնում դպրոց ու ժամերով աշխատում
երեխաների հետ: Երեխաներն էլ իրենց հերթին, բացի երգերից, նաեւ գեղագիտական եւ էսթետիկական
դասեր էին վերցնում երաժիշտներից: Մեր երգացանկում տեղ էին գտել Գլինկայի «Իվան Սուսանին»
օպերայից «Փառաբանվիրը», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից Հայկական հերոսական
քայլերգը, Աշոտ Սաթյանի պիոներական քայլերգը եւ այլն, եւ այլն: Ավելի պատասխանատու
համերգներին մեզ էր միանում թիվ 17 երեկոյան դպրոցի 80 հոգանոց տղամարդկանց երգչախումբը՝
խմբավար Հովհաննես Վերանյանի ղեկավարությամբ: Ի դեպ, վերոնշյալ բոլոր խմբերը Երեւանի
միայն մեկ թաղամասից էին, պատկերացրեք, թե ինչ խմբեր կարելի էր հավաքել մյուսներից
էլ: Կազմակերպվող օլիմպիադաներն էլ տեղի էին ունենում ամեն տարի՝ սկզբում
ներդպրոցական, հետո լավագույններն անցնում էին շրջանային, ապա քաղաքային, հանրապետական
փուլ: Վերջում եզրափակիչ համերգն էր, որ տեղի էր ունենում Օպերայի շենքում: Այդ օրերին
մի կատարյալ տոն էր հազարավոր երեխաների, ծնողների եւ ուսուցիչների համար: Ո՛չ տոմս
կար, ո՛չ տոմսավաճառ: Ահա թե ինչու եմ ԱԼՄ-ն դիտելիս հուզվում: Ախր այդ երեխաներն
ասես մղկտում են եւ աղաչում՝ դիմելով կրթության նախարարությանը, որ իրենք կան եւ
ծարավ են երգելու, պարելու եւ արտասանելու, միայն թե իրենց լսարան տվեք եւ մասնագետներ:
Նրանք պահանջում են վերադարձնել իրենց գյուղական քարուքանդ եղած «կուլտուրայի տները»:
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆմանկավարժ