Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ

Հունվար 18,2005 00:00

ՄԵՐՈՆՔ ԳՆԱՑԻՆ ԻՐԱՔ Երեկ Հայաստանի պաշտպանության ուժերի ոչ մարտական միավորումը մեկնեց Քուվեյթ՝ միանալու միջազգային հակաահաբեկչական կոալիցիային: Վաղ առավոտից օդակայանում էին հավաքվել մեկնող զինվորներն ու նրանց հարազատները: Հրաժեշտի տխուր արարողություն էր, որը զինվորները փորձում էին հայավարի ուրախ դարձնել: Զինվորական նվագախումբը պարեղանակ էր նվագում, մեկնողները պարում էին՝ մեկն իր փոքրիկ տղային, մյուսը՝ հորը գրկած: Մերոնք պետք է մեկնեին ամերիկյան զինվորական ինքնաթիռով, որը եկավ նախատեսվածից մոտ երկու ժամ ուշացումով: Հրաժեշտի արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Իրաք մեկնող զինվորներին վստահեցրեց, որ իրենց մեկնումով վերջիններս անգնահատելի ծառայություն են մատուցում ոչ միայն Իրաքի ժողովրդին, այլեւ հարազատ ժողովրդին: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը իր հերթին վստահեցրեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք, ըստ դեսպանի՝ բավականին լավ են, այսուհետ ավելի կսերտանան, հատկապես՝ անվտանգության հարցերում: Իրաք մեկնեցին 46 զինվորական կամավորներ, որոնցից 30-ը՝ վարորդ, 10-ը՝ սակրավոր, 3-ը՝ բժիշկ եւ 3 հրամանատար: Նրանք 15 օր Քուվեյթում վերապատրաստվելուց հետո կմեկնեն Իրաք, մի մասը՝ Քարբալա, մյուսները՝ Ալ Հիլլա եւ Ալ Դիվանիա: Կամավորների կյանքն ապահովագրված է 10 հազարական դոլարով, իսկ աշխատավարձը կկազմի 1000 դոլար, բացի հայրենիքում իրենց աշխատավարձից: Գումարները վճարվելու են բյուջետային միջոցներից: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր հրաժեշտի խոսքում ասաց. «Մեր առաքելությունը նվիրված է մարդկային կյանքեր փրկելու գործին: Հայ ժողովուրդն իր օրհասական պահերին բազմիցս տեսել է միջազգային հանրության օգնությունը: Այսօր մեր հերթն է ձեռք մեկնել պատերազմի կործանիչ արհավիրքի մեջ հայտնված իրաքցի ժողովրդին: Բոլորիս երազանքն է, իհարկե, որ աշխարհի ոչ մի անկյունում նման առաքելությունների անհրաժեշտություն չլինի»: Նախարարը վստահություն հայտնեց, որ զինվորները պատվով կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ «ամիսներ անց կվերադառնաք հայրենիք»: Իր հորը ճանապարհող մի տասնամյա տղա տղամարդավարի թաքցնելով արցունքները՝ լուռ լաց էր լինում: Ամուսնուն ճանապարհող մի երիտասարդ կին նախարարից ապահովության երաշխիքների մասին խոսք էր ուզում լսել, մեկնողները հուզմունքը խեղդելով՝ խոսում էին այն մասին, որ իրենք կամավորներ են եւ գիտակցում են իրենց առաքելության կարեւորությունը երկրի եւ պետության առաջ: Ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Անցած տարվա դեկտեմբերի 24-ին Իրաք՝ հայկական զորամիավորում ուղարկելուն կողմ քվեարկած պատգամավորներից ոչ ոք (երկու բացառությամբ) չէր բարեհաճել գալ օդակայան եւ զինվորներին բարի ճանապարհ մաղթել: Պաշտպանության նախարարն ու ամերիկյան դեսպանը հայ կամավորականների հետ նկարվելու փոխարեն նկարվեցին «Հերկուլես» ռազմական ինքնաթիռով ժամանած եւ հայ կամավորականներին Իրաք ուղեկցող ամերիկացի զինվորականների հետ: Կամավորականներին օդակայանում օրհնեցին նաեւ հոգեւոր հայրերը: Վերջիններս հավաստիացրեցին, որ տղաներն անփորձանք կվերադառնան. «Մենք հավատում ենք Արարչի նախախնամությանը եւ վստահ ենք, որ Արարիչը, մեր տերը՝ Հիսուս Քրիստոսը, պետք է իր նախախնամության ներքո պահի հայ զինվորներին, որովհետեւ, թեպետ օտարի հողում, պաշտպանելու են նաեւ մեր ժողովրդին, Սփյուռքի մնացորդները, մեր եկեղեցիները, մեր սրբությունները: Եվ եթե սրբություններ են պաշտպանում, ուրեմն Աստված իրենց հետ է»,- ասաց հայր Նորայրը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել