«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ Որոնց դեմ է Արշակ Սադոյանը Երեկ տեղի ունեցավ «Արդարություն» խմբակցության այս տարվա առաջին նիստը, որը տեւեց մոտ չորս ժամ: Նիստի ընթացքում Արշակ Սադոյանը շարունակ գոռգոռում էր: Բանն այն է, որ «Արդարության» երեկվա նիստում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դաշինքի դիրքորոշումը։ Այս հարցում ունենալով հատուկ դիրքորոշում՝ պարոն Սադոյանը վարվեց ինչպես միշտ՝ նա դուրս եկավ եւ նիստի ավարտին սպասող լրագրողներին հայտարարեց, որ ինքն իհարկե համաձայն չէ այն ամենին, ինչ քննարկվում է դաշինքի նիստում, ընդհանրապես չի կիսում խմբակցության դիրքորոշումը, բայց, միաժամանակ, չի պատրաստվում դուրս գալ ոչ խմբակցությունից, ոչ էլ դաշինքից: Ընդհակառակը, պարոն Սադոյանը պատրաստվում է այն օգտագործել սեփական շահերի համար. «Ես երբեք չեմ կարող համաձայնել այնպիսի խմբակցության մեջ լիաթոք գործունեությանը, որը սկզբունքային դրույթներ չունի, որը ծիծաղելի վիճակներում է ընկնում, երբ անհրաժեշտություն է ծագում որեւէ հայտարարության: Եթե կուսակցությունները, կուսակցությունների ներկայացուցիչները չեն գործում սկզբունքներով, ապա անիմաստ է այդ գործունեությանը մասնակցել»: Այս քննադատությունից հետո ենթադրվում էր, որ պարոն Սադոյանը կասի, թե դուրս է գալիս դաշինքից, բայց՝ ոչ. «Ներողություն, ես նորից եմ կրկնում, ես ոչ դիմում կգրեմ, ոչ ինչ-որ հարց կբարձրացնեմ»: Իսկ ի՞նչ կանի Սադոյանը. «Ինչո՞ւ դուրս գամ, երբ իմ շատ ու շատ գործեր շատ ավելի հեշտ եւ շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե ես առավել համագործակցեմ խմբակցության հետ»: Այսինքն՝ Արշակ Սադոյանը խմբակցությունն օգտագործում է սեփական շահի համա՞ր. «Ներողություն, ես ոչ միայն ֆրակցիան եմ օգտագործում, ես օգտագործում եմ գուցե նաեւ այլ ընդդիմադիր պատգամավորների, «Ժողպատգամավորների», մյուսներին, բոլորին, ում հետ ես համագործակցելու եմ կոնկրետ խնդիրներ լուծելու»: Դաշինքը մեկ «դեմ» ձայնով երեկ ընդունեց մի փաստաթուղթ, որին միացավ նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցությունը: Փաստաթուղթը կներկայացվի կոալիցիոն քաղաքական ուժերին: Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին էր լիազորված ներկայացնել խնդիրը: Դաշինքի նիստում երեք հարց է քննարկվել՝ սահմանադրական բարեփոխումներին «Արդարության» մասնակցության հարցը, ժողովրդի հետ հանդիպումների հետ կապված հարցեր եւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու մասին հարցը. «Մենք այն կարծիքին ենք, որ սահմանադրական բարեփոխումները երկրի համար կարեւոր նշանակություն ունեն, եւ մենք առաջարկում ենք որոշակի սկզբունքներ երեք հիմնական հարցերի վերաբերյալ՝ կառավարման համակարգը, դատական իշխանության ձեւավորումը եւ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները: Մենք այն կարծիքին ենք, որ կառավարությունը պետք է ձեւավորվի ՀՀ նախագահի կողմից, խորհրդարանը պետք է հաստատի նրա ներկայացրած վարչապետի եւ կառավարության անդամների թեկնածությունը, չհաստատելու դեպքում կառավարության ձեւավորման հարցը պետք է լուծի խորհրդարանը: Հաջորդ խնդիրը դատական իշխանության ձեւավորման հետ է կապված: Դատական իշխանությունը պետք է ձեւավորվի Արդարադատության խորհրդի կողմից, եւ ՀՀ նախագահն այնտեղ որեւէ դերակատարություն պետք է չունենա: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը, մասնավորապես, պետք է ստեղծվեն միջհամայնքային միավորումներ, որոնք կարող են ստեղծվել ե՛ւ օրենքով, պարտադիր կարգով, ե՛ւ կամավոր հիմունքներով: Սա համապատասխանում է տեղական ինքնակառավարման եվրոպական սկզբունքներին: Եվ ամենակարեւորը, Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի: Այս երեք սկզբունքները մենք առաջարկելու ենք կոալիցիային, ընդ որում, մենք ենթադրում ենք, որ այս սկզբունքները պետք է քննարկվեն փոխհամաձայնության պայմաններում: Իսկ դետալներն այլ խոսակցության թեմա են»: Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ դաշինքի եւ, հետեւաբար, խմբակցության նիստում այս առաջարկներին եղել մեկ «դեմ»՝ Արշակ Սադոյանը, որն, ըստ էության, դեմ է եղել սկզբունքներից մեկին՝ կառավարության ձեւավորմանը: Սադոյանի կարծիքով, կառավարության ձեւավորման նախաձեռնողը պետք է լինի խորհրդարանը: Իսկ կոալիցիան կընդունի՞ ընդդիմության առաջարկը. «Մեր հետագա քայլերը կախված կլինեն այն ռեակցիայից, որը կցուցաբերվի կոալիցիայի կողմից»: Սակայն ժամանակին նույն կոալիցիան առաջարկել էր ընդդիմությանը՝ փոխհամաձայնությամբ քննարկել նույն հարցերը, եւ ընդդիմությունը մեկ անգամ արդեն մերժել էր այս առաջարկը. «Դուք հավանաբար ուշադրություն չդարձրիք, որ մենք ներկայացրել ենք ոչ թե սահմանադրական բարեփոխումների առաջարկություններ կամ՝ տարբերակ, այլ առաջարկում ենք նախ եւ առաջ քննարկել սկզբունքները: Կոալիցիան ներկայացրել էր սահմանադրական բարեփոխումների տարբերակ եւ մեզ առաջարկել էր համագործակցել այդ տարբերակի շուրջ: Մենք այլ բան ենք առաջարկում՝ նախ համաձայնության գալ սահմանադրական բարեփոխումների սկզբունքների վերաբերյալ, եւ դրանից հետո կարող է խոսք լինել համագործակցության կամ միասին աշխատելու մասին»: Ընդդիմությունը շարունակելու է խորհրդարանական բոյկոտը, քանի որ ներկայացված պահանջները չեն կատարվել՝ չի անցկացվել վստահության հանրաքվե, չեն պատժվել ընտրակեղծիքներ կատարած անձինք եւ պատասխանատվության չեն ենթարկվել ապրիլի 13-ին բռնություններ կատարածները: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ