Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղա՞ք, թե՞ գյուղ»

Հունվար 18,2005 00:00

Գյումրիի
պաշտոնյաները պետք է ճշտեն, թե ինչ են կառուցում Ինչպես հայտնի է, Գյումրիի
գլխավոր հատակագիծը դեռեւս հաստատված չէ: Այն պետք է քննարկվեր դեռեւս դեկտեմբերի
23-ին՝ կառավարության նիստի ժամանակ: Սակայն հետաձգվել է մինչեւ մարտի մեկը: Իսկ
մինչ այդ, ինչպես արդեն գրել ենք, դեռ ճշտված չեն հարակից երկու համայնքների՝ Ազատանի
եւ Քեթիի հողային «հաշիվները», ինչպես նաեւ քաղաքի տարածքին առնչվող որոշակի խնդիրներ:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության քաղաքաշինության բաժնի պետ Լեոնիդ Դավթյանի
ասելով, եթե իրենք հիմք ընդունեն հողհատկացումների վերաբերյալ քաղաքապետարանի գործընկերների
առաջարկությունները, ապա արդեն մշակված նախագիծը մոտ 60-70 տոկոսով փոփոխության պետք
է ենթարկեն: Բանն այն է, որ նախագծի պատրաստ լինելու պահին առարկություններ ու առաջարկություններ
չունեցող քաղաքապետարանը այժմ օրումեջ նոր առաջարկներ է ներկայացնում: Ու թեեւ, քաղաքաշինության
բաժնի պետի ասելով, մեծ մասը իրենց կողմից չի ընդունվում, քանի որ քաղաքաշինական
առումով հիմնավորված չէ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ առանձին դեպքերում նախկինի
պես այժմ էլ քաղաքապետը իրենց կառույցից անկախ հողհատկացումներ է կատարում: Իսկ սա,
ըստ Լեոնիդ Դավթյանի, ոչ միայն հակասում է օրենսդրությանը, այլ՝ քաղաքի գլխավոր հատակագծի
դրույթներին: Ավելին, վերջինիս ասելով, քաղաքի պատմական կենտրոնի՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի
գոտեւորման նախագծի վերաբերյալ դարձյալ առարկություններ ու առաջարկություններ չունեցող
քաղաքապետարանը այժմ կառուցապատող սուբյեկտներին թույլ է տալիս իրականացնել քաղաքաշինական
գործունեություն, որը մի շարք դեպքերում հակասում է տվյալ նախագծային փաստաթղթի դրույթներին:
«Սա նույնն է, որ վերցնես ցանկացած գրողի ստեղծագործություն ու դարձնես այնպես, ինչպես
ուզում ես»,- ասաց Լեոնիդ Դավթյանը: Նրան անհանգստացնում է նաեւ քաղաքի կենտրոնական
մասերը «տարերայնորեն» կառուցապատելու եւ ոչ նպատակային օգտագործելու փաստը: Մասնագետի
հավաստիացմամբ, խախտված են կենտրոնական փողոցների կառուցապատման դասական սկզբունքները,
պահպանված չեն կոմպոզիցիոն ծավալատարածական լուծումները: Իսկ սա նշանակում է՝ տարածքը
ճիշտ օգտագործելու, առնվազն 3-4 հարկանոց շենքեր կառուցելու փոխարեն քաղաքը լցրել
են 1, 2 հարկանի սպասարկման օբյեկտներով կամ էլ սեփական տներով, որոնցից շատերը ժամանակավորի
անվան տակ իրականում հիմնական կառույցներ են: «Գլխավոր հատակագիծը փաստաթուղթ է քաղաքաշինական
զարգացման հեռանկարների մասին ու դրույթներով առաջնորդվելը ցանկության կամ էլ քմահաճույքի
հարց չէ, ժամանակն է, որ ճշտենք՝ ժամանակակից քաղա՞ք ենք ուզում կառուցել, թե՞ գյուղ»,-
պարզաբանեց մարզպետարանի պաշտոնյան: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի քաղաքաշինության
բաժնի պաշտոնյաներն էլ իրենց հերթին էին դժգոհում մարզպետարանից՝ քաղաքում առանձնատների
կառուցմանը խոչընդոտելու ու հողատարածքները ոչ նպատակային օգտագործելու համար: Մասնավորապես
նրանց հուզում է այն հարցը, որ ներկայիս անձեռնմխելի տարածքները մեծ վնաս են հասցնում
ե՛ւ համայնքի բյուջեին, ե՛ւ անօթեւաններին: Մինչդեռ մարզպետարանի քաղաքաշինության
բաժնի պետը վստահ է, որ իսկական անօթեւաններն այդքան նյութական հնարավորություններ
չունեն առանձնատներ կառուցելու, ավելին՝ նրանք երբեք էլ չեն հրաժարվի անօթեւանների
ցուցակից: Այլ հարց է, որ առանձնատներ ունենալու ցանկություն հայտնողները հիմնականում
այն մարդիկ են, ովքեր ե՛ւ պետական բնակարանի, ե՛ւ իրենց նախկին տարածքներից չհրաժարվելու
ախորժակ են փայփայում: «Մոռանում են, որ մենք տարածքների ազատման խնդիր ենք դրել:
Եթե քաղաքապետարանը այս հարցով շատ է մտահոգվում, ապա թող պատրաստակամ անհատների
ներդրումների հաշվին բազմահարկ շենքերի կառուցում կազմակերպի»,- առաջարկեց մարզպետարանի
քաղաքաշինության բաժնի պետը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել