ՄՈՍԿՎԱՆ
ԴԺԳՈՀՈՒՄ Է «Հայ զինվորներին ուղարկեցին Իրաք: Երեւանը փոխում
է արտաքին քաղաքական կուրսը»՝ այս խորագրի ներքո է «Նեզավիսիմայա գազետան» երեկ անդրադարձել
Իրաք՝ հայկական դասակի գործուղմանը: «ՆԳ»-ն նշում է, թե այս համաձայնության մասին
անմիջապես հաղորդեցին արաբական մի քանի հեղինակավոր հեռուստաալիքներ, որից հետո Մերձավոր
եւ Միջին Արեւելքի հայկական համայնքները սկսեցին ճնշում զգալ ե՛ւ արաբական բնակչության,
ե՛ւ իշխանությունների կողմից: «Նեզավիսիմայա գազետան» մեկնաբանություններ
է խնդրել Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից, որը մասնավորապես
նշել է, թե արաբական երկրների գործերին միջամտելը համարում են անթույլատրելի. «Մենք
տեղեկություններ ունենք, որ արդեն այսօր արաբական երկրներում, հատկապես՝ Իրաքում,
Լիբանանում, Սիրիայում եւ Արաբական Էմիրություններում, բարձրացել է հակահայկական
տրամադրությունների ալիք: Ավելի՛ն, մենք չենք բացառում, որ հայկական ղեկավարության
որոշումից հետո ողբերգական հետեւանքներ կլինեն նաեւ մեր երկրի համար»: Արամ
Սարգսյանը «ՆԳ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրաք զորախումբ ուղարկելու
որոշումը փորձ է՝ ցուցադրելու, որ պաշտոնական Երեւանը մտադիր է լուրջ սրբագրումներ
կատարել իր արտաքին քաղաքականության մեջ: Ըստ թերթի՝ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ
երկու երկրների հարաբերությունների վրա: Չնայած Մոսկվան արդեն մեկ անգամ չէ, որ օգտագործել
է իր ազդեցությունը, որպեսզի Կովկասում իր ռազմավարական դաշնակիցը չափազանց մեծ ինքնուրույնություն
հանդես չբերի: Հայաստանի ղեկավարությունը խորհրդատվություններ չի անցկացրել նաեւ
Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների հետ»: Այս մեկնաբանությանը հավելված
է, թե Արամ Սարգսյանը շեշտադրել է, որ այս ամենի առնչությամբ «մենք սուր քննադատության
ենք ենթարկել իշխանության դիրքորոշումը»: Սեփ. լր.Հ.
Գ. ՀԴԿ նախագահի առավել ծավալուն մեկնաբանությունները՝ «Առավոտի» վաղվա համարում: