Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՏԻԿԻ

Հունվար 17,2005 00:00

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՎՈՒՄ Է ՄԱԿ-ԻՆ Ի տարբերություն կոալիցիայի առաջարկած սահմանադրական փոփոխությունների, որոնք Վենետիկի հանձնաժողովը քննադատել է հանրապետության նախագահին այնպիսի լիազորություններ վերապահելու համար, որոնք կարող են թուլացնել կառավարությունը կամ Ազգային ժողովը: Սահմանադրության ՄԱԿ խմբակցության առաջարկած փոփոխությունները, ըստ Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ կարծիքի՝ շատ հարցերում համապատասխանում են 2001 թ. Սահմանադրության նախագծին: Իսկ հանձնաժողովը 2004-ի իր եզրակացության մեջ շեշտել է, թե գտնում է, որ բարեփոխումների հիմք պետք է դիտել հենց 2001 թ. Սահմանադրության նախագիծը, որն ամրագրում է իշխանությունների բավական հավասարակշռված բաշխում եւ «լավ հիմք է, որպեսզի քաղաքական ուժերը հանգեն համաձայնության»: ՄԱԿ խմբակցության նախագծի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, մասնավորեցրել է, թե Սահմանադրական կարգի հիմունքների կամ Մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները գլուխներում առաջարկվող դրույթների մեծ մասը համապատասխանում է Սահմանադրության 2001-ի նախագծին. «Հետեւաբար, հանձնաժողովը դրանք պաշտպանում է»: 2001-ի նախագծին նման են նաեւ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության հարաբերությունները կարգավորող սկզբունքները. «Տարբերությունները վերաբերում են միայն ընթացակարգային հարցերին»: Հանձնաժողովը ողջունել է ՄԱԿ-ի նախագծով մահապատժի ուղղակի արգելումը (ի դեպ, կոալիցիայի նախագծի պարագայում այս կապակցությամբ էլ վերապահում կա՝ հանձնաժողովը «ափսոսանքով նշել» է, որ այն «մահապատժի բացահայտ արգելք չի պարունակում, ինչը 2001-ի նախագծի համեմատ հետընթաց քայլ է», եւ կողմ է արտահայտվել, որ Սահմանադրության վերանայված տարբերակում այդ մասին ամրագրվի բացահայտ դրույթ): Փորձագետները, իրենց իսկ արտահայտությամբ՝ գոհունակությամբ են նշել, որ ՄԱԿ-ի առաջարկած փոփոխությունները պարունակում են մի շարք դրույթներ, «որոնք կարող են էլ ավելի նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը»: Խոսքն, ասենք, մի հոդվածի մասին է, որի համաձայն՝ «Մինչեւ 16 տարեկան երեխաներին արգելվում է ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի», ինչպես նաեւ սպառողների պաշտպանության վերաբերյալ նոր դրույթին: Եվրոպական փորձագետները պաշտպանել են ՄԱԿ-ի նախագծի այն հոդվածը, որն ամրագրում է այն իրավիճակների սպառիչ ցանկը, որոնց դեպքում անձը կարող է զրկվել իր ազատությունից: Վենետիկի հանձնաժողովը «ջերմորեն պաշտպանել» է նաեւ ԱԺ-ի ինքնուրույնությունը եւ անկախությունը ապահովող նոր դրույթները: Սակայն քննադատվել է, որ ՄԱԿ-ն էլ է նախատեսել հանրային միջոցառումների տարբեր տեսակներ: Հիշեցնենք, որ կոալիցիայի նախագծի առնչությամբ հանձնաժողովը նշել էր, թե հավաքների տարբերակումը ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի, անտեղի է եւ վտանգավոր, քանի որ կարող է հանգեցնել եզրակացության, թե թվարկման մեջ չներառված հավաքների տեսակները երաշխավորված չեն Սահմանադրությամբ: Եվս մի քննադատական դիտողություն դարձյալ ընդհանուր է ՄԱԿ-ի եւ կոալիցիայի նախաձեռնությունների համար: Երկու նախագծերն էլ նախատեսում են, թե վարչապետն իրավասու է վստահության հարց բարձրացնել ոչ միայն բյուջեի եւ կառավարության ծրագրի, այլ անգամ պատգամավորի կողմից առաջարկված օրենքի նախագծի առնչությամբ: Վենետիկի հանձնաժողովը նման նորամուծությունը համարում է անթույլատրելի, քանի որ այն թուլացնում է մասնավորապես «ընդդիմության կողմից օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրականացումը»: Հանձնաժողովն առաջարկել է ՄԱԿ-ի նախագծից հանել առաջարկվող հոդվածը, ըստ որի՝ նախագահը եւ կառավարությունը «կարող են սահմանել իրենց ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իրենց համար ընդունելի ուղղումներով»: Փորձագետները եզրակացրել են, որ նախագահը կամ կառավարությունը փաստորեն կարող են որոշել, թե ինչպես պետք է Ազգային ժողովն իրականացնի իր օրենսդրական իրավասությունը: ՄԱԿ-ի նախագծի համաձայն՝ նախագահը «հետամուտ է պետական շահերի պաշտպանությանը՝ դատախազության միասնական համակարգի միջոցով»: Ըստ փորձագետների՝ այս դրույթը դատախազներին հաշվետու է դարձնում նախագահին եւ «կարող է վտանգի ենթարկել դատախազների անկախությունը»: Հանձնաժողովը պաշտպանել է ՄԱԿ-ի նախագծում Վերահսկիչ պալատի եւ Կենտրոնական բանկի մասին նոր դրույթների ամրագրումը, որոնք այդ մարմինների անկախությունն ուժեղացնելու նպատակ են հետապնդում. «Սակայն շատ կարեւոր է, որ Ազգային ժողովը նույնպես որոշ վերահսկողական լիազորություններ ունենա հանրային ֆինանսական միջոցների կառավարման ոլորտում»: Իսկ, ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս երկու նախագծերում «փորձ է արվել գտնելու Հայաստանի համար լավագույն քաղաքական համակարգը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել