Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչով ծպտվածները -2

Հունվար 21,2005 00:00

Խաչով
ծպտվածները -2 Հայաստանում մի տեսակ հորթի ուրախությամբ ընդունվեց
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի առաջադրած՝ «գրավյալ տարածքներում տիրող
իրավիճակի մասին» հարցի, այսպես ասած՝ կախակայումը: Իրականում ուրախանալու ոչինչ
չկար, եւ տեղի ունեցածը միանգամայն տրամաբանական էր: Բանն այն է, որ ՄԱԿ-ը ՀՀ Ազգային
ժողովը չէ, որտեղ կարելի է «սղղացնել» ու դակել ցանկացած փաստաթուղթ: ՄԱԿ-ը, մեղմ
ասած, շատ ավելի լուրջ կառույց է, եւ որոշումներ ընդունելուց առաջ այնտեղ նախընտրում
են գոնե մի քիչ ուսումնասիրել խնդիրը: Ահա եւ ուսումնասիրում են՝ նախաձեռնելով ԵԱՀԿ
շրջանակներում ընդլայնված կազմով դիտարկման խմբի ուղարկումը տարածաշրջան: Ստացվում
է, որ եթե ադրբեջանական կողմը վերը նշված հարցով չդիմեր ՄԱԿ-ի ԱԽ-ին, ապա ոչ մի դիտարկման
խումբ էլ չէր գա, ու Երեւանում կշարունակեին վայելել Մինսկի խմբի երեք համանախագահների
«անմեղ» վոյաժները: Այլ խոսքով՝ դիտարկման խումբն, ըստ էության, ժամանում է ոչ թե
ԵԱՀԿ-ի, այլ ՄԱԿ-ի հանձնարարությամբ, որն այդ հանձնարարությունը տվել է՝ ի պատասխան
Ադրբեջանի դիմումի: Հետեւաբար՝ հենց այս կառույցում էլ ամփոփվելու են դիտարկման արդյունքները:
Ասենք՝ հնարավոր է (թեեւ քիչ հավանական), որ երկրորդ անգամ բանը ՄԱԿ-ին չհասնի
եւ հարցը լուծվի ԵԱՀԿ շրջանակներում: Դա այն դեպքում, երբ համանախագահներին ու դիտարկողներին
հաջողվի կողմերին ինչ-որ կերպ հաշտեցնել ու հակամարտության համապարփակ կարգավորման
նախադրյալներ ստեղծել: Կարելի է չկասկածել, որ մնացած բոլոր պարագաներում «գրավյալ
տարածքների» եւ ընդհանուր առմամբ՝ Ղարաբաղի հարցը նորից վերադառնալու է ՄԱԿ: Կարելի
է չկասկածել նաեւ, որ դրանից հետո ՄԱԿ-ը Հայաստանի համար այնպիսի մի կործանիչ փաստաթուղթ
կընդունի, որ մեզ անկարող կլինի մխիթարել անգամ ականավոր լավատես Վարդան Օսկանյանը:
Այժմ տեսնենք, թե ինչու հավանական այդ փաստաթուղթը Հայաստանի օգտին չի լինի:
Նախ՝ մտաբերենք հայկական կողմի այն ծիծաղելի պատճառաբանությունը, որով փորձ էր արվում
բացատրել, թե ինչպես ադրբեջանցիներին հաջողվեց հարցը մտցնել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Նշվում
էր, թե դրա օգտին քվեարկողները մահմեդական երկրներ են եղել: Թերեւս հարկ է բացել
բոլոր միամիտների աչքերն ու ասել, որ հենց այդ հաշվարկով էլ վարվել են հարցի արագ
կարգավորմամբ շահագրգիռ միջնորդները (կամ առնվազն՝ նրանցից մեկը), որոնք, ի դեպ,
քրիստոնյա են: ԱՄՆ փոխպետքարտուղար Էլիզաբեթ Ջոնսի (նույնպես քրիստոնյա) աղմուկ հանած
վերջին գնահատականները դրա լավագույն ապացույցն են: Դրանք ապացույցն են նաեւ այն
բանի, որ Հայաստանի «ղարաբաղյան» գործերը շատ վատ են: Կատակ բան չէ. այդ մասին հիշեցնում
է ինքը՝ Ջոնսը: Պաշտոնյա, որը չի նշանակվել ինչ-ինչ կոալիցիոն համաձայնությունների
արդյունքում, այլ լուրջ եւ իր խոսքի արժեքն իմացող գործիչ է: Վերջապես չմոռանանք,
որ հայկական կողմի դիրքերը զգալիորեն խախտված են նաեւ ԼՂ հարցով զբաղվող մեկ այլ
կառույցում՝ Եվրախորհրդում: Վկա՝ քրիստոնյա Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել