ԲԱԶԵՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ Արամ Զ. Սարգսյանը նրան համոզում է մնալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնում: 2001-ին, երբ ստեղծվեց «Հանրապետություն» կուսակցությունը, այն ունեցավ ըստ էության երկու լիդեր՝ կուսակցության քաղխորհրդի ղեկավար ընտրվեց Ալբերտ Բազեյանը, իսկ կուսակցության առաջնորդ հռչակվեց Արամ Սարգսյանը: Ըստ ամենայնի, նաեւ սրա արդյունքն է, որ այսօր կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը որոշել է ինքն իրեն ազատել կուսակցության ղեկավարի պաշտոնից եւ դառնալ կուսակցության քաղխորհրդի շարքային անդամ: Նման որոշմանը, հասկանալի պատճառներով, քաղխորհուրդը եւ մասնավորապես Արամ Սարգսյանը համաձայն չեն: Սակայն հայտնի է նաեւ, որ Ալբերտ Բազեյանն առաջին անգամ չէ նման ցանկություն հայտնում։ Հիշենք թեկուզ անցած տարվա ամառը, երբ պրն Բազեյանը բավականին երկար ժամանակ չէր հաճախում կուսակցության գրասենյակ, իսկ դրանից հետո հայտարարեց, որ պատշգամբի վերանորոգմամբ էր զբաղված եւ իր բացակայությունները քաղաքական ենթատեքստ չունեն: Բայց քաղաքականության մեջ նույնիսկ պատշգամբը ենթատեքստ ունի։ Անցած շաբաթ տեղի ունեցած քաղխորհրդի նիստում կրկին ներկայացվել է կուսակցության քաղխորհրդի ղեկավարի այս ցանկությունը, եւ դարձյալ հարցն առկախ է մնացել, քանի որ կուսակցության ղեկավար կազմը ամեն կերպ ընդդիմանում է եւ ձգտում պահպանել Ալբերտ Բազեյանին քաղխորհրդի նախագահի պաշտոնում: Մարտի սկզբին տեղի կունենա «Հանրապետության» հերթական համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղխորհուրդ եւ, ըստ ամենայնի, նոր ղեկավար: Ինչեւէ, Ալբերտ Բազեյանի հետ մեր զրույցից երեկ ակնհայտ էր, որ վերջինս տրամադրված է մինչեւ համագումարը թողնել իր պաշտոնը կուսակցությունում։ Իր որոշման պատճառը պարոն Բազեյանը համարեց իրենց ներքին խնդիրը եւ չուզեց մեկնաբանել. «Ես երբեք չեմ լքելու կուսակցությունը, զբաղվելու եմ կուսակցության կազմակերպչական խնդիրներով»: Ըստ Ալբերտ Բազեյանի, որեւէ գաղափարական տարաձայնություն իր եւ կուսակցության անդամների միջեւ գոյություն չունի. «Պարզապես ես բավարարված չեմ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնում իմ գործունեությունից. ես ինձ ենթարկում եմ պատասխանատվության»,- արդեն ծիծաղելով ասաց պարոն Բազեյանը:- «Հավանաբար, այս ժամանակահատվածում ես չկարողացա տեղավորվել կուսակցության ղեկավար մարմնի կաղապարներում: Մենք որոշակի նպատակներ ենք առաջադրել, խնդիրներ ենք ձեւակերպել, հանրությանը խոստումներ ենք տվել, որոնց գլխավոր մասն իրականացված չէ, եւ գտնում եմ, որ առաջին պատասխանատուն ես եմ: Խնդրում եմ հարցին նման հնչեղություն չտալ. սա բնական պրոցես է, մենք ճկուն կուսակցություն ենք, իսկ կուսակցությունում միշտ էլ կարող են լինել ղեկավար մարմնի փոփոխություններ»: Արդյոք Ա. Բազեյանի այս որոշումը չի՞ ազդի կուսակցական ստորին օղակների վրա, եւ երկրապահական թեւը, որն առաջին հերթին Ալբերտ Բազեյանին վստահելով է մտել կուսակցություն, չի՞ վերանայի իր անդամակցությունը: Ըստ մեր զրուցակցի, նման խնդիր չկա եւ չի կարող լինել. «Երկրապահական այն թեւը, որն ինձ վստահելով է մտել կուսակցություն, վստահել է նաեւ Արամ Սարգսյանին, եւ բոլորն էլ իրենց ապրելակերպով, իրենց վարքագծով բարձր են պահել Վազգեն Սարգսյանի հիշատակն ու հեղինակությունը»: Ալբերտ Բազեյանը ասաց նաեւ, որ իր սուբյեկտիվ գնահատմամբ, կուսակցությունում որոշակի լճացում կա, եւ այսօր փոփոխությունների կարիք կա. «Եվ ես սկսում եմ ինձանից»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահը երեկ հայտարարեց, որ կուսակցության իրական առաջնորդ Արամ Սարգսյանը պետք է ստանձնի նաեւ կուսակցության փաստացի ղեկավարի՝ քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնը: Խոսակցությանը միացած Արամ Սարգսյանն իր հերթին ապացուցում էր, որ նման իրավիճակը՝ ունենալ եւ առաջնորդ, եւ քաղխորհրդի նախագահ, միայն շահեկան է կուսակցության համար: «Հանրապետության» առաջնորդի դիրքորոշումը միանշանակ է. «Ես ընկերական խնդրելու եմ պարոն Բազեյանին շարունակել իր գործը: Եվ այն մարդիկ, ովքեր կուզեն, որ Բազեյանը քաղխորհրդի նախագահ չլինի, թող իրենց ձայնը բարձրացնեն, ես էլ իրենց կհամոզեմ հակառակը, բազմաթիվ փաստարկներ ունեմ»: Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Ալբերտ Բազեյանը եղել է ու կմնա կուսակցության քաղխորհրդի նախագահ: Կուսակցության քաղխորհրդի մյուս անդամների համար եւս այս հարցը միանշանակ պարզ էր՝ Բազեյանը չի կարող չլինել քաղխորհրդի նախագահ: Արամ Սարգսյանի համար Ալբերտ Բազեյանի որոշումն անհասկանալի է, եւ նա երեկ, մեր «խաչաձեւ» հարցազրույցի ժամանակ, ամեն կերպ արտահայտում էր իր անհամաձայնությունն այդ որոշմանը. «Մեր միջեւ որեւէ խնդիր չկա, ծրագրային, կանոնադրական բոլոր դրույթներն ինքն է գրում, որեւէ գաղափարական խնդիր չկա»: Հետաքրքիր է, որ այս ամբողջ իրավիճակում արտաքուստ չերեւացող է թվում կուսակցության մեկ այլ անդամ՝ Վաղարշակ Հարությունյանը, սակայն, ըստ որոշ դիտարկումների, պարոն Հարությունյանն այս պատմության մեջ ամենեւին էլ պատահական դերակատարություն չունի: Նախ, նա արդեն վաղուց չի այցելում կուսակցության գրասենյակ: Այնուհետեւ՝ կարելի է ենթադրել, որ նրա՝ այդպես էլ չարդարացված ռուսամետությունը պետք է որ առանձնապես դուր չգա կուսակցության առաջնորդին: Այս շաբաթվա վերջում տեղի կունենա կուսակցության քաղխորհրդի եւս մի նիստ, որի ժամանակ, թերեւս, հարցը լուծում կստանա: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ