Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությանը

Հունվար 19,2005 00:00

Իշխանափոխությանը պետք է սպասել մեկ էլ 2007-ին Իսկ հիմա ընդդիմությունը հարաբերություններ է պարզում Դեռ 2003-ից հայրենի ընդդիմությունը իշխանափոխություն է խոստանում՝ անթաքույց ուրախանալով մեկ ռուսներից աջակցություն ստանալու ազդակներով ու ժամանակ առ ժամանակ Մոսկվա գնալով, մեկ՝ եվրոպական կառույցներից նման ազդակներ նշմարելով: Հիմա մեր ընդդիմությունը ձեռք է քաշել Ռուսաստանից եւ, կարծես թե, ապավինում է Արեւմուտքի աջակցությանը՝ աչքի տակ ունենալով Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացված «վարդերի» կամ «նարնջագույն» հեղափոխությունները: Նա ոգեւորվելով միջազգային հանրության կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ ունեցած հետաքրքրություններով՝ հիմա էլ 2005-ն է իշխանափոխության համար հերթական «ստարտային» փուլ համարում, որը կազդարարվի 2003 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի՝ վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշման երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Միայն թե հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ու առկա նախապայմանները օբյեկտիվորեն նման լավատեսության հիմք չեն տալիս, մանավանդ, որ ընդդիմությունն էլ այսօր դեռեւս սեփական գործունեության արդյունավետության համար ինքն իր մեջ նոր ալյանսների, միավորումների փնտրտուք է սկսել: Դեռ անցյալ տարի «Արդարություն» դաշինքի անդամ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը համագործակցություն սկսեց ԱԻՄ-ի եւ Աշոտ Մանուչարյանի հետ, այս տարի ավելի շատ խոսվեց «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ Ազատական առաջադիմական կուսակցությունների հնարավոր միավորման մասին՝ չբացառելով նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի «քավորությունը»: Երեկ էլ «Արդարություն» դաշինքի նիստում պարզ դարձավ, որ այստեղ խմորումներ կան, եւ դրանց ծավալումը պետք է սպասել առաջիկայում: Մի խոսքով, մինչեւ նոր իշխանափոխություն սկսելը՝ վերադասավորումները հայրենի ընդդիմադիր դաշտում խոստանում են դեռ երկար տեւել, ճիշտ այնպես, ինչպես դեռ երկար ժամանակ կպահանջվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործնական քայլեր սկսելու համար: Փորձը ցույց է տալիս, որ 98-ից հետո «ուր որ է» լուծվելիք այդ հարցը ձգվում է արդեն 7 տարի: Բացի այդ, սովորաբար իշխանափոխությունները, ինչպիսիք եղան նաեւ Վրաստանում եւ Ուկրաինայում, տեղի են ունենում ընտրությունների ֆոնի վրա: Հայրենի ընդդիմությունը 2003-ին բաց թողեց իր այդ հնարավորությունը: Նման ընտրություն առաջիկայում սպասվում է միայն 2007-ին՝ խորհրդարանական: Որ այդ ընտրություններն ավելի ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխան չեն անցկացվելու՝ կասկած չի հարուցում: Իհարկե, մինչ այդ ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը կշարունակեն կերակրել կոռուպցիայի դեմ պայքարով, տնտեսական աճի երկնիշ թվերով, քաղաքում նոր թափով կառուցվող էլիտար բարձրահարկերով ու զուգահեռաբար՝ կոմունալ ու սպասարկման ծախսերի աճող գնով, Ցեղասպանության ճանաչման հաջողություններով եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ձգձգելով: Ընդդիմության համար սրանք էլ հասարակությանը գրգռելու եւ նրա դժգոհությունը մինչեւ 2007-ը եռման աստիճանին հասցնելու ավելի հարմար առիթ են, քան՝ մեր տարածաշրջանի համար Արեւմուտքի կանխատեսումներին ապավինելը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել