Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎԱԾ

Հունվար 18,2005 00:00

«ՍՈՎԱԾ ԿՄԵՌՆԵՄ՝ ՔԱՐՏ ՉԵՄ ՍՏԱՆԱ» Երեկ «անհատական» քարտերի շուրջ «Նոր Հայաստան» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում մի խումբ թոշակառու հավատացյալներ այսպիսի սպառնալիքներ «տեղացին» քննարկմանը ներկա ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի եւ բացակա իշխանավորների գլխին: Դիմադրող թոշակառուներն իրենց եկամտի միակ աղբյուրը հանդիսացող թոշակից հրապարակավ հրաժարվեցին, քանի որ համոզված էին, որ «պարտադրվող սոցքարտերը հոգեկործան նշանակություն ունեն»: ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը ներկաներին պարբերաբար կոչ էր անում հանդարտվել եւ հիշեցնում էր «կլոր սեղանի» բուն նպատակը»: Վերջինիս ներկայացմամբ, իրենք իշխանություններին առաջարկում են «սոցքարտում ներառել միայն սոցիալական բնույթի տվյալներ եւ հնարավորինս հստակեցնել, թե ինչպես եւ ով է կազմակերպում ու, որ ամենակարեւորն է, ապահովում տվյալների գաղտնիությունը»: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանն էլ, թեեւ ներկաներին հավաստիացրեց, որ ինքը միջոցառմանը հանդես չի գալիս որպես «կառավարության ներկայացուցիչ», սակայն իր մասնակցությունն այսպես արդարացրեց. «Սոցիալական քարտի մասին» օրենքում փոփոխություններ անելու մեր վարչության առաջարկությունները մինչ օրս ոչ մերժողական, ոչ էլ դրական պատասխան չեն ստացել, այդ պատճառով համաձայնել ենք օրենքում առկա հակասություններն այստեղ եւս մեկ անգամ հնչեցնել եւ պատասխան ակնկալել»: ՀԿ նախագահի տվյալներով, սոցքարտերի համակարգը ներդնելու համար պետբյուջեից արդեն ծախսվել է 450 հազար դոլար: Ի դեպ, ներկաները հավաստեցին, որ սոցքարտերն արդեն պարտադրվում են նաեւ Արցախում. «Այնտեղ ոչ թե սպառնում են աշխատավարձ չտալ, այլ պարզապես աշխատանքից հեռացնել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել