«Մահանա են ման գալիս, որ փիղ չտան» Հնդկաստանի իշխանությունների խոստացած Վեդա փղին փետրվարին Հայաստան ուղարկելու կապակցությամբ վերջերս «Մարդիկ հանուն կենդանիների» հնդկական կազմակերպությունը Բենգալոր քաղաքում բողոքի ցույցեր եւ ստորագրահավաք է իրականացրել: Նրանք լուրեր էին տարածել, թե իբր տաք եղանակին սովոր կենդանին չի դիմանա մեր երկրի ցուրտ պայմաններին: Երեկ այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը զարմացած էր, թե ինչո՞ւ են հնդիկները խնդիրն այսքան բարդացնում. «2 տարի է, մենք լուրջ աշխատանքներ ենք տանում, նրանց ուղարկել ենք Վեդա փղի ազատավանդակի բոլոր լուսանկարները, ներկայացրել ենք պայմանները, հիմա իրենք կանգնում-ասում են, թե վեց ամիս ձմե՞ռ է լինում Հայաստանում: Այստեղ ձմեռը երեք ամիս էլ չի տեւում: Կարծում եմ՝ նրանք պարզապես մահանա են ման գալիս, որ փիղ չտան»: Պարոն Աբովյանը նաեւ նշեց, որ մի շարք թերթերի հրապարակումների համաձայն, մեր կենդանաբանական այգու վատ պայմանների մասին ինֆորմացիա է տվել այգու նախկին տնօրինուհին. «10-15 տարի է, ես եմ այգու տնօրենը, ինձնից առաջ, ճիշտ է, եղել է մի կին, բայց նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ երեւի ի վիճակի էլ չէ խոսել, այնպես որ, նրա անունից կեղծ լուրեր են տարածել»: Իսկ Հնդկաստանի դեսպանատան հյուպատոս Անինդո Բանարջին երեկ հավաստիացրեց, որ հ/կ-ի բողոքը չի արտահայտում կառավարության որոշումը, եւ իրենք տեղյակ էլ չեն, թե այդ ինչ կազմակերպություն է կամ ինչով է զբաղվում: Ուստի կառավարությունը նրանց գործողությունների հետ ոչ մի կապ չի կարող ունենալ: Այնուամենայնիվ, հնդկական իշխանություններն արձագանքել են այդ բողոքի ցույցերին ու դիմել մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների, որ ճշտեն, թե իրականում ինչ վիճակում է գտնվում մեր այգին ու ինչպիսի պայմաններում են պահելու իրենց «հարսնացուին»: Այս առիթով վերջին մի քանի օրերին այգի են այցելել «Վայրի բնության» համաշխարհային հիմնադրամի կովկասյան գրասենյակի, Հնդկաստանի դեսպանատան եւ էլի մի քանի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մասնագետներ, զննել են ողջ տարածքն ու եկել այն եզրակացության, որ Վեդայի համար այստեղ հրաշալի պայմաններ են ստեղծված: Հնդկաստանի դեսպանատան հյուպատոսը նույնպես գոհ էր ապագա հարսնացուի ջեռուցվող ու բոլոր հարմարություններով պատրաստված ազատավանդակից: Նրա խոսքերով, Վեդան այստեղ՝ Գրանդի կողքին իրեն շատ լավ կզգա: Ամեն դեպքում, Հնդկաստանի կառավարության կողմից թույլտվության եւ տեղափոխման բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Պարոն Աբովյանն ասաց նույնիսկ, որ իրենք մտադիր են եղել Վեդային դեռ դեկտեմբերից իր փեսացուին հանձնել, բայց վախեցել են, որ նա ճանապարհին կմրսի. «Փղերի թոքերի տարողությունը երեք անգամ ավելի մեծ է, քան մարդունը, հետեւաբար նա երեք անգամ ավելի շատ կարող է շնչել սառը օդն ու մրսել»,- բացատրեց տնօրենը: Հետո Վեդային մեծ շուքով դիմավորելու, միջոցառումներ ու շոուներ կազմակերպելու համար նպատակահարմար է եղել հետաձգել ճանապարհորդությունը, մինչեւ օրերը տաքանան: «Մենք առաջին անգամ չենք տեսնում այդ կենդանուն, տարիներ առաջ էլ տասնյակ փղեր ենք ունեցել: Ունենք մասնագետ, որը փղի կողքին է ծնվել, նրա հետ մեծացել, փղի համար հատուկ խոհարար ունենք, ինչպե՞ս կարելի է պնդել, թե այստեղ լավ պայմաններ չկան»,- վիրավորված նշեց Ս. Աբովյանը: Վերջինիս համոզմամբ, մենք 2 տարում հանգիստ կկարողանայինք այլ երկրներից՝ Թաիլանդից, Մալայզիայից, Վիետնամից փիղ բերել, պարզապես ապարանցու պես հիշեցինք Հնդկաստանից փիղ բերելու մասին ու «մեր էշը քշեցինք». «Ուրիշ տեղից լիներ, հիմա մի հարյուր անգամ բերած կլինեինք»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ