Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՜Յ

Հունվար 17,2005 00:00

Ա՜Յ ՔԵԶ ԱՄԱՆՈՐՅԱ ՍՅՈՒՐՊՐԻԶ Այն մատուցել է փոստային առաքումներ իրականացնող մի նորահայտ կազմակերպություն Ամանորից մի քանի օր անց, Երեւանի Նոր Արեշի 37 փողոցի 21 տան բնակիչները ստացան սեպտեմբերից սպասվող ծանրոցը, որն ուղարկել էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող բարեկամուհին: «Մենք գիտեինք, որ ծանրոցն ուղարկվելու է, ինչպես միշտ, հարսիս՝ Լուսինե Գալայանի անունով: Սակայն ծանրոց բերողը նրան չհարցրեց, չպահանջեց նրա անձնագիրը, այլ արագ-արագ ստորագրել տվեց եւ հեռացավ»,- «Առավոտին» պատմեց ընտանիքի մայրը՝ տիկին Էլզան: Նրան զարմացրել էր նաեւ, որ իրենց նախապես չեն զանգել եւ չեն ճշտել, թե ե՞րբ է ծանրոցի հասցեատերը տանը լինելու: Ավելի ուշ, երբ տուն է վերադառնում Լուսինեն եւ ընտանիքը սկսում է ծանրոցի «շնորհանդեսը», պարզվում է, որ այն բոլորովին էլ իրենց սպասածը չէ: «Ես դա զգացի մինչեւ բացելը: Որովհետեւ սկոչը պոկված-կպցված էր, բազմագույն էր, իսկ հասցեի մասին թերթիկը կպչուն ցելոֆանի տակ չէր»,- պատմեց Լուսինեն: Նրա ասելով, մինչեւ Նոր տարվա տոները իր զարմուհու հետ հեռախոսազրույցից տեղեկացել է, որ իր երեք փոքրիկների, ինչպես նաեւ ընտանիքի 4 մեծահասակների համար գլենդելցի զարմուհին ուղարկել է «սիրուն հագուստներ, կոստյումներ, խաղալիքներ, անկողնու փափուկ ծածկոցներ, աղանդեր ու կոնֆետ»: Զարմուհին նաեւ ասել է, թե «էլի բան կա, բայց սյուրպրիզ է»: Ընտանիքը այնուամենայնիվ չի դիմանում գայթակղությանը եւ որոշում է բացել ծանրոցը: Պարզվում է, ողջ տուփը խառնիխուռն լցված է պատառոտված հին շորերով, ինչպիսիք մնում են դրսից եկած օգնությունները բաշխողների մոտ՝ բաշխումն ավարտելուց հետո: Իհարկե, Լուսինեն անմիջապես փորձում է պարզաբանել կատարվածը՝ ծանրոցը բերած «օֆիսից»: Սակայն պարզվում է, որ նրանք չեն թողել որեւէ կոորդինատ եւ նրանց մասին տեղեկություն կարող է տալ միայն զարմուհին: «Մինչ այժմ այս օֆիսի մասին ոչինչ չենք իմացել, սա երեւի նոր է բացվել: Իսկ մյուսներից դժգոհություն առայսօր չենք ունեցել»,- ասաց Լուսինեն: Դժվար չէ պատկերացնել ամանորյա ծանրոցին սպասողների հիասթափությունն ու վիրավորանքը, չհաշված ծանրոցն ուղարկողի նյութական ու բարոյական վնասը: Ի դեպ, երեկ նույն զարմուհու ուղարկած մյուս ծանրոցը հասել է Գալյանների բարեկամ մյուս հասցեատիրոջը՝ նույն վիճակում: Ընդ որում, այս ծանրոցը նույնպես «բերել են, ում տանը գտել են՝ շտապ տվել ու գնացել են»: Գալյանները խոստացան Գլենդելից պարզել ծանրոցն առաքող կազմակերպության տվյալներն ու հաղորդել խմբագրությանը: Շուրջ տասը տարի է, ինչ պետականին զուգահեռ, ծանրոցների առաքմամբ եւ բաշխմամբ զբաղվում են նաեւ մասնավոր ընկերությունները: Ինչպես պարզեցինք, դրանց թվից, ինչպես նաեւ սպասարկման որակից տեղյակ չէ ոլորտի պատասխանատու կապի ու տրանսպորտի նախարարությունը: Քանի որ լիցենզավորման մասին օրենքում փոստային առաքումների գործունեության տեսակը լիցենզավորման ենթակաների ցանկում չէ: Հետեւաբար որեւէ մարմնի կողմից չի վերահսկվում նրանց սպասարկման գործընթացը եւ հստակ չեն նրանց պարտավորությունները: Ամեն ինչ մնում է շուկայում բարի անուն ձեռք բերելու՝ յուրաքանչյուր ընկերության հմտության վրա: Սակայն ոչ բոլորն են իրենց բիզնեսի համար հեռու գնացող պլաններ գծում եւ գերադասում են յուրացնել պահի տակ ձեռքն ընկածը: Տարբեր առիթներով տեղեկացել ենք, որ հեռու երկրներից Հայաստան եկող ծանրոցները՝ հիմնականում հագուստ, խաղալիք եւ սնունդ, ժամանակ առ ժամանակ ենթարկվում են «պրոֆիլակտիկ» ստուգումների: Երբեմն դրանց միջից անհետանում է այս կամ այն ապրանքը, երբեմն էլ ծանրոցները թեթեւանում են: Դեպք է եղել, երբ հասցեատիրոջը ճիշտ կշռով ծանրոցը հանձնելու նպատակով դրա մեջ աղյուս են դրել: Նման դեպքերում նույն կազմակերպության տեղական ներկայացուցչությունը մեղքը բարդում է արտերկրի իր գործընկերոջ վրա կամ էլ պատճառաբանում են, թե «երկար ճանապարհ է, ում ձեռքով ասես անցնում է»: ԱՄՆ-ից, օրինակ, քաղաքացիները գերադասում են իրենց բարեկամներին ծանրոց ուղարկել նավով, որն անհամեմատ էժան է, քան օդանավով ուղարկածը: Ճիշտ է, այդ դեպքում բեռը տեղ է հասնում շուրջ 3 ամսում: Վնասված ծանրոցների համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները հստակ չեն, որովհետեւ դրանց հետ չկան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ մանրամասն նկարագրված պետք է լինի ծանրոցի բովանդակությունը: Կարելի է նաեւ ապահովագրել բեռը, գնահատելով այն իրական գնին համարժեք, սակայն, որպես կանոն, նվիրատուները դրանից խուսափում են, քանի որ այդ դեպքում պետք է հավելյալ վճարեն: Ընդ որում, ապահովագրական ծառայության տոկոսադրույքները Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղից էլ հիմնականում ծանրոցներ են ստացվում, բավականին բարձր են եւ հաճախ կարող են հավասար լինել ուղարկված բեռի գնին: Ի դեպ, մեր բողոքարկուները գոհ էին որոշ մասնավոր ընկերություններից, իսկ դժգոհության առիթներ ունեցել են նաեւ առաքող պետական մարմնից՝ «Հայփոստից»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել