«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ Է Վստահեցնում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Պարոն Դեմիրճյան, այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում ընդդիմադիր նոր ֆորմատի ձեւավորման մասին, որքանո՞վ է դա իրական եւ ի՞նչ խնդիրներ է լուծելու այդ նոր ձեւաչափը: – Հարցը պետք է ուղղել այն ուժերին, որոնք, ձեր ասելով, ավելի ու ավելի հաճախ են խոսում նոր ֆորմատների մասին: Իսկ ընդհանրապես, դաշինքում նորմալ աշխատանքային մթնոլորտ է: «Արդարությունը» գործել եւ գործելու է, եւ մենք այսօր ձգտում ենք ավելի արդյունավետ դարձնել «Արդարության» գործունեությունը: Ուզում եմ շեշտել, որ կոռեկտ չէ, լինելով մի ֆորմատի, մի դաշինքի մեջ, անընդհատ խոսել նոր ֆորմատի մասին: Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ՝ առանց նոր ձեւաչափեր ստեղծելու: Առհասարակ, դաշինքներ ստեղծվում են ընտրությունների ժամանակ: Այլ խնդիր է համագործակցությունը կոնկրետ նպատակների եւ գործողությունների շուրջ: – Այնուամենայնիվ, նույն «Արդարություն» դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն ժխտում, որ նոր ձեւաչափի ստեղծման շուրջ բանակցություններ են ընթանում: Ստացվում է, որ որոշ քաղաքական ուժեր կարող են առանձնանալ դաշինքից եւ դառնալ մեկ այլ միավորման անդամ: Ի՞նչ կլինի այս դեպքում: – Դուք, ըստ էության, հարցնում եք գոյություն չունեցող բանի մասին: Դաշինքում լինելը չի կաշկանդում դաշինքում ընդգրկված առանձին քաղաքական կուսակցությունների համագործակցել ուրիշ քաղաքական ուժերի հետ: Միեւնույն ժամանակ, եթե դաշինքում ես, ապա պետք է գործել դաշինքի սկզբունքներին համապատասխան: Ես խնդրում եմ, ինձ ընդհանրապես ազատեք այս ֆորմատային անպտուղ խոսակցություններից, իմ տեսակետը հստակ է՝ ես որեւէ մեկին ուժով չեմ պահում: Կարծում եմ, պետք է հարգել ժողովրդի քվեն եւ ամրապնդել «Արդարություն» դաշինքը, որն ի վիճակի է լուծել իր առջեւ դրված խնդիրները եւ ոչ թե զբաղվել ֆորմատների մասին անպտուղ խոսակցություններ վարելով: – «Արդարություն» խմբակցությունը արդյոք մասնակցելո՞ւ է ԱԺ գարնանային նստաշրջանին: Հնարավո՞ր է, որ խմբակցությունը որոշի վայր դնել մանդատները: – Մեր դաշինքի հարցադրումներն ու նպատակները նույնն են եւ չեն փոխվել, սկսած վստահության հանրաքվեից, վերջացրած՝ կեղծիքներ եւ ապօրինություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջից: Մենք մասնակցեցինք ԱԺ նիստին, որի ընթացքում քննարկվեց Իրաք հայկական զորախումբ ուղարկելու հարցը, նաեւ՝ ստորագրեցինք ավանդների հարցն ԱԺ օրակարգում քննարկելու օգտին, սակայն պետք չէ սրանից եզրակացություն անել, թե մենք դադարեցրել ենք բոյկոտը: Մենք միշտ էլ նշել ենք, որ կարեւորագույն հարցերի վերաբերյալ արտահայտելու ենք մեր տեսակետները եւ չենք բացառել նաեւ առանձին հարցերի քննարկումներին մեր մասնակցությունը: Ինչ վերաբերում է մանդատներին. «Արդարությունը» ստացել է ժողովրդի քվեն, եւ եթե ընտրությունները չկեղծվեին, շատ ավելի մեծ կազմով ներկայացված կլիներ ԱԺ-ում, իսկ մանդատները պետք է վայր դնեն նրանք, ովքեր ապօրինություններով եւ կեղծիքներով են դրանք ձեռք բերել, խոսքը միայն պատգամավորներին չի վերաբերում: – Ինչպե՞ս եք մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնից Ալբերտ Բազեյանի հրաժարականը: Մամուլում տեսակետ հնչեց, որ ձեր դաշնակից «Հանրապետությունը» մարտին կայանալիք իր համագումարում որոշում կկայացնի դուրս գալ դաշինքից: – Ձեր հարցի վերջին մասի կապակցությամբ ասեմ, որ դրանք պարզապես անհիմն խոսակցություններ են: Ինչ վերաբերում է Ալբերտ Բազեյանին, ապա կոռեկտ չեմ համարում մեկնաբանել ուրիշ կուսակցությունում տեղի ունեցող գործընթացները: Կարող եմ միայն ասել, որ Ալբերտ Բազեյանի հետ մենք մարդկային եւ աշխատանքային լավ հարաբերություններ ունենք, եւ ես հարգում եմ նրան՝ որպես պարկեշտ եւ սկզբունքային անձնավորություն: – Արդյոք «Արդարությունը» պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքական գործողությունների: Դաշինքի առաջիկա նիստում ի՞նչ հարցեր եք պատրաստվում քննարկել: – «Արդարությունը» շարունակելու է ակտիվ քաղաքական գործունեությունը, որի մեջ ներառվելու են թե մեր տեսակետների ներկայացումը հասարակությանը, թե կենդանի շփումները հանրության հետ: Կարծում եմ, այսօրվա նիստում, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, դաշինքը կձեւավորի ընդհանրական մոտեցում: – Ըստ որոշ վերլուծաբանների, եթե Հայաստանի ընդդիմությունը ժամանակին հստակեցներ իր դիրքորոշումը դեպի Արեւմուտք, ապա այսօր կլիներ նույն վիճակում, ինչպես եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում: – Ցավոք, չափից ավելի շատ են պարզունակ եւ արհեստական վերլուծությունները, իմաստ չեմ տեսնում նորից անդրադառնալ այդ ամենին, ուղղակի կասեմ, որ մեր քայլերի տրամաբանությունը բխել է մեր իրականությունից: Մենք ապավինել եւ ապավինելու ենք մեր ժողովրդին, մեր քաղաքականությունը բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից: Պարզապես մի տեղ հաջողությունը կարող է մի քիչ ավելի շուտ գալ, մի ուրիշ տեղ՝ ավելի ուշ: Նույն Ուկրաինայում էլ անմիջապես չի եղել: Բայց կարեւորը հետեւողականությունն է, որը կա «Արդարություն» դաշինքում: Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հաղթանակելու է Հայաստանում: Դա պարզապես անխուսափելի է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա լինի հնարավորինս արագ: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ