ԹԵԹԵՎ ՑՈՒՆԱՄԻ Առայժմ կառավարությունում փոխվել են միայն երկրորդական պաշտոնյաները, բայց առջեւում կառուցվածքային փոփոխություններն են: Եթե ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականը սկսեց կենսաթոշակային հիմնադրամի գործունեությունից բողոքելով եւ հարկային պետական ծառայությանն ու մաքսային պետական կոմիտեին առանձնահատուկ հանձնարարականներ տալով, ապա ՀՀ կառավարությունն իր նոր տարին սկսեց կադրային փոփոխություններով: Դրանք հիմնականում վերաբերում էին առանձին գերատեսչությունների երկրորդ էշելոնին՝ փոխնախարարներ, խորհրդականներ: Ասել, թե մինչ այս աշխատանքից ազատված մարդիկ են որոշել կառավարության կամ իրենց նախարարությունների վարած քաղաքականությունը՝ ճիշտ չի լինի: Ասել, թե նրանք պրոֆեսիոնալներ չեն եղել՝ կնշանակի կասկածի տակ առնել ժամանակին նրանց նշանակումներն այդ պաշտոններում: ՀՀ վարչապետն առայժմ որեւէ պարզաբանում չի տվել՝ արդյոք նրանք պաշտոնանկ են արվել կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի համատեքստո՞ւմ, թե՞ պարզապես վատ էին աշխատում: Այս իմաստով շշուկներ կան միայն արդարադատության փոխնախարար եւ ԴԱՀԿ ղեկավար Անատոլի Ավագյանին փոխնախարարի պաշտոնից ազատելու շուրջ: (Պաշտոնական բացատրությունն այն է, որ այդ երկու պաշտոնները չի կարելի համատեղել)։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա պաշտոնանկության իրական պատճառը պայմանավորված է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից կատարված ստուգումների եւ ի հայտ բերված ինչ-ինչ չարաշահումների հետ: Բայց փաստը մնում է փաստ, որ Ա. Ավագյանի գրպանին (այսինքն՝ ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնին) ոչ ոք, ըստ էության, առանձնապես չի կպչել: Կադրային փոփոխությունների ամենապարզունակ բացատրությունն է՝ իշխանական օղակներում ոմանց հարազատ-բարեկամներին պետք էր աշխատանքի տեղավորել: Որպես ավելի ծանրակշիռ պատճառ մատնանշվում է, ասենք, փոխնախարարների պաշտոնների համար սահմանված կաշառքի «տաքսան» բարձրացնելու ցանկությունը եւ այլն: Այդուհանդերձ, այսօր շատերն են կանխատեսում, որ գործադիրում նոր կադրային փոփոխությունները, ընդ որում՝ ավելի բարձր պաշտոններում, ինչպես քաղաքապետինն է, որի գործունեությամբ դարձյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն է լրջորեն զբաղվում, դեռ առջեւում են: Չեն դադարում խոսակցությունները նաեւ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Դրանցից ամենառեալը, ըստ մեր աղբյուրների, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ու հարկային պետական ծառայության միավորմանն է վերաբերում: Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը վերջերս ՀՀ կառավարությանն է ներկայացրել մի եզրակացություն, որով ավելի նպատակահարմար է համարվել հենց այս գերատեսչությունների միավորումը: Իհարկե, սա ՀԲ-ի խորհուրդն է մեր գործադիրին եւ այն նոր կառուցվածքային բարեփոխումների համար հատկացվող գումար չի նախատեսում, ինչպես նախկինում էր լինում: Իսկ ի՞նչ են կարծում այս ամենի մասին իշխանական կոալիցիայից դուրս գործող քաղաքական ուժերը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ նախկինում պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը հարցնում է՝ «էս երկրում ե՞րբ կա կառավարություն, որ կատարված փոփոխություններն էլ ավելի արդյունավետ դարձնեն նրա գործունեությունը»: Նրա դիտարկմամբ, այդ փոփոխությունները նոր մարդկանց տեղավորելու խնդիր են լուծում, իսկ համակարգային իմաստով ոչինչ չի փոխվի: Նա միայն նշանակալից համարեց անցյալ տարի ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանի փոփոխությունը՝ նկատելով, որ երեւի նրան էլ արդեն չէին վստահում: Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության, մաքսային եւ հարկային գերատեսչությունների հնարավոր միավորմանը, ապա, նրա կարծիքով, դրանք ավելի օպերատիվ եւ արդյունավետ կարող են աշխատել՝ լինելով առանձին մարմիններ: ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի կարծիքով՝~ «Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, բազմիցս են եղել չպատճառաբանված կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ: Փորձը ցույց է տալիս, որ դրանք ընդամենը արվում են որոշ մարդկանց հավակնությունները բավարարելու համար: Ինչո՞ւ հատկապես այս պահին. ըստ երեւույթին, ակտիվ գործունեություն ծավալելու, կոռուպցիայի դեմ պայքարելու իմիտացիա ստեղծելու համար»: ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, թե ինքը կողջունի, եթե կատարված փոփոխությունների նպատակը ավելի պրագմատիկ պրոֆեսիոնալների, երիտասարդ մասնագետների ներգրավումը լինի գործադիր օղակներում: Նա հույս հայտնեց, որ այդ դեպքում գուցե կառավարության գործունեության արդյունավետությունն էլ կբարձրանա: Հնարավոր կառուցվածքային փոփոխություններին անդրադառնալով՝ պատգամավորն ասաց. «Ես գտնում եմ, որ սուպերնախարարությունների գաղափարն այնքան էլ ճիշտ չէ»: Նրա դիտարկմամբ, այդ դեպքում փող հավաքողն ու ծախսողը (այսինքն՝ ֆինանսական եւ հարկային գերատեսչությունները) նույն օղակն է լինելու, մինչդեռ ավելի արդյունավետ է, երբ դրանք առանձին են գործում եւ, ըստ էության, նաեւ պահանջատեր են մեկը մյուսի նկատմամբ: Դա ճիշտ է նաեւ տնտեսության միտումների մասին տարբեր աղբյուրներից օպերատիվ եւ ճիշտ տեղեկություն ստանալու տեսանկյունից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ