«Ես մեռնում եմ, իմ դեղը չեն տալիս» Արամ Մարտիրոսյանը ապրում է Երեւանի արվարձաններից մեկում: 50 տարեկան է եւ արդեն տասներկու տարի տառապում է թոքախտով: Չի աշխատում: 20 տարի վարորդ աշխատած Արամը ստանում է 4 հազար դրամ թոշակ: Նույն տան մեջ ապրում են նրա մայրը, քույրը եւ քրոջ որդին: Վերջինս նույնպես հիվանդ է թոքախտով՝ վարակվել է: Արամին հանդիպեցինք, երբ նոր էր դուրս եկել Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պետք է շարունակի դեղեր ընդունել, սակայն միջոցներ չունի. թոշակը չի բավականացնում նույնիսկ օրական մեկ հաց գնելուն: Արամը պատմեց, թե ինչ է իրականում կատարվում Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Պարզվում է՝ նույնիսկ այնտեղ նա անվճար չէր կարողանում ստանալ իրեն հասանելիք դեղորայքը: «Նրանք իմ անունով դուրս են գրում դեղը, հետո նույն դեղը ծախում են: Գոնե խիղճ ունենան, 400-ով տան, 800-ով են տալիս»: Ես զարմացած ասում եմ՝ դա անվճար դեղ է, հնարավոր չէ, որ վաճառեն, եւ որ այդ հիվանդանոցը, ասում են, լավ վիճակում է. «Բայց որ դեղ չկա, ինչո՞վ է լավ: Մի դեղ կա՝ կեսը 800-ով առա, կեսը՝ 1200-ով: Դիսպանսերի բաժնի վարիչ Էդմոնին ասում եմ՝ գլխավոր բժշկին ինչու՞ չասացիր: Ի՞նչ ասեմ-, ասում է,- դեղ չունեմ, ես ո՞նց ասեմ՝ ունես, տուր: Հետո էլ ասում է՝ գիտե՞ս, մի հատ ծանոթ տղա ստացել է, նրանից առ: Երկրորդ անգամ հիվանդը ծախեց ինձ վրա»,- շարունակում է պատմել Արամը: Հարցիս՝ ինչու՞ չբողոքեցիր գլխավոր բժշկին, պատասխանում է. «Հիմա գնամ, ասեմ՝ էս դեղերը վրես դուրս են գրել, էս ո՞նց պիտի լինի, էդ մի բժիշկն է, էդ էլ որ հետս թարսվեց, ի՞նչ պիտի անեմ: Այնտեղ տաք տեղ է, ձմեռը գնում եմ, պառկում եմ: Էդ էլ ասեմ, կարող է էլ չթողնեն, ձմեռը չթողնեն էնտեղ անցկացնեմ»: Արամին հարցնում եմ՝ իսկ հիմա որ գրենք այս ամենի մասին, կարո՞ղ է ձեզ այլեւս չթողնեն հիվանդանոց. «Գրում եք՝ գրեք, չեն թողնի՝ չեն թողնի: Էս ազգը բա սե՞նց էր, Ռուսաստանում էի աշխատում, թե ինչո՞ւ եկա այստեղ: Ես մեռնում եմ, ինքն իմ դեղը չի տալիս, որ գոնե կյանքս մի տարի երկարի: Գոնե իր գնով տուր, քեզ ձրի տալիս են, գոնե ինձ մի քիչ էժան տուր: Եթե 400-ով տար, մի երկու ամիս էլ կարող է երկար ապրեմ»,- ասաց Արամը: Արամին ասում եմ, որ տարբեր միջազգային կազմակերպություններ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրեր են իրականացնում Հայաստանում, երբեւէ հանդիպե՞լ են իր հետ. «Գալիս նայում են, գնում, բայց ի՞նչ է փոխվում դրանից իմ կյանքում. ոչ մի բան: Ո՞ւմ ենք մենք հետաքրքրում, վերջացած մարդիկ ենք: Սրսկելու ասեղը ի՞նչ է, բերում են, ասում են՝ 50 դրամ է, տուր: Գնում ես իրենցից ուզում ես, ասում են՝ չունենք, հետո քույրը բերում է քո վրա ծախում»: Դիսպանսերում բուժման կուրս անցնելուց հետո Արամի վիճակը թեթեւանում է: Բուժվելու համար նա վաճառել է իր «Ռաֆ» մակնիշի մեքենան, քույրը վաճառել է ունեցած երկու գոճին, եւ այլեւս փող չունեն, հետեւաբար նաեւ՝ բուժվելու հնարավորություն: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆwww.hetq.amՀ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ իմացանք, որ Արամը եւ նրա քրոջ որդին նորից բուժման կուրս են անցնում Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում: Եվ որպեսզի այնտեղ խնդիրներ չունենա՝ հոդվածում փոխել ենք նրա անունը: