Լրահոս
Օրվա լրահոսը

«Դո»-ն «ռե»-ից չի տարբերում»

Հունվար 18,2005 00:00

Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի տնօրենին
աշխատանքից ազատել են բակը չգեղեցկացնելու համար: Փոխարենը նշանակվեց բիզնեսմեն:
Մի քանի օր է Գյումրիում շարունակվում է հիշյալ դպրոցի աշխատակազմի բողոքի
ակցիան՝ ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի: Հունվարի 13-ին քաղաքապետի հրամանով, «առանց
նախազգուշացման» աշխատանքից ազատվել է Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն
Վարդգես Ադամյանը: Փոխարենը տնօրեն նշանակվել է երգահան Սուրեն Կնյազյանը: Դպրոցի
ուսուցիչների բնութագրելով, վերջինս իրենց բնագավառի հետ առնչություն չունի, «դո»-ն
«ռե»-ից չի տարբերում, Բեթհովենի անունն էլ լսած չկա, ավելին՝ հայտնի բիզնեսմեն է
ու քաղաքապետի մերձավորը»: «Դա նույնն է, եթե ֆուտբոլի մարզիչ նշանակես շախմատիստին»,
ասում էր նրանցից մեկը: Սակայն «սեւ գործը» պարզաբանելու բարդ պատասխանատվությունը
իր վրա վերցրեց ոչ թե Գյումրիի քաղաքապետը կամ մշակույթի բաժնի պետը (ի դեպ, արդեն
2-րդ ամիսն է՝ այս պաշտոնը եւս թափուր է, Աշոտ Մկրտչյանին եւս ազատել են աշխատանքից),
այլեւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը: Վերջինս տեղական հեռուստաալիքներով հայտարարեց,
որ տնօրենի աշխատանքում նկատվել են լուրջ բացթողումներ ու որպես այդպիսին՝ մատնանշեց
բակը չգեղեցկացնելը, քաղաքապետարան այցելած հանձնախմբին էլ «գեղագիտական հաճույք»
չպատճառելը: Փոխքաղաքապետի այս «մասնագիտական» բացատրությունը նոր թափ հաղորդեց երաժիշտների
կրքերին: Երաժշտական դպրոցը «փրկելու» նպատակով շաբաթ օրը կոլեկտիվը նախկին տնօրենի
հետ համատեղ մամուլի ասուլիս էր հրավիրել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ասուլիսի
հենց սկզբում աշխատանքից ազատված Վարդգես Ադամյանը ձեռ առավ, թե «նա, ով կարծում
է՝ ձմռանը դպրոցի բակում պետք է աճեցվեն ձմեռային վարդեր ու մեխակներ, իսկ դպրոցի
մուտքի մոտ կանգնած լինի երգչախումբը ու բոլորին երգերով դիմավորի՝ վարդեր բերեմ
պարտեզից կամ մեխակներս ու՞մ նվիրեմ, չարաչար սխալվում է»: Սակայն նախկին տնօրենը
միաժամանակ հայտարարեց, որ ինքը «չի զարմանում, չի դժգոհում, չի բողոքում», որովհետեւ
այն մեծ պաշտոն չէ եւ ինքը ամենեւին էլ ցանկություն չունի «կառչած» մնալ դրան: Նա
նաեւ տեղեկացրեց, որ մտադրված է մեկնել ՌԴ, քանի որ տնօրեն աշխատելու համար իր տվյալները
քաղաքապետարանի պահանջներին չի համապատասխանում. քաղաքում ոչ բիզնես ունի, ոչ շքեղ
ավտոմեքենա, ոչ էլ բնակարան, այլ ընդամենը ունի անօթեւանի կարգավիճակ: Իսկ կոլեկտիվի
անդամները երեկ բողոքով եկան քաղաքապետարան՝ պահանջելով կասեցնել «անարդար» որոշումը:
Սակայն փոշմանած հետ դարձան, քանի որ քաղաքապետը «ընդունեց, համոզեց ու ճանապարհեց»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել