Այդպես
է բացատրում իր ունիվերսալիզմը երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Ջրվեժի
Սուրբ Կաթողիկե եկեղեցու մեներգչուհի, «Վարպետներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար
Աննա Մայիլյանը: Փետրվարի վերջին սկսվում է, երգչուհու խոսքերով՝ իր խայտառակ
զբաղվածությունը՝ հյուրախաղեր Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում:
«Մինչ մեկնումս Երեւանում հանդես կգամ Կոմիտասին նվիրված համերգով եւ կկատարեմ հորս
տված խոստումս՝ կբացվի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Լեոնիդ Մայիլյանի սեւ-սպիտակ լուսանկարների
անհատական ցուցահանդեսը»,- տեղեկացրեց երգչուհին, ափսոսանք հայտնելով, որ հոր լուսանկարների
օրիգինալները մութ տարիներին օգտագործվել են որպես վառելանյութ եւ ինքը ստիպված է
օգտվել նեգատիվներից: Մեր դիտարկմանը՝ «Ձեր կարիերայի սկզբում շրջանառվում
էր այն միտքը, թե լույս աշխարհ է եկել երկրորդ Լուսինե Զաքարյանը», Ա. Մայիլյանը
հակադարձեց. «Դա այդպես չէ: Չեմ ժխտում մեծ երգչուհու արվեստի ազդեցությունն ինձ
վրա, սակայն չեմ փորձել երբեք նմանվել նրան: Իմ ձայնի տեմբրը, շարականների մեկնաբանությունը,
մի խոսքով՝ երգեցողությունս, տարբեր է»: Հաջորդ դիտարկմանն էլ՝ «Չնայած հաճախակի
փոխվող մշակույթի նախարարներին, չկա մի կառավարական համերգ, որը անցնի առանց ձեր
մասնակցության», երգչուհին ասաց. «Իհարկե, ձեր դիտարկումը չափազանցված է, բայց հաճախ
եմ հրավիրվում նման համերգների»: Ա. Մայիլյանը անդրադառնալով մեր այն մտքին,
թե ինքն ամեն ինչ հասցնում է, հարկ համարեց նշել, որ իրեն էլ են հասնում նման խոսակցություններ
ասեկոսեների տեսքով, եւ ինքը ըմբռնումով է մոտենում դրանց: «Ես պարզապես ժամանակը
ռացիոնալ եմ օգտագործում: Երբեք չեմ ունեցել հովանավորներ ու չգիտեմ դրա համն ինչ
է: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ՝ միայն 2002-ին Սիցիլիայում կայացած վոկալիստների
միջազգային մրցույթին մասնակցելու համար աջակցել է հանրապետության առաջին տիկինը»,-
շեշտեց երգչուհին: Հիշեցնենք, որ այդ մրցույթում Ա. Մայիլյանը տասը օպերային երգիչների
մրցապայքարում արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ եվրոպական կամերային եւ հոգեւոր
երկերի մեկնաբանման համար: Արտերկրում հաճախ շրջագայող երգչուհուց հետաքրքրվեցինք
իրեն հանդիպած հայ կոլեգաների ճակատագրով: «Բնականաբար, շատերին եմ հանդիպել: Եվ
ուզում եմ բարձրաձայնել, որ մենք ազգովի ենք մեղավոր նրանց ճակատագրի համար»,- նշեց
Ա. Մայիլյանը, հուզված շարունակելով, որ թեեւ ուշացած, բայց ժամանակն է, որ ամեն
մարդ իր գործով զբաղվի: Ըստ երգչուհու, արցախյան պատերազմից հետո մեր հարեւանների
կողմից սկսված է մշակութային պատերազմ. «Մեր հարեւանները (նկատի ունի ադրբեջանցիներին)
տարիներ շարունակ լկտիաբար հայտարարելով, իբր հայկական այս կամ այն ժողովրդական նվագարանը
իրենցն է, հիմա էլ անցել են կոմպոզիտորների ստեղծագործություններին: Եթե մենք, ավելի
ճիշտ՝ «վերեւները» ամենայն լրջությամբ չզբաղվեն այս հարցերով, ասել է թե՝ կազմակերպեն
ճիշտ մշակութային քաղաքականություն, մտավախություն ունեմ, որ վաղն էլ կհայտարարեն,
թե շարականներն ու տաղերն են իրենցը»: Մեր հարցին, թե ի՞նչ է առաջարկում ճանաչված
երգչուհին, Ա. Մայիլյանն ասաց. «Նախ, բառի իսկական իմաստով, հարկավոր է մաքրել մշակութային
դաշտը, արգելել երեւանյան հեղինակավոր դահլիճներում հնչեցնել ոչ պրոֆեսիոնալ երաժշտություն:
Այո, արգելել ոչ պրոֆեսիոնալների մուտքը մեծ բեմ, թեեւ նրանք մեր հայրենակիցներն
են: Այսինքն՝ վերականգնել ինքնագործ եւ պրոֆեսիոնալ արվեստների բաժանման սահմանը:
Ավելորդ եմ համարում խոսել հայաստանյան TV ներում տարվող երաժշտական քաղաքականության
մասին: Տարբեր առիթներով լինելով այս կամ այն TV-ում, գոնե ես չեմ հանդիպել երաժշտության
բնագավառի պրոֆեսիոնալ մասնագետի»: Երգչուհին հատկապես կարեւորեց ամենատարածված ինֆորմացիայի
աղբյուրների՝ հեռուստատեսություններում եւ ռադիոկայաններում այսօր աշխատող երիտասարդ
հաղորդավարների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացումը. «Շատ ժամանակ պարզապես
անմիտ հարցերով սպառում են եթերաժամը: Չէ՞ որ նույն այդ եթերները տարիներ շարունակ
հեռարձակվում են արտերկրում»: Խոսելով Երեւանի պետկոնսերվատորիայում վոկալի
իր դասարանի ուսանողների մասին, Ա. Մայիլյանը նկատեց, որ կյանքի այս մրցավազքում
իր բախտը բերել է. «Բարեբախտաբար, ունեմ ուսանողներ, որոնք իրենց գործին լուրջ են
վերաբերվում: Այս տարի սաներիս մասնակցությամբ կկազմակերպեմ ուխտագնացություն Հայաստանի
եկեղեցիներ: Սա միջոց է նրանց հայեցի դաստիարակելու համար ու, բնականաբար, այնտեղ
կհնչեն տաղեր ու շարականներ»: «Առավոտի» վերջին՝ «Այսօր ձեզ տեսնում ենք վոկալի տարբեր
ժանրերում՝ ռոքից մինչեւ դասական: Ո՞րն է երգչուհու՝ ձեր նախընտրած ժանրը» հարցին
Ա. Մայիլյանը պատասխանեց. «Ժանրային խտրականություն չունեմ: Երգում եմ ռոք, ջազ,
մի խոսքով՝ այն, ինչը հոգեհարազատ է ինձ: Իսկ ընդհանրապես, իմ՝ որպես երգչուհու դեմքը
հայ հոգեւոր, եվրոպական կամերային երաժշտությունն է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ