Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեածինը դո՛ւ ես»

Հունվար 19,2005 00:00

Համաժողովրդական պայքար ընդդեմ Էլիզաբեթ Ջոնսի Երեկ
կուսակցությունների երիտասարդական թեւերը, բուհերի ուսխորհուրդները եւ մի շարք երիտասարդական
հասարակական կազմակերպություններ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության
առնչությամբ բողոքի երթ էին նախաձեռնել: Սա մեր երկրում տեղի ունեցող բողոքի այն
ակցիաներից էր, որն ընդդիմության եւ իշխանության երիտասարդներին համախմբել էր մի
գաղափարի շուրջ, այն է. «Արցախին տալ ազատ ինքնորոշման իրավունք»: Ցուցարարներից
ամենաակտիվը դաշնակցական երիտասարդներն էին, որոնք երթի հենց սկզբնակետում էին փորձում
արտահայտել հայրենիքի նկատմամբ իրենց անսահման սերն ու նվիրվածությունը՝ երգելով
հայրենասիրական երգեր եւ ծածանելով Արցախի դրոշը: Ի նշան բողոքի, երիտասարդները տանում
էին ցուցապաստառներ, որտեղ գրված էր. «Ամոթ Էլիզաբեթ Ջոնսին»: Անգլերեն ամոթանքներ
եւս կային: Ակցիան տեւեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում դեսպանատան առաջ բարձրախոսով
ընթերցվեց բարձրաստիճան ամերիկուհու ելույթը դատապարտող պատասխան հայտարարություն:
Երիտասարդները Է. Ջոնսին հիշեցրին, որ «ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է՝ չխախտելով
միջազգային իրավունքի նորմերը, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, որը,
ի դեպ, 18-րդ դարի վերջին իրականացրել է նաեւ ԱՄՆ ժողովուրդը»: Իրենց ելույթում
երիտասարդները «տիկին Ջոնսին» խորհուրդ տվեցին «ղարաբաղյան հարցի շուրջ ավելի շատ
ընթերցել մասնագիտական գրականություն», քանի որ, նրանց կարծիքով, «ամերիկուհին լավատեղյակ
չէ հիմնահարցի սկզբնապատճառներին: Եթե ԱՄՆ կառավարությունը Արցախի ժողովրդին եւ իշխանություններին
համարում է քրեածին անջատողականներ, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ ժամանակին
էլ Բրիտանական կայսրության կողմից նման գնահատականների էին արժանացել Բենջամին Ֆրանկլինը,
Ջորջ Վաշինգթոնը եւ այլք»: Սկզբում երիտասարդները խնդրեցին, հետո պահանջեցին
դեսպանատնից ցույցը դիտող պատասխանատուներին դուրս գալ եւ հայտարարության տեքստը
վերցնել: Վերջիններիս պահանջը մի քանի րոպե անարձագանք թողնելուց հետո, ոստիկանների
ուղեկցությամբ փողոց դուրս եկավ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի
տնօրեն Քիմբեռլի Հարգան եւ կրկին շտապեց ներս: Հանրապետական, «համարյա ԱԺ
պատգամավոր» Արմեն Աշոտյանը մեջբերեց 2004թ. ԱՄՆ պետքարտուղարի զեկույցից մի հատված,
որում նշվել է Արցախում արձանագրված քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման
շատ հուսադրող տենդենցների մասին. «Նման իրարամերժ հայտարարություններ անելը նույն
երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բավականին տարակուսելի է»: Հետո Ա. Աշոտյանն
ինքն իրեն մխիթարեց. «Գուցե սա փորձնական գնդակ է՝ նետված հայ ժողովրդի մեջ, որ նպատակ
ունի պարզելու՝ արդյոք այն ժողովուրդը, որը 11 տարի առաջ հաղթանակ է տարել, այսօ՞ր
էլ է պատրաստ տեր կանգնել իր հաղթանակին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել