15 տարի անց՝ Բաքվի ջարդերից հետո Երեկ «Քաղաքացիական նախաձեռնություն հանուն արդարության եւ հանդուրժողականության» հասարակական կազմակերպությունների միությունը անդրադարձավ 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին: Միության համակարգող Սվետլանա Ասլանյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի դեկտեմբերի 3-ին ԱԺ նախագահին առընթեր փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստի արդյունքում է ստեղծվել հ/կ-ների այս միությունը: Կազմակերպության մեջ են մտնում փախստականների խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ՝ «Ահազանգ», «Փրկված մասունքներ», «Քարավան-88», «Ներուժ», «Հայաստանը մեր տունն է»: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ 1990թ. հունվարին Բաքվի ջարդերի անմիջական ականատեսները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ջարդերն ընթացան տոտալիտար ժամանակաշրջանում, երբ կարծես ոչինչ չէր կարող տեղի ունենալ առանց կենտրոնի թույլտվության եւ չէր կարող որեւէ բան մնալ անպատիժ: Նա հիշեցրեց, որ որեւէ մեկը մինչ օրս չի պատժվել Բաքվի ջարդերի համար: ՀՀ օմբուդսմենը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում մինչ օրս չկա այդ դեպքերն արտացոլող վիճակագրություն, այն դեպքում, երբ մենք ունենք հստակ վիճակագրություն, օրինակ, 1806թ. տեղի ունեցած նույնաձեռագիր ջարդերի մասին: Օմբուդսմենը կոչ արեց Բաքվի հայությանը՝ տեր կանգնել իրենց իրավունքներին: Նա նկատեց, որ պետք են «որակական փոփոխություններ այս հարցում»: Ազգային փոքրամասնությունների հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր հետ բերել էր բազմաթիվ գրքեր, երբ Արեւմտյան Ադրբեջանը հարեւան գիտնականները դիտել են որպես Հայաստանի մի մաս: «Մեր պատերազմը դուրս է եկել ֆիզիկական բնաջնջումի սահմաններից եւ հարկավոր է քարոզչական աշխատանքը շարունակել»,- ասաց նա: Բաքվի ջարդերի ականատես Օսաննա Սիմոնյանը պատմեց այն արհավիրքների մասին, որոնք իրենք ապրել են տեղահանությունից հետո եւ ցանկություն հայտնեց, որ իրենք զգան պետական պաշտպանությունը՝ իբրեւ լիարժեք քաղաքացիներ: «Քարավան-88»-ի ներկայացուցիչ Զոյա Ջուլհակյանից հետաքրքրվեցինք, թե անցյալ տարի կազմակերպությունը փախստականներից որքան բողոքներ է ստացել: Նա տեղեկացրեց, որ իրենց է դիմել 12 ընտանիք Էջմիածնի Ոսկեհատ գյուղից, որոնք նորվեգական կառավարության կողմից կառուցվող շենքերի ծրագրից դուրս էին մնացել եւ բնակվում են հանրակացարանում՝ շատ վատ պայմաններում: Հայ բնակչության թիվը Բաքվում 80-ականների վերջում կազմել է ավելի քան 250 հազար մարդ, քաղաքի կենտրոնի նկարագիր ձեւավորել են հայազգի ճարտարապետներ Միքայել Տեր-Միքայելովը, Վարդան Սարկիսովը: Վեջինիս կառուցած շենքում, որտեղ տեղավորվել էր Գրողների միությունը, 1990-ի ջարդերի ընթացքում ժամանակավոր ապաստան է ծառայել հայերի համար: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենալու հանրահավաք՝ նվիրված Բաքվի զոհերի հիշատակին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ