Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն» ընդդեմ ԱՄՆ պետդեպարտամենտի

Հունվար 18,2005 00:00

«Արցախ» հայրենակցական միության
նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ հրապարակեց իրենց
հայտարարությունը ԼՂ հարցի շուրջ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել էր. «Նախագահ Բուշին
անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի,
Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար»: Ըստ
նրա՝ բոլոր չորս հակամարտությունները քննարկվելու են Բուշի եւ Պուտինի փետրվարյան
հանդիպման ժամանակ. «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան,
Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն
այնտեղ իշխող քրեական անջատողականները»: Երեկ «Արցախ» միությունը ի պատասխան
տարածեց հայտարարություն, որտեղ Էլիզաբեթ Ջոնսի պնդումները գնահատվում են իբրեւ «հրահրիչ
գնահատականներ», որոնք «չեն կարող չշարժել ցանկացած մտածող մարդու զայրույթը»: ԱՄՆ
պետքարտուղարի օգնականի հասցեին օգտագործվում է «այդ անձնավորությունը», որը «մի
էկզոտիկ խորհուրդ է աշխարհ բերել» եւ նման արտահայտություններ: «Արցախի» գնահատականով՝
Էլիզաբեթ Ջոնսը որոշել է Մինսկի խմբի «գործը հարվածի տակ դնել»: Նաեւ հիշեցված է,
թե ԱՄՆ կառավարությունն ուղղակի օգնություն է ցույց տալիս ԼՂ-ին: «Մենք գտնում
ենք, որ բարձրաստիճան պաշտոնյայի անպատասխանատու հայտարարությունները ոչ միայն վնաս
են հասցնում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին, այլեւ ուղղակի սադրանք
են: Իր մտացածին գնահատականներով տիկին Ջոնսը պարզապես լարում է ստեղծում խնդրի շուրջ,
ինչն ուղղակի սպառնալիք է հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդների անվտանգության
համար: Մենք կասկած չունենք, որ ԱՄՆ բարձր ատյանները կարգի կհրավիրեն բոլոր սահմանները
խախտած, պատասխանատու պաշտոնում իր գործունեությունն ավարտող տիկնոջը»,- նշված է
հայտարարության մեջ: «Արցախ» ՀՄ նախագահ Համլետ Հարությունյանը երեկ հրավիրված
ասուլիսում ի լրումն հայտնեց, թե իրենց կազմակերպությունը նամակ է նախապատրաստել
Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով. «Գուցե սա սադրա՞նք
է: Գուցե հենց ԱՄՆ թշնամինե՞րն են տարածել այս սադրանքը»: Ըստ նրա՝ իրականության
հետ որեւէ աղերս չունի Էլիզաբեթ Ջոնսի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում իշխողը «քրեական
անջատողականներ» են: Համլետ Հարությունյանը ենթադրեց, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականը
թերեւս նկատի է ունեցել այլ չճանաչված հանրապետություններում առկա իրավիճակը, որտեղ
դեռեւս գործում են դաշտային հրամանատարները. «Լեռնային Ղարաբաղը վաղո՜ւց անցել է
այդ փուլը: Եվ այս հանրապետությունն իր կառուցվածքով, ժողովրդավարական սկզբունքներով
ու կոռուպցիայի չափով եթե առաջ չէ, ապա ետ էլ չէ հետխորհրդային բոլոր հանրապետություններից՝
Ստալինի կողմից ճանաչված կամ չճանաչված: Ջոնսն ուղղակի թացը չորի հետ խառնել է, եւ
այստեղ գործ ունենք ուղղակի փաստերի աղավաղման հետ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ.
Գ. Մի խումբ երիտասարդական կազմակերպություններ երեկ նույնպես տարածեցին պատասխան
հայտարարություն. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունից ստեղծվում է այնպիսի
տպավորություն, որ կարծես ԱՄՆ-ի կառավարությունը լավատեղյակ չէ արցախյան հիմնահարցի
սկզբնապատճառներին: Տիկին Ջոնսի դիտարկումը առավել քան անհասկանալի է ԱՄՆ պետքարտուղար
Քոլին Փաուելի այն հայտարարության համատեքստում, ըստ որի՝ արցախյան հիմնահարցը էականորեն
տարբերվում է մերձդնեստրյան, աբխազական – հարավօսական հակամարտություններից»: Հայտարարության
հեղինակներն այսօր կազմակերպելու են բողոքի ակցիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել