Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

Հունվար 19,2005 00:00

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ» ԿԳ նախարարը օրերս հրաման արձակեց, ըստ որի, դպրոցական ձմեռային արձակուրդները պետք է երկարաձգվեն՝ գարնանայինի հաշվին: Ի դեպ, ձմեռային արձակուրդները երկարաձգվել են նաեւ աշնանայինի հաշվին: Սա այն դեպքում, երբ տարեսկզբին բոլոր հանրակրթական դպրոցները նախարարի հրամանով ստացել են ուսումնական պլան, որում հստակ նշված են գարնանային, աշնանային եւ մյուս արձակուրդների օրերը: Եվ ըստ դրա էլ դպրոցները կազմել են իրենց միջոցառումների եւ դասերի ժամանակացույցը: Աշնանային արձակուրդները տեղափոխելու մասին որոշում կայացնելու ժամանակ ոլորտի պատասխանատուները բնավ չէին հիշում այն մասին, որ կան նախանշված ուսումնական պլաններ, որոնց խախտումը կարող է ազդել ուսումնական բնականոն ընթացքի վրա եւ գոնե կաթսայատուն ունեցող դպրոցների դեպքում անհատական մոտեցում չցուցաբերեցին: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն այն ժամանակ մեզ հայտնեց, որ արձակուրդները տեղափոխվում են, որովհետեւ «մենք չգիտենք, թե ձմռանն ինչ համաճարակներ են մեզ սպասվում»: Հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլյանից տեղեկացանք, որ հանրապետությունում համաճարակի վտանգ առայժմ չկա, եւ նույնիսկ հիվանդացության տվյալներն անցյալ տարվա համեմատ ավելի քիչ են: (Ըստ որոշ լուրերի, կրթության վարչությունը դիմել է առողջապահության նախարարություն՝ արձակուրդները երկարաձգելու համար լուրջ պատճառ փնտրելով, եւ ակնկալիքով, որ նախարարությունը համաճարակ կհայտարարի, բայց ակնկալիքները չեն արդարացվել): «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունները բացառենք, եւ դրա համար դպրոցներին հանձնարարված է դասերն սկսելուց 2 օր առաջ արդեն սկսել դպրոցների ջեռուցումը»: Այսօր հանրապետությունում փակ է հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը, եւ անգամ այն դպրոցները, որոնք հնարավորություն ունեն նորմալ ջերմամատակարարում ապահովել՝ գերադասում են խնայողություն անել: Կրթության վարչության պետն ասում է. «Դպրոցները պետք է միասնական ծրագիր իրականացնեն, իսկ շեղումները բարդություններ կստեղծեն: Եթե գոնե դպրոցների կեսն ունենար կաթսայատուն… իսկ հիմա միայն 18-ն ունեն, 5-ինն էլ դեռ շահագործման չի հանձնվել»: Մեր տեղեկություններով, վարչության պետը խոստացել է պատժել այն դպրոցներին, ովքեր չեն ենթարկվի հրամանին: Իսկ վարչության ենթակայության տակ գտնվող միակ դպրոցը թիվ 27-ն է, որ արդեն 2-րդ անգամ չի ենթարկվում վերադասի հրամանին՝ պաշտպանելով երեխաների կրթության իրավունքը: Դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանից իմացանք, որ պատիժ չի կիրառվել, ավելին, մեզ հետ զրույցում պրն Վաթյանն ասաց, որ դպրոցն իրավունք է ստացել սկսել դասերը, քանի որ այնտեղ նաեւ հատուկ՝ ներառական ծրագիր է իրականացվում: Սակայն տիկին Բախշյանն ասում է, որ ինքը ո՛չ դիմել է վարչություն եւ ո՛չ էլ պաշտոնապես թույլտվություն է ստացել: «Ինչո՞ւ մյուս հարցերում էլ միասնականությունը չի ապահովվում, ինչո՞ւ բոլորը չունեն միասնական ձեռուցման համակարգ: Սա ահաբեկչություն է՝ կրթության նկատմամբ»,- այսպես որակեց իրավիճակը տիկին Բախշյանը: ԿԳ նախարարության հանրակրթության վերահսկողության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից տեղեկացանք, որ այն դպրոցները, որոնք ջեռուցմամբ ապահովված են, դիմել են մարզպետարաններ, քաղաքապետարան, եւ դասերը վերսկսելու թույլտվություն են ստացել: ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող՝ Շիրակացու եւ ֆիզմաթ թեքումով դպրոցները, որոնք լոկալ ջեռուցմամբ են ապահովված, եւս անցել են ուսման բնականոն ընթացքի: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ մայրաքաղաքի մեկուկես տասնյակից ավելի դպրոցներ խնայում են իրենց կարողությունները: Եթե հաշվի առնենք, որ դրանք հիմնականում այն դպրոցներն են, որոնք աշակերտի պակաս չեն զգում, եւ մեկ աշակերտի թվով ֆինանսավորվելու դեպքում ֆինանսական դժվարություններ ջեռուցման հարցում չեն ունենա, ապա մնում է միայն եզրակացնել, որ այդ դպրոցները պարզապես խնայողություն են անում՝ աշակերտների ուսման հաշվին: «Մարտի վերջին եւ աշնանը հրաշալի կլիմա է, փոխանակ այդ օրերին դպրոցները փակելու, ավելի լավ չէ՞ հիմա փակենք: Եվ հետո դպրոցներում հիմա կիսամյակային գնահատման համակարգ է, եւ արձակուրդներն էլ կիսամյակային ենք դարձնում»,- բացատրությունները շարունակում է Օ. Վաթյանը: Մինչդեռ, մասնագետները պնդում են, որ ուսման բավարար որակ ապահովելու համար պետք է աշակերտները պարբերաբար հանգստանան, եւ, միեւնույն ժամանակ, երկար արձակուրդն էլ իր վնասներն ունի: Պատկերացրեք՝ առաջին դասարանցիները, որ նոր-նոր են տառերը սովորել, մեկ ամիս ընդմիջումից հետո նրանք կարող են ամեն ինչ մոռանալ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել