Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԵՆԸ՝

Հունվար 17,2005 00:00

ԷԼԵՆԸ՝ ԱՍԻԱԿԱՆ «ՌԻՆԳԻ ՀԵՐՈՍ» Խոսքը Թամարա-Էլեն Հովհաննիսյանի մասին է, որը զբաղվում է մեր պատկերացմամբ կնոջ համար անսովոր մարզաձեւով՝ բռնցքամարտով եւ որի համառությանը եւ նպատակասլացությանը շատ տղամարդիկ կնախանձեն: «Դեկտեմբերին Յակուտսկից հերթական հրավերն ստացա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց Ասիայի «Ռինգի հերոս» անունը կրող տիտղոսային մենամարտին,- երեկ խմբագրությունում պատմում էր նա:- Ինչպես միշտ, կրկին կանգնեցի ֆինանսական խնդիրների առջեւ: Սակայն այս անգամ կազմակերպիչները խոստանում էին իրենց վրա վերցնել նախ հյուրանոցի, ապա՝ սննդի, վերջում՝ նաեւ վերադարձի տոմսի ծախսերը: Մնում էր հայթայթել մինչեւ Յակուտսկ ինքնաթիռի տոմսի փողը: Բարեբախտաբար, վերջին օրը հանդիպեցի ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանին: Նա լսել էր իմ մասին եւ օգնեց: Մի քանի ժամում հավաքեցի իրերս եւ մեկնեցի: Յակուտսկում ինձ դիմավորեցին հայկական համայնքի ներկայացուցիչները: Հատկապես հայ երիտասարդությունը մշտապես իմ կողքին էր ու դա ինձ շատ էր ոգեւորում: Նրանք ինձ չթողեցին մնալ հյուրանոցում, սնվել դրսում՝ ասելով, թե քանի որ մրցակիցս տեղացի է լինելու, հնարավոր է գլխիս խաղեր խաղան, սննդի մեջ դեղեր գցեն: Ինչեւէ, սկսեցի տեղում նախապատրաստվել մենամարտին: Երկու անգամ մենամարտը հետաձգվեց. մրցակիցներս հրաժարվում էին: Պիտի ասեմ, որ տեղական լրատվամիջոցներն անչափ մեծ հետաքրքրություն էին հանդես բերում իմ անձի, Հայաստանի նկատմամբ: Նրանք զարմացած էին, որ մրցավայր եմ ժամանել միայնակ: Անընդհատ հարցազրույցներ, նկարահանումներ… իսկ որոշ լրագրողներ ու կազմակերպիչներից ոմանք հորդորում էին ռինգ չմտնել, որովհետեւ արդեն հայտնի մրցակիցս՝ Կատյա Ակիմովան սիրողական բռնցքամարտի Ռուսաստանի բազմակի, Ասիայի չեմպիոն է եղել, աշխարհի գավաթակիր, պրոֆեսիոնալ ռինգում էլ տարել 13 հաղթանակ: Նրանք ինձ, չգիտեմ, խղճո՞ւմ էին, մտածում, որ խայտառակ պարտությո՞ւն կկրեմ, թե՞ վախենում էին: Այդ ընթացքում հիվանդացա, ջերմությունս բարձրացավ 39 աստիճան: Սակայն բոլորին էլ հայտարարում էի, որ հիվանդացել է մարմինս, բայց հոգիս առողջ է: Եկել եմ մենամարտելու եւ անպայման հաղթելու եմ: Ու այդ վիճակով էլ մտա ռինգ: Իրոք, դժվար ու ծանր մենամարտ ծավալվեց: Սակայն երկրորդ ռաունդում (մենամարտը բաղկացած էր հինգ ռաունդից) Կատյային նոկդաունի ենթարկեցի, որն էլ, կարծում եմ, վճռորոշ եղավ իմ վերջնական հաղթանակի համար, թեեւ մրցավարների ձայները բաժանվեցին 2:1՝ հօգուտ ինձ: Եվ ես նվաճեցի կանանց Ասիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Ռինգի հերոս» տիտղոսը»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել