«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՀԱՆԴԻՊԻ «ՆԵՖՏՉԻԻ» ՀԵՏ Երեկ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության Գավաթի» խաղարկության խմբային մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյի» հետ: Այդ խաղը երկու թիմերի համար էլ անչափ կարեւոր նշանակություն ուներ, քանի որ որոշվելու էր, թե «C» խմբից ով է պայքարը շարունակելու քառորդ եզրափակիչում: Երկու թիմերն էլ մեկնարկային հանդիպումում պարտության էին մատնել Տաջիկստանի «Ռեգար-Տադազին», սակայն հայաստանցիները մրցակցի դարպասը գրավել էին հինգ անգամ՝ բաց թողնելով ընդամենը մեկ գոլ, իսկ լիտվացիները հաջողության հասել էին չորս անգամ, նույնպես մեկ գնդակ ընդունելով: Այնպես որ, Հայաստանի չեմպիոնին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Պետք է ենթադրել, որ խաղն անցավ անզիջում պայքարում: Սակայն հիմնական իրադարձությունները ծավալվեցին հանդիպման միջնամասում: 43-րդ րոպեին Ալեքսանդր Պետրոսյանն առաջ մղեց իր թիմին: Սակայն հաջորդ իսկ րոպեին Միխայիլ Զեմլինսկին վերականգնեց հավասարակշռությունը: Չանցած մեկ րոպե, Մամադու Դիավարան հաշիվը դարձրեց 2:1: Ու թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսի 13-րդ րոպեին հաջողությունը կրկին ժպտաց «Սկոնտոյին». աչքի ընկավ Օրեստա Բույտկուսը՝ 2:2: Դրանից հետո, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց: Իսկ դա նշանակում էր, որ խփած եւ բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցությունով «Համագործակցության Գավաթի» խաղարկության հաջորդ փուլ անցավ «Փյունիկը»: «C» խմբի ամփոփիչ մրցաշարային աղյուսակ 1. Փյունիկ 2 1 1 0 7-3 4 2. Սկոնտո 2 1 1 0 6-3 4 3. Ռեգար-Տադազ 2 0 0 2 2-9 0 Քառորդ եզրափակիչում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը լինելու է «D» խմբի հաղթող Բաքվի «Նեֆտչին»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ