Շախմատի
աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը որոշեց դուրս գալ շախմատի վերամիավորման գործընթացից
Նա Շախմատի միջազգային ֆեդերացիային հղած պաշտոնական բաց նամակում հիմնավորել
է իր այդ քայլը՝ հայտարարելով, թե վերջնականապես հրաժարվում է ՖԻԴԵ-ի չեմպիոնի կոչման
համար ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովի հետ մրցամարտից: Մրցամարտը
նախատեսված էր անցկացնել ապրիլի 25-ից մայիսի 14-ը՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ նախապես
ՖԻԴԵ-ն ցանկանում էր այն կազմակերպել Դուբայում, սակայն կազմակերպիչները չկարողացան
ապահովել $1մլն 200 հազար մրցանակային ֆոնդը: 2003-ին երկու անգամ ձախողվեց Կասպարովի
մրցամարտը՝ այդ պահին ՖԻԴԵ-ի չեմպիոն ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: 2004-ին
Կասպարովը, որն ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհում, հայտարարել էր, որ չի պատրաստվում
խաղալ Կասիմջանովի հետ, քանի դեռ Կիրսան Իլյումժինովը իրեն ֆինանսական երաշխիքներ
չի ներկայացրել: Իլյումժինովը չկարողացավ ֆինանսներ հայթայթել: «2002-ին ես
փոխզիջման գնացի ՖԻԴԵ-ին, որպեսզի միասնական ջանքերով կազմակերպենք շախմատի վերամիավորումը:
Դրանից երկուսուկես տարի է անցել, եւ ես չորս անգամ պատրաստ եմ եղել պայքարելու աշխարհի
չեմպիոնի կոչման համար: Սակայն ամեն անգամ մրցամարտերը ձախողվել են, իսկ ֆինանսական
երաշխիքներ չեն ներկայացվել: Չորս անգամ ես հարկադրված եմ եղել պլանավորել չեմպիոնական
մրցամարտի անցկացումը, նախապատրաստումը, հանգիստը՝ հրաժարվելով այլ ծրագրերից ու
առաջարկներից: Դժվար չէ ենթադրել, թե այդ պատճառով որքան դրամ եմ կորցրել… Եվ չեմպիոնական
մրցամարտին առնչվող բոլոր բանակցություններին վերջ տալու վճիռ եմ կայացրել, որն ըստ
էության ՖԻԴԵ-ի գործունեությունից դժգոհ լինել է նշանակում»,- նշել է Կասպարովը նամակում:
Նա նաեւ հատուկ ընդգծել է, թե համբերության բաժակը լցվել է Վեյկ-Ան-Զեեում շախմատային
գերմրցաշարը մեկնարկելուց հետո, որին մասնակցելու հրավեր ուներ կազմակերպիչներից,
սակայն հրաժարվել էր, որովհետեւ սպասում էր Կասիմջանովի հետ մրցամարտի արդյունքներին:
«Իմ հրաժարվելը որքան հնարավոր է շատ փող վաստակելու համար չէ եւ ոչ էլ արդեն
աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձնելու: 2002-ին ես երազում էի գահը ետ բերելու
մասին: Իսկ հիմա իմ պարագայում դա անհնար եմ համարում: Ինչ վերաբերում է հետագա ծրագրերիս,
կմասնակցեմ խոշորագույն մրցաշարերին: Քսան տարի ուժեղագույն գրոսմայստերն եմ աշխարհում
եւ մտադիր եմ հետագայում էլ պաշտպանել դիրքերս: Ես պարզապես հեռանում եմ շախմատային
քաղաքականության ճակատամարտի դաշտից»,- եզրափակել է աշխարհի 13-րդ չեմպիոնը: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ