ԿԱՍՊԱՐՈՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը որոշեց դուրս գալ շախմատի վերամիավորման գործընթացից Նա Շախմատի միջազգային ֆեդերացիային հղած պաշտոնական բաց նամակում հիմնավորել է իր այդ քայլը՝ հայտարարելով, թե վերջնականապես հրաժարվում է ՖԻԴԵ-ի չեմպիոնի կոչման համար ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովի հետ մրցամարտից: Մրցամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 25-ից մայիսի 14-ը՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ նախապես ՖԻԴԵ-ն ցանկանում էր այն կազմակերպել Դուբայում, սակայն կազմակերպիչները չկարողացան ապահովել $1մլն 200 հազար մրցանակային ֆոնդը: 2003-ին երկու անգամ ձախողվեց Կասպարովի մրցամարտը՝ այդ պահին ՖԻԴԵ-ի չեմպիոն ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: 2004-ին Կասպարովը, որն ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհում, հայտարարել էր, որ չի պատրաստվում խաղալ Կասիմջանովի հետ, քանի դեռ Կիրսան Իլյումժինովը իրեն ֆինանսական երաշխիքներ չի ներկայացրել: Իլյումժինովը չկարողացավ ֆինանսներ հայթայթել: «2002-ին ես փոխզիջման գնացի ՖԻԴԵ-ին, որպեսզի միասնական ջանքերով կազմակերպենք շախմատի վերամիավորումը: Դրանից երկուսուկես տարի է անցել, եւ ես չորս անգամ պատրաստ եմ եղել պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար: Սակայն ամեն անգամ մրցամարտերը ձախողվել են, իսկ ֆինանսական երաշխիքներ չեն ներկայացվել: Չորս անգամ ես հարկադրված եմ եղել պլանավորել չեմպիոնական մրցամարտի անցկացումը, նախապատրաստումը, հանգիստը՝ հրաժարվելով այլ ծրագրերից ու առաջարկներից: Դժվար չէ ենթադրել, թե այդ պատճառով որքան դրամ եմ կորցրել… Եվ չեմպիոնական մրցամարտին առնչվող բոլոր բանակցություններին վերջ տալու վճիռ եմ կայացրել, որն ըստ էության ՖԻԴԵ-ի գործունեությունից դժգոհ լինել է նշանակում»,- նշել է Կասպարովը նամակում: Նա նաեւ հատուկ ընդգծել է, թե համբերության բաժակը լցվել է Վեյկ-Ան-Զեեում շախմատային գերմրցաշարը մեկնարկելուց հետո, որին մասնակցելու հրավեր ուներ կազմակերպիչներից, սակայն հրաժարվել էր, որովհետեւ սպասում էր Կասիմջանովի հետ մրցամարտի արդյունքներին: «Իմ հրաժարվելը որքան հնարավոր է շատ փող վաստակելու համար չէ եւ ոչ էլ արդեն աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձնելու: 2002-ին ես երազում էի գահը ետ բերելու մասին: Իսկ հիմա իմ պարագայում դա անհնար եմ համարում: Ինչ վերաբերում է հետագա ծրագրերիս, կմասնակցեմ խոշորագույն մրցաշարերին: Քսան տարի ուժեղագույն գրոսմայստերն եմ աշխարհում եւ մտադիր եմ հետագայում էլ պաշտպանել դիրքերս: Ես պարզապես հեռանում եմ շախմատային քաղաքականության ճակատամարտի դաշտից»,- եզրափակել է աշխարհի 13-րդ չեմպիոնը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ