Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ

Հունվար 17,2005 00:00

Հայ երիտասարդները՝ Եվրամիության ծրագրերում Եվրամիության «Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում օրերս Վարշավայում կայացավ «Բազմապատկիչների ֆաբրիկա» խորագիրը կրող եռափուլ ուսուցողական ծրագրի առաջին փուլը: Երկարատեւ ուսուցողական ծրագրին մասնակցում են ԱՊՀ եվրոպական 7 երկրների 21 երիտասարդ լիդերներ, այդ թվում՝ երեքը Հայաստանից: Եվրամիությունն իր քաղաքականությունը տարբեր բնագավառներում վարում է տարաբնույթ երկարատեւ ծրագրերով՝ դրանցից յուրաքանչյուրն իրականացնելով սեփական ռազմավարությամբ եւ ծրագրային ուղղությամբ: Եվրամիության «Երիտասարդություն» ծրագրի հիմքում ընկած են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ, ոչ ֆորմալ կրթությունը, միջմշակութային ուսուցումը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը: Իսկ ինչպիսի՞ն է եղել Հայաստանի մասնակցությունը «Երիտասարդություն» ծրագրին անցած տարիների ընթացքում: Այս հարցով դիմեցինք Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, հիշյալ ուսուցողական ծրագրի մասնակից Ատոմ Մխիթարյանին: «Մեր երկրների մասնակցությունը ԵՄ «Երիտասարդություն» ծրագրին, մեղմ ասած, ակտիվ չի եղել: 2000 թվականից Երիտասարդական փոխանակության 109 ծրագիր է իրականացվել, որոնց մասնակցել է հայաստանցի ընդամենը 43 երիտասարդ: Իրականացվել է 54 աջակցող ծրագիր, որոնց Հայաստանից ընդհանուր առմամբ մասնակցել է 7 հոգի, մինչդեռ Վրաստանից՝ 16- ը, իսկ Ադրբեջանից՝ 21-ը: Այս 4 տարիների ընթացքում Հայաստանից եւ ոչ մեկը չի մասնակցել կամավորական ծառայության որեւէ ծրագրի»: Հայաստանի պասիվ մասնակցությունը, ըստ նրա, թերեւս կարելի է բացատրել երիտասարդության ոլորտի ոչ համարժեք զարգացմամբ, երիտասարդ լիդերների եւ այդ հարցերով զբաղվողների գիտելիքների եւ տեղեկատվության բացահայտ պակասով: Սակայն այս հարցում առաջընթաց կարծես թե նկատվում է. երիտասարդական ակումբների դաշնությունը 2004թ. ընթացքում արդեն 6 միջազգային երիտասարդական ծրագիր է իրականացրել Հայաստանում, որից երեքը՝ ԵՄ «Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում: Իսկ ուսուցողական ծրագրի հաջորդ փուլը՝ «բազմապատկիչների» հերթական հանդիպումը, կայանալու է 2005թ. փետրվարին: ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ«Երիտինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել