ԿԳ
նախարարը օրերս հրաման արձակեց, ըստ որի, դպրոցական ձմեռային արձակուրդները պետք
է երկարաձգվեն՝ գարնանայինի հաշվին: Ի դեպ, ձմեռային արձակուրդները երկարաձգվել են
նաեւ աշնանայինի հաշվին: Սա այն դեպքում, երբ տարեսկզբին բոլոր հանրակրթական
դպրոցները նախարարի հրամանով ստացել են ուսումնական պլան, որում հստակ նշված են գարնանային,
աշնանային եւ մյուս արձակուրդների օրերը: Եվ ըստ դրա էլ դպրոցները կազմել են իրենց
միջոցառումների եւ դասերի ժամանակացույցը: Աշնանային արձակուրդները տեղափոխելու մասին
որոշում կայացնելու ժամանակ ոլորտի պատասխանատուները բնավ չէին հիշում այն մասին,
որ կան նախանշված ուսումնական պլաններ, որոնց խախտումը կարող է ազդել ուսումնական
բնականոն ընթացքի վրա եւ գոնե կաթսայատուն ունեցող դպրոցների դեպքում անհատական մոտեցում
չցուցաբերեցին: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն այն ժամանակ
մեզ հայտնեց, որ արձակուրդները տեղափոխվում են, որովհետեւ «մենք չգիտենք, թե ձմռանն
ինչ համաճարակներ են մեզ սպասվում»: Հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա
Բասիլյանից տեղեկացանք, որ հանրապետությունում համաճարակի վտանգ առայժմ չկա, եւ նույնիսկ
հիվանդացության տվյալներն անցյալ տարվա համեմատ ավելի քիչ են: (Ըստ որոշ լուրերի,
կրթության վարչությունը դիմել է առողջապահության նախարարություն՝ արձակուրդները երկարաձգելու
համար լուրջ պատճառ փնտրելով, եւ ակնկալիքով, որ նախարարությունը համաճարակ կհայտարարի,
բայց ակնկալիքները չեն արդարացվել): «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրսածության
գործոնով պայմանավորված հիվանդությունները բացառենք, եւ դրա համար դպրոցներին հանձնարարված
է դասերն սկսելուց 2 օր առաջ արդեն սկսել դպրոցների ջեռուցումը»: Այսօր հանրապետությունում
փակ է հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը, եւ անգամ այն դպրոցները, որոնք հնարավորություն
ունեն նորմալ ջերմամատակարարում ապահովել՝ գերադասում են խնայողություն անել: Կրթության
վարչության պետն ասում է. «Դպրոցները պետք է միասնական ծրագիր իրականացնեն, իսկ շեղումները
բարդություններ կստեղծեն: Եթե գոնե դպրոցների կեսն ունենար կաթսայատուն… իսկ հիմա
միայն 18-ն ունեն, 5-ինն էլ դեռ շահագործման չի հանձնվել»: Մեր տեղեկություններով,
վարչության պետը խոստացել է պատժել այն դպրոցներին, ովքեր չեն ենթարկվի հրամանին:
Իսկ վարչության ենթակայության տակ գտնվող միակ դպրոցը թիվ 27-ն է, որ արդեն 2-րդ
անգամ չի ենթարկվում վերադասի հրամանին՝ պաշտպանելով երեխաների կրթության իրավունքը:
Դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանից իմացանք, որ պատիժ չի կիրառվել, ավելին, մեզ հետ
զրույցում պրն Վաթյանն ասաց, որ դպրոցն իրավունք է ստացել սկսել դասերը, քանի որ
այնտեղ նաեւ հատուկ՝ ներառական ծրագիր է իրականացվում: Սակայն տիկին Բախշյանն ասում
է, որ ինքը ո՛չ դիմել է վարչություն եւ ո՛չ էլ պաշտոնապես թույլտվություն է ստացել:
«Ինչո՞ւ մյուս հարցերում էլ միասնականությունը չի ապահովվում, ինչո՞ւ բոլորը չունեն
միասնական ձեռուցման համակարգ: Սա ահաբեկչություն է՝ կրթության նկատմամբ»,- այսպես
որակեց իրավիճակը տիկին Բախշյանը: ԿԳ նախարարության հանրակրթության վերահսկողության
բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից տեղեկացանք, որ այն դպրոցները, որոնք ջեռուցմամբ
ապահովված են, դիմել են մարզպետարաններ, քաղաքապետարան, եւ դասերը վերսկսելու թույլտվություն
են ստացել: ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող՝ Շիրակացու եւ ֆիզմաթ թեքումով
դպրոցները, որոնք լոկալ ջեռուցմամբ են ապահովված, եւս անցել են ուսման բնականոն ընթացքի:
Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ մայրաքաղաքի մեկուկես տասնյակից ավելի դպրոցներ խնայում
են իրենց կարողությունները: Եթե հաշվի առնենք, որ դրանք հիմնականում այն դպրոցներն
են, որոնք աշակերտի պակաս չեն զգում, եւ մեկ աշակերտի թվով ֆինանսավորվելու դեպքում
ֆինանսական դժվարություններ ջեռուցման հարցում չեն ունենա, ապա մնում է միայն եզրակացնել,
որ այդ դպրոցները պարզապես խնայողություն են անում՝ աշակերտների ուսման հաշվին: «Մարտի
վերջին եւ աշնանը հրաշալի կլիմա է, փոխանակ այդ օրերին դպրոցները փակելու, ավելի
լավ չէ՞ հիմա փակենք: Եվ հետո դպրոցներում հիմա կիսամյակային գնահատման համակարգ
է, եւ արձակուրդներն էլ կիսամյակային ենք դարձնում»,- բացատրությունները շարունակում
է Օ. Վաթյանը: Մինչդեռ, մասնագետները պնդում են, որ ուսման բավարար որակ ապահովելու
համար պետք է աշակերտները պարբերաբար հանգստանան, եւ, միեւնույն ժամանակ, երկար արձակուրդն
էլ իր վնասներն ունի: Պատկերացրեք՝ առաջին դասարանցիները, որ նոր-նոր են տառերը սովորել,
մեկ ամիս ընդմիջումից հետո նրանք կարող են ամեն ինչ մոռանալ: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ