«ԺԱՄԱՆԱԿՍ ՌԱՑԻՈՆԱԼ ԵՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» Այդպես է բացատրում իր ունիվերսալիզմը երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու մեներգչուհի, «Վարպետներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Աննա Մայիլյանը: Փետրվարի վերջին սկսվում է, երգչուհու խոսքերով՝ իր խայտառակ զբաղվածությունը՝ հյուրախաղեր Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում: «Մինչ մեկնումս Երեւանում հանդես կգամ Կոմիտասին նվիրված համերգով եւ կկատարեմ հորս տված խոստումս՝ կբացվի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Լեոնիդ Մայիլյանի սեւ-սպիտակ լուսանկարների անհատական ցուցահանդեսը»,- տեղեկացրեց երգչուհին, ափսոսանք հայտնելով, որ հոր լուսանկարների օրիգինալները մութ տարիներին օգտագործվել են որպես վառելանյութ եւ ինքը ստիպված է օգտվել նեգատիվներից: Մեր դիտարկմանը՝ «Ձեր կարիերայի սկզբում շրջանառվում էր այն միտքը, թե լույս աշխարհ է եկել երկրորդ Լուսինե Զաքարյանը», Ա. Մայիլյանը հակադարձեց. «Դա այդպես չէ: Չեմ ժխտում մեծ երգչուհու արվեստի ազդեցությունն ինձ վրա, սակայն չեմ փորձել երբեք նմանվել նրան: Իմ ձայնի տեմբրը, շարականների մեկնաբանությունը, մի խոսքով՝ երգեցողությունս, տարբեր է»: Հաջորդ դիտարկմանն էլ՝ «Չնայած հաճախակի փոխվող մշակույթի նախարարներին, չկա մի կառավարական համերգ, որը անցնի առանց ձեր մասնակցության», երգչուհին ասաց. «Իհարկե, ձեր դիտարկումը չափազանցված է, բայց հաճախ եմ հրավիրվում նման համերգների»: Ա. Մայիլյանը անդրադառնալով մեր այն մտքին, թե ինքն ամեն ինչ հասցնում է, հարկ համարեց նշել, որ իրեն էլ են հասնում նման խոսակցություններ ասեկոսեների տեսքով, եւ ինքը ըմբռնումով է մոտենում դրանց: «Ես պարզապես ժամանակը ռացիոնալ եմ օգտագործում: Երբեք չեմ ունեցել հովանավորներ ու չգիտեմ դրա համն ինչ է: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ՝ միայն 2002-ին Սիցիլիայում կայացած վոկալիստների միջազգային մրցույթին մասնակցելու համար աջակցել է հանրապետության առաջին տիկինը»,- շեշտեց երգչուհին: Հիշեցնենք, որ այդ մրցույթում Ա. Մայիլյանը տասը օպերային երգիչների մրցապայքարում արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ եվրոպական կամերային եւ հոգեւոր երկերի մեկնաբանման համար: Արտերկրում հաճախ շրջագայող երգչուհուց հետաքրքրվեցինք իրեն հանդիպած հայ կոլեգաների ճակատագրով: «Բնականաբար, շատերին եմ հանդիպել: Եվ ուզում եմ բարձրաձայնել, որ մենք ազգովի ենք մեղավոր նրանց ճակատագրի համար»,- նշեց Ա. Մայիլյանը, հուզված շարունակելով, որ թեեւ ուշացած, բայց ժամանակն է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի: Ըստ երգչուհու, արցախյան պատերազմից հետո մեր հարեւանների կողմից սկսված է մշակութային պատերազմ. «Մեր հարեւանները (նկատի ունի ադրբեջանցիներին) տարիներ շարունակ լկտիաբար հայտարարելով, իբր հայկական այս կամ այն ժողովրդական նվագարանը իրենցն է, հիմա էլ անցել են կոմպոզիտորների ստեղծագործություններին: Եթե մենք, ավելի ճիշտ՝ «վերեւները» ամենայն լրջությամբ չզբաղվեն այս հարցերով, ասել է թե՝ կազմակերպեն ճիշտ մշակութային քաղաքականություն, մտավախություն ունեմ, որ վաղն էլ կհայտարարեն, թե շարականներն ու տաղերն են իրենցը»: Մեր հարցին, թե ի՞նչ է առաջարկում ճանաչված երգչուհին, Ա. Մայիլյանն ասաց. «Նախ, բառի իսկական իմաստով, հարկավոր է մաքրել մշակութային դաշտը, արգելել երեւանյան հեղինակավոր դահլիճներում հնչեցնել ոչ պրոֆեսիոնալ երաժշտություն: Այո, արգելել ոչ պրոֆեսիոնալների մուտքը մեծ բեմ, թեեւ նրանք մեր հայրենակիցներն են: Այսինքն՝ վերականգնել ինքնագործ եւ պրոֆեսիոնալ արվեստների բաժանման սահմանը: Ավելորդ եմ համարում խոսել հայաստանյան TV 8211ներում տարվող երաժշտական քաղաքականության մասին: Տարբեր առիթներով լինելով այս կամ այն TV-ում, գոնե ես չեմ հանդիպել երաժշտության բնագավառի պրոֆեսիոնալ մասնագետի»: Երգչուհին հատկապես կարեւորեց ամենատարածված ինֆորմացիայի աղբյուրների՝ հեռուստատեսություններում եւ ռադիոկայաններում այսօր աշխատող երիտասարդ հաղորդավարների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացումը. «Շատ ժամանակ պարզապես անմիտ հարցերով սպառում են եթերաժամը: Չէ՞ որ նույն այդ եթերները տարիներ շարունակ հեռարձակվում են արտերկրում»: Խոսելով Երեւանի պետկոնսերվատորիայում վոկալի իր դասարանի ուսանողների մասին, Ա. Մայիլյանը նկատեց, որ կյանքի այս մրցավազքում իր բախտը բերել է. «Բարեբախտաբար, ունեմ ուսանողներ, որոնք իրենց գործին լուրջ են վերաբերվում: Այս տարի սաներիս մասնակցությամբ կկազմակերպեմ ուխտագնացություն Հայաստանի եկեղեցիներ: Սա միջոց է նրանց հայեցի դաստիարակելու համար ու, բնականաբար, այնտեղ կհնչեն տաղեր ու շարականներ»: «Առավոտի» վերջին՝ «Այսօր ձեզ տեսնում ենք վոկալի տարբեր ժանրերում՝ ռոքից մինչեւ դասական: Ո՞րն է երգչուհու՝ ձեր նախընտրած ժանրը» հարցին Ա. Մայիլյանը պատասխանեց. «Ժանրային խտրականություն չունեմ: Երգում եմ ռոք, ջազ, մի խոսքով՝ այն, ինչը հոգեհարազատ է ինձ: Իսկ ընդհանրապես, իմ՝ որպես երգչուհու դեմքը հայ հոգեւոր, եվրոպական կամերային երաժշտությունն է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ