ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՅԴ ՄԻՋԵՎ ԼԱՐՈՒՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանը ներկայացնում է, թե ինչ զարգացումներ հաջորդեցին ԼՂՀ գործադիր իշխանության մեջ Դաշնակցության ներկայացուցիչներին ետ կանչելու վերաբերյալ իրենց հայտարարությանը: «ԼՂՀ ղեկը ստանձնած անձը չկարողացավ ըմբռնել իր առաքելության իմաստը եւ լինել համապատասխան բարձրության վրա: Նա չկարողացավ դառնալ միասնականության, համերաշխության խորհրդանիշ: Իր այդ քայլով նախագահը Արցախի առաջատար քաղաքական ուժին՝ Դաշնակցությանը, փաստորեն, մղում է ընդդիմության»,- 2004-ի դեկտեմբերի 29-ի հայտարարության մեջ նշել էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այս հայտարարությունից հետո «Ազատություն» ռ/կ-ին հույս էր հայտնել, թե Արկադի Ղուկասյանն «ի վերջո կանդրադառնա Դաշնակցության հետ իր հարաբերությունները շտկելու քայլերին»: Մեր հարցին ի պատասխան՝ անցած ամսում եղե՞լ են նման քայլեր, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանը հայտնեց, որ անմիջականորեն ԼՂՀ նախագահի կողմից չի եղել արձագանք. «Բայց ԺԱՄ հասարակական-քաղաքական կազմակերպության «Հայրենիք» շաբաթաթերթում (էլի Արկադի Ղուկասյանի խոսքն էր՝ ուղղակի արտացոլված) եղել են»: Արդյոք այս միջոցով փորձ արվե՞լ է լարումը հաղթահարել՝ հարցին էլ պատասխանեց. «Ո՛չ, փորձեր չեն արվել հաղթահարել լարումը: Միայն փորձել են իրենց արդարացնել եւ հակազդել մեր հայտարարությանը»: ԼՂՀ իշխանամետ գործիչները, սակայն, պնդում են, թե Դաշնակցության հայտարարությունն ընդամենը 2005 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ քայլ էր: «Մե՛նք չենք սկսել այդ նախընտրական քայլերը,- հակադարձեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղարը:- Սկզբում ԼՂՀ նախագահը հիմք դրեց իր նախընտրական արշավին եւ սկսեց դրսեւորել իրեն: Իսկ մեր քայլը նախընտրական չէ՝ ուղղակի սա դիտում ենք որպես քաղաքական ուղեգծի ճշտում մեզ համար: Եվ եթե ԼՂՀ իշխանության մի մաս էինք՝ հիմա արդեն մաս չենք եւ կառուցողական ընդդիմություն ենք»: Արցախի դաշնակցականների համար հայտարարության առիթ դարձած՝ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանի ազատման առիթով ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը նշել էր. «ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի արձագանքը անհամարժեք է այն պատճառով, որ նա կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար էր նշանակվել ամենեւին ոչ իր կուսակցական պատկանելության համար»: Ժիրայր Շահիջանյանն այս մեկնաբանության առնչությամբ ասաց. «Մենք անձնավորված մոտեցում չենք ցուցաբերել՝ Արմեն Սարգսյանին դուրս դնելու պատճառով հարաբերությունների խզում: Եթե, ասենք, միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետի նկատմամբ էլ նույն բանն արվեր՝ արձագանքը լինելու էր նույնը: Ընդունում ենք, որ Արմեն Սարգսյանը ոչ թե կուսակցության կողմից էր առաջադրվել, այլ անձնական նախաձեռնությամբ՝ նախագահը նրան ընտրել էր իբրեւ այդ ասպարեզում պրոֆեսիոնալի, բայց նաեւ՝ Կենտրոնական կոմիտեի համաձայնությունն առնելուց հետո, որ նա աշխատի որպես անհատ դաշնակցական: Եվ Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն ժամանակին այդ թույլտվությունը տվել է իրեն: Սակայն նրա պաշտոնանկությունը, երբ 7 տարի աշխատել էր այս համակարգում, բոլորի համար պարզ դարձրեց, թե պատճառը միայն այն է, որ նա դաշնակցական է եւ Արկադի Ղուկասյանն այդ քայլով միայն հակադրվում է Դաշնակցությանը: Իսկ մենք այս քայլը համարելով քաղաքական՝ ընդդիմացանք եւ տվեցինք համապատասխան, համարժեք արձագանք»: Ի դեպ, միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետը, որ էլի դաշնակցական էր, արդեն իսկ հրաժարվել է իր պաշտոնից: Մինչդեռ միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող դաշնակցականները շարունակում են պաշտոնավարել: «Եթե դաշնակցականը հաղթել է քաղծառայության մրցույթում եւ դրա շնորհիվ է աշխատում՝ ինչո՞ւ պիտի ետ կանչենք նրան,- տարակուսեց պրն Շահիջանյանը:- Մենք ետ ենք կանչել միայն բարձրագույն օղակներում աշխատող դաշնակցականներին»: Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը 2004-ի բյուջեին քվեարկել էր «դեմ», իսկ 2005-ին քվեարկեց «ձեռնպահ»՝ արձանագրելով հանդերձ, որ այս ֆինանսական փաստաթղթում «տեղ են գտել Հայաստանի բյուջեում արտացոլված դրական միտումները»: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղարին խնդրեցինք, որ մանրամասնի իրենց հայտարարության մեջ նշված պնդումը, թե Դաշնակցությունը միշտ չէ, որ համաձայն է եղել Արկադի Ղուկասյանի վարած ներքին քաղաքականությանը: Որոշակի ի՞նչ խնդիրների է վերաբերել անհամաձայնությունը՝ հարցին նա պատասխանեց. «Դաշնակցությունը սատարելով գործող նախագահին՝ միշտ չէ, որ համամիտ է եղել նրա վարած կադրային եւ կառուցվածքային քաղաքականությանը, նաեւ ստվերային տնտեսության կամ գյուղատնտեսությանն առնչվող վարկային ծրագրերի շուրջ մոտեցումներին: Մեր խմբակցությունը միշտ ընդդիմացել է որոշ հարցերում. ճերմակին ճերմակ ասել, սեւին՝ սեւ: Հիմա էլ նորից իրականացվում են կադրային ու կառուցվածքային տեղապտույտներ: ԼՂՀ խորհրդարանի ԺԱՄ խմբակցության քարտուղար Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե Դաշնակցությունը կողմ էր կադրային եւ կառուցվածքային փոփոխություններին: Մենք իրո՛ք կողմ ենք, բայց՝ ոչ այս ձեւով: Այստեղ կա նաեւ անպատժելիության խնդիր՝ եթե մի նախարար լավ չի աշխատում եւ ԼՂՀ նախագահի հայտարարությունից հետո ազատվում է պաշտոնից՝ ինչո՞ւ է այդ նախարարը հետո հայտնվում մեկ այլ նախարարությունում: Եվ ինչո՞ւ նա համապատասխան պատիժ չի կրում»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի այս հայտարարությունները համաձայնեցվա՞ծ են ՀՅԴ Բյուրոյի հետ, թե՞ նրանք ինքնուրույն են կայացրել ԼՂՀ ղեկավարությանն ընդդիմություն դառնալու որոշումը: «Դաշնակցության կառույցներն ապակենտրոն են,- հիշեցրեց Ժիրայր Շահիջանյանը:- Եվ Արցախի կառույցն է վարում իր շրջանի քաղաքականությունը: Եթե Ղարաբաղն ընդունվում է իբրեւ անկախ պետություն (ծիծաղեց.- Ա. Ի.)՝ մենք էլ այստեղ անկախ կառույց ենք մեզ համար եւ տեղի քաղաքական անցուդարձը կարգավորում ենք մե՛նք՝ կենտրոնական կոմիտեն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ