Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔՍԵԼ

Հունվար 19,2005 00:00

Այս անգամ՝ Գլխավոր պողոտայի «տակ ընկած»
բնակիչներին Առաջին զոհերը Ամիրյան 4/26 երկհարկանի շենքի բնակիչներն են,
որոնք այսօրվանից պետք է սկսեն պայմանագրեր կնքել, թե չէ, Երեւանի կառուցապատման
ներդրումային ԾԻԳ-ի սպառնալիքով՝ «դատարանով կվտարենք»: Հաշվի առնելով Հյուսիսային
պողոտայի բնակիչների դատարանային մռայլ ոդիսականը, կարելի է ենթադրել, որ ԾԻԳ-ն իր
ասածը կանի: Բայց որեւէ մեկը չի կարող անկախ դատարանի վճիռը կանխատեսել, ավելին՝
վստահ լինել, որ այն կլինի իր ուզածով. դա խոսում է այն մասին, որ դատարաններն աշխատում
են վերեւի թելադրանքով: Վերադառնանք Գլխավոր պողոտային առնչվող մեր ստացած
առաջին բողոքին: «Մեր բակը գտնվում է փոքր կենտրոնի սրտում՝ Ամիրյան փողոցում: Անցյալ
տարվա օգոստոս ամսին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն ստորաբաժանումից
մեզ ներկայացրին առաջարկություններ, որոնք, ինչպես պարզվեց հետագայում, վերջնագրեր
էին: Կադաստրի աշխատողները գնահատել եւ մեզ առաջարկել են գումար, որով Երեւանի ծայրամասում
անգամ քիչ թե շատ բարվոք բնակարան հնարավոր չէ գտնել: Միջին հաշվով, 1 քմ-ն գնահատվել
է $350-400, որը հեռավոր եզր անգամ չունի միջին շուկայական արժեքի հետ: Գնահատման
ձեւից պարզ է դառնում, որ գնահատողները պատվեր են կատարել: Ասենք, մեծ բնակարաններն
ավելի ցածր են գնահատված, քան ավելի վատ վիճակում գտնվող եւ փոքր բնակարանները, տարբերությունը
1 քմ-ի համար երբեմն հասցնելով 50-60 դոլարի»,- «Առավոտին» ներկայացրին թիվ 26 շենքի
բնակիչները: Ընդհանուր դիտարկմամբ, Հյուսիսային պողոտայի պատմությունն այստեղ կրկնվում
է նույնությամբ: Օրինակ, բնակչին տրվող գումարի 10%-ը բռնագանձվում է որպես եկամտահարկ,
բնակիչներից ոմանք գործարքների մեջ են մտնում ԾԻԳ-ի եւ գնահատողների հետ, եթե ոչ՝
մնում են չնչին գումարով եւ այլն: 2002-ից սկսած, այս շենքում արգելվել է բնակարանի
հետ կապված որեւէ գործարք կատարել՝ գրանցում, սեփականաշնորհում, վաճառք: Դա հնարավորություն
է տվել առավելագույնս նվազեցնել գրանցվածների թիվը, որպեսզի այժմ՝ իրացման ժամանակ,
փոխհատուցման չափը մեծ չլինի: Ըստ կանոնակարգի, բնակարանում գրանցված եւ սեփականատեր
չհամարվող անձինք որպես փոխհատուցում պետք է ստանան $3500: «Մեր ընտանիքներում կողմնակի
գրանցվածներ գրեթե չկան, սակայն ընտանիքի բոլոր անդամներին, նույնիսկ 2-3 տարեկաններին
ԾԻԳ-ում ճանաչել են որպես համասեփականատերեր եւ զրկել փոխհատուցումից: Այսինքն, բոլորը
միասին պետք է ստանան միայն բնակարանի գնահատված արժեքը»,- պարզաբանեցին մեր բողոքարկուները:
Հետաքրքիր է մի հանգամանք. դեռեւս Հյուսիսային պողոտայի շուրջ բարձրացած աղմուկի
ժամանակ նախագահ Քոչարյանի միջամտությամբ առաջարկությունների մեջ մտցվեց կետ, ըստ
որի, տարածքի գնորդը կարող է առաջարկված գինը բարձրացնել 15%-ով: Նպատակն այն էր,
որ թեթեւանա 10% եկամտահարկ վճարելու պատճառով կրած վնասը: Այս դեպքում Ամիրյան 4/26-ի
բնակիչներին տարածքի գնորդը՝ «Գրիար» ՓԲԸ-ն, առաջարկել է ընդամենը 3% եւ հորդորել՝
«գնացեք, կնքեք պայմանագրերը, որ խրախուսանքից չզրկվեք»: Մի հանգամանք էլ կա՝ Հյուսիսային
պողոտայի այն բնակիչները, որոնք համառորեն մնացին իրենց բնակարաններում մինչեւ վերջ
եւ չշտապեցին պայմանագրեր կնքել ԾԻԳ-ի առաջարկած գումարով, բավականին շահեցին. նրանք
ստացան անհամեմատ բարձր գումար, քան սկզբում պայմանագիր կնքածները: Այս փորձն աչքի
առաջ ունենալով, բնակիչները մտադիր են կրկին գնահատման տալ իրենց բնակարանները, որպեսզի
հասնեն ողջամիտ գնի: Դատարանի օգնությանը բնակիչները չեն պատրաստվում դիմել՝ գոնե
առայժմ: Իսկ մինչ այս, տարբեր ատյաններին ուղարկած բողոքները պտտվելով հասել
են ԾԻԳ, որտեղից էլ բնակիչներին է ուղարկվել նույն ստանդարտ պատասխանը՝ «Կնքեք պայմանագրերը,
թե չէ բռնի ուժով կվտարվեք բնակարաններից եւ կզրկվեք խրախուսական գումարից»: Վերջինս,
ի դեպ, կազմում է գնահատված գումարի 65%-ը: «Մենք քաղաքի վերակառուցման ծրագիրը բոյկոտել
չենք ուզում, բայց թող արդարացի մոտենան մեր խնդրին: Մենք սերնդե սերունդ ապրել ենք
Կենտրոնում, իսկ հիմա նույնիսկ ծայրամասերի բնակիչ դառնալ չենք կարող»,- բնակիչների
այս բողոքը լիովին արդարացված է: Թե ինչ կլինի հետո՝ դժվար չէ կանխատեսել:
ԾԻԳ-ից հեշտությամբ փող պոկելը անհնար է, ուստի ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի սպասվում
է ցուցարարների համալրում՝ քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի մոտ: Ասենք նաեւ,
որ մեր հիշատակած տարածքում իրացման ենթակա շենքերով շրջափակված 5-6 բակեր կան: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել