Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք

Հունվար 17,2005 00:00

Պետք է ջարդել «չկայի» պատը Համոզված է երիտասարդ կինոռեժիսոր Հրաչյա Զաքարյանը Նա սովորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վերջին կուրսում՝ Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում: Երիտասարդ կինոռեժիսորը արդեն 4 կարճամետրաժ ֆիլմի հեղինակ է: Նրա «Կենցաղն ինձ կերավ» ֆիլմը վերջերս ներկայացվել է Թբիլիսիում կայացած փառատոնին: ԱՄՆ-ում էլ փառատոնի է ներկայացվել Հրաչյայի առաջին ֆիլմը՝ «Ալավերդյան փողոցը»: «Սցենարը ես եմ գրել: Այն կապված է իմ առաջին սիրո հետ, իսկ մտահղացման մեջ հետաքրքիրն այն է, որ սերը երկնքից էր թափվում»,- պատմում է Հրաչյա Զաքարյանը: Երկրորդ ֆիլմը կոչվում է «Իսկուհու հարսը», որը կանացիությունը կորցրած կնոջ մասին է: Նա կուլ գնալով կենցաղին, աննկատելի է դառնում շրջապատի, տվյալ դեպքում՝ իր հետ վերելակով բարձրացող տղամարդու համար: Եվ հակառակը՝ կինը գեղեցկանում է, երբ զգում է տղամարդու ուշադրությունը: «Մյուս ֆիլմս կոչվում է «5 րոպե 42 վայրկյան»,- պատմում է երիտասարդ կինոռեժիսորը:- Այն պատժված ինքնահավանության մասին է, որ վերցված է իմ կյանքից: Իսկ վերնագիրը ֆիլմի նկարահանման տեւողությունն է, քանի որ պիտի հասցնեի այն ներկայացնել քննության»: Հրաչյան գտնում է, որ չորրորդ՝ «Կենցաղն ինձ կերավը» իր ֆիլմերից ամենահաջողվածն է: Այն նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: «Սցենարը ես երազում եմ տեսել,- պատմում է ռեժիսորը:- Ի դեպ, ֆիլմում որպես դեկոր օգտագործվել է Շառլ Ազնավուրի՝ Հայաստանին նվիրված տեսախցիկը, որը մեր երկրի ունեցած միակ Ariflex տեսախցիկն է: Սակայն դրանով նկարահանումներ կատարելու ժապավենը շատ թանկ արժե: Սա միակ ֆիլմս է, որի համար Ալբերտ Մկրտչյանը ոչ մի դիտողություն չարեց, այլ ասաց՝ հիանալի է: Մարտին կնկարահանեմ իմ հինգերորդ ֆիլմը, հավանաբար կրկին «Հայֆիլմում», որը կլինի իմ դիպլոմային աշխատանքը: Այնտեղ ես կփորձեմ հետեւել իմ սկզբունքին. կարճ ժամանակում՝ շատ ասելիք: Ֆիլմն իրենց կյանքն ապրած մարդկանց մասին է, որոնք ետ նայելիս հասկանում են, որ չեն ապրել: Այսօրվա ֆիլմերս ապագա ֆիլմերիս անոնսներն են»: Հ. Զաքարյանը խոստովանում է, որ մասնագիտությունն ընտրելիս երկար է մտածել. «Պարապում էի, որպեսզի ընդունվեմ ԵՊՀ-ի միջազգային դիվանագիտական հարաբերությունների բաժինը: Սակայն վերջին պահին որոշումս փոխեցի: Ես մասնագիտությունս ընտրել եմ գիտակցաբար: Մեր սերունդը չի կարող իրեն խաբված զգալ, քանի որ ընտրություն կատարելիս մենք գիտեինք, որ կինո չկա: Սակայն, կարծում եմ, պետք չէ ձեռքերը ծալած նստել եւ ասել փող չկա: Այն մեզ ոչ ոք չի տալու: Այսօր այս խնդիրը կա ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ուղղակի մասշտաբներն են տարբեր: Մենք պետք է ջարդենք «չկայի» պատը: Ինձ թվում է՝ արգելքներն ավելի շատ հոգեբանական են, քան իրական: Մենք նոր-նոր ենք քայլեր անում եւ շատ բան մեր մեջ դեռ չենք գտել»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել