Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՆՔՈՎ

Հունվար 18,2005 00:00

«Ժամանակների
հյուսվածք» կոչվող իր մոդելները, ի թիվս այլ հավաքածուների, հունվարի 21-ին «Բարսելոնա»
ռեստորանային համալիրում կներկայացնի մոդելյոր-դիզայներ Միքայել Դանիելյանը: Նրան
Փարիզում անվանել են ռուսական Գալիանի: Երիտասարդ արվեստագետը իր աշխատանքներով հասցրել
է ներկայանալ ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային այնպիսի հեղինակավոր պոդիումներում,
ինչպիսիք են Սոչիի ամենամյա «Եվրոպայի հույսեր», Սլավոնական մշակութային օրերը Փարիզում
մրցույթ-փառատոները, որտեղ արժանացել է ամենաբարձր մրցանակների: Իսկ վերջերս նրա՝
փարաջանովյան մոտիվներով ստեղծված «Նռան գույնը» հավաքածուն Ռուսաստանում արժանացել
է Գրան պրիի: Մոդելյոր-դիզայները տեղեկացրեց, որ համագործակցելու հրավերներ է ստացել
Փարիզի ռուս արվեստագետների ասոցիացիայից, արդյունքում՝ այս տարի Միքայելի մոդելները
կներկայացվեն Փարիզում, Մոսկվայում էլ կցուցադրվեն նրա «Նռան գույնը» հավաքածուից
նմուշներ, որոշ մոդելներ էլ կվաճառվեն մոսկովյան էլիտար խանութ-սրահներում: Այս առիթով
Մ. Դանիելյանն ասաց, որ թեեւ դժվար է բաժանվել մոդելներից, սակայն, հասկանալի պատճառով,
այն է՝ շարունակել ստեղծագործական աշխատանքը, ստիպված է դիմել այդ քայլին: «Առավոտը»
հետաքրքրվեց, թե Փարիզում՝ աշխարհի նորաձեւության կենտրոնում կամ ոչ պակաս համբավ
ունեցող Մոսկվայում, ի՞նչը գրավեց հրավիրողներին: Մոդելյոր-դիզայները ասաց. «Նրանց
զարմացրել էր «Կիլիկիա» եւ «Նռան գույնը» զուտ հայկական զարդանախշերով աշխատանքների
ինքնատիպությունը: Այսօր խոշոր տերությունները, ինչպիսին Ռուսաստանն է կամ եվրոպական
պետությունները, փնտրում են հատկապես փոքր երկրներում ստեղծագործող դիզայներների,
որովհետեւ սովորաբար ամենաշատը նրանց մոտ են պահպանված լինում ազգային տարազի էլեմենտները»:
Մեր դիտարկմանը՝ համենայնդեպս հնդիկների, ճապոնացիների եւ այլ ազգերի նման
չենք կարող ասել, թե հայերի առօրյա կյանքում պահպանված է զուտ ազգային հագուստը:
Դրանք ցուցադրվում են միայն պոդիումներում: Համաձայնելով այս մտքին, Մ. Դանիելյանն
ասաց. «Անշուշտ գեղեցիկ կլիներ, որ մենք հագնվեինք հայեցի: Դրա համար երկար ճանապարհ
պետք է անցնենք: Առաջին հերթին պետք է ունենանք անհրաժեշտ հումքն ու բաղկացուցիչները,
ինչից կարվում է այս կամ այն հագուստը: Ժամանակին գործում էին Կիրովականի մանրաթելերի
կոմբինատը, Նորքի տրիկոտաժի, «Տոսպ», «Անուշ», Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկաները
եւ այլն, որոնք հանրապետությունն ապահովում էին տեղական մետաքսով, բամբակյա, բրդյա
եւ այլ գործվածքներով: Իսկ այսօր ստիպված համագործակցում ենք եվրոպացիների, ամերիկացիների
հետ, ներկրում կիսաֆաբրիկատ ու «հավաքում» այս կամ այն զգեստը: Փաստորեն, ստացվում
է, որ մենք ընդամենը էժան աշխատուժ ենք, ու եթե չլինեին արտերկրում նորաձեւությունների
ցուցադրությունները, երեւի եվրոպացին կամ ամերիկացին չիմանար բազմադարյան մշակույթ
ունեցող երկրի մոդելյորների մասին»: Ըստ դիզայների, հայաստանյան պայմաններում ամենաէժան
մոդելը (հագուստը, նմուշը) գնահատվում է մոտ 20 հազար դրամ, իսկ Եվրոպայում՝ 700-1000
դոլար: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ միակ պետական նորաձեւության կենտրոնը՝
«Ատեքսը», շուրջ 13 տարի է՝ չունի հիմնական շենք, թեեւ այստեղ ուսում ստացած մոդելյոր-դիզայներները
արդեն տարիներ շարունակ արտերկրում ներկայացնելով իրենց արվեստը, արժանանում են բարձր
գնահատականների ու մրցանակների: Ի դեպ, «Ատեքս» նորաձեւության կենտրոնի շրջանավարտ
է նաեւ Միքայել Դանիելյանը, որը կենտրոնում դասավանդում է մոդել եւ ֆոտոմոդել առարկաները:
Նա ափսոսանք հայտնեց, որ մեր հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում ազգային տարազի
պատմություն, ինչը հաջողությամբ իրականացվում է արտերկրում: Մ. Դանիելյանը ցավով
փաստեց, որ 60-ականներին է տպագրվել «Հայկական տարազ» գիրքը, որտեղ, իր կարծիքով,
աղավաղված է ազգային տարազի գունային գամման: «Այդ դեպքում ինքներդ ի՞նչ աղբյուրից
եք օգտվում» հարցին դիզայները պատասխանեց. «Հաճախ եմ լինում վերնիսաժում ու թանգարաններում,
որտեղ կան հնամյա հայկական գորգեր ու կարպետներ: Դրանցից էլ արտանկարում եմ ինձ անհրաժեշտ
զարդանախշերը»: Մեր՝ «Միամիտ կլիներ մտածել, որ եթե Հայաստանում լինեին բոլոր պայմանները՝
սկսած հումքից մինչեւ արտադրություն, ապա մենք կհագնեինք ազգային տարազ» դիտարկման
հետ Մ. Դանիելյանը չհամաձայնեց. «Ով գիտե, գուցե շատերը սիրով կկրեին ազգային զարդանախշերով
կամ դրանց առանձին տարրերով հագուստներ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել