Խոսքը Թամարա-Էլեն Հովհաննիսյանի մասին
է, որը զբաղվում է մեր պատկերացմամբ կնոջ համար անսովոր մարզաձեւով՝ բռնցքամարտով
եւ որի համառությանը եւ նպատակասլացությանը շատ տղամարդիկ կնախանձեն: «Դեկտեմբերին
Յակուտսկից հերթական հրավերն ստացա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց
Ասիայի «Ռինգի հերոս» անունը կրող տիտղոսային մենամարտին,- երեկ խմբագրությունում
պատմում էր նա:- Ինչպես միշտ, կրկին կանգնեցի ֆինանսական խնդիրների առջեւ: Սակայն
այս անգամ կազմակերպիչները խոստանում էին իրենց վրա վերցնել նախ հյուրանոցի, ապա՝
սննդի, վերջում՝ նաեւ վերադարձի տոմսի ծախսերը: Մնում էր հայթայթել մինչեւ Յակուտսկ
ինքնաթիռի տոմսի փողը: Բարեբախտաբար, վերջին օրը հանդիպեցի ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանին:
Նա լսել էր իմ մասին եւ օգնեց: Մի քանի ժամում հավաքեցի իրերս եւ մեկնեցի: Յակուտսկում
ինձ դիմավորեցին հայկական համայնքի ներկայացուցիչները: Հատկապես հայ երիտասարդությունը
մշտապես իմ կողքին էր ու դա ինձ շատ էր ոգեւորում: Նրանք ինձ չթողեցին մնալ հյուրանոցում,
սնվել դրսում՝ ասելով, թե քանի որ մրցակիցս տեղացի է լինելու, հնարավոր է գլխիս խաղեր
խաղան, սննդի մեջ դեղեր գցեն: Ինչեւէ, սկսեցի տեղում նախապատրաստվել մենամարտին:
Երկու անգամ մենամարտը հետաձգվեց. մրցակիցներս հրաժարվում էին: Պիտի ասեմ, որ տեղական
լրատվամիջոցներն անչափ մեծ հետաքրքրություն էին հանդես բերում իմ անձի, Հայաստանի
նկատմամբ: Նրանք զարմացած էին, որ մրցավայր եմ ժամանել միայնակ: Անընդհատ հարցազրույցներ,
նկարահանումներ… իսկ որոշ լրագրողներ ու կազմակերպիչներից ոմանք հորդորում էին
ռինգ չմտնել, որովհետեւ արդեն հայտնի մրցակիցս՝ Կատյա Ակիմովան սիրողական բռնցքամարտի
Ռուսաստանի բազմակի, Ասիայի չեմպիոն է եղել, աշխարհի գավաթակիր, պրոֆեսիոնալ ռինգում
էլ տարել 13 հաղթանակ: Նրանք ինձ, չգիտեմ, խղճո՞ւմ էին, մտածում, որ խայտառակ պարտությո՞ւն
կկրեմ, թե՞ վախենում էին: Այդ ընթացքում հիվանդացա, ջերմությունս բարձրացավ 39 աստիճան:
Սակայն բոլորին էլ հայտարարում էի, որ հիվանդացել է մարմինս, բայց հոգիս առողջ է:
Եկել եմ մենամարտելու եւ անպայման հաղթելու եմ: Ու այդ վիճակով էլ մտա ռինգ: Իրոք,
դժվար ու ծանր մենամարտ ծավալվեց: Սակայն երկրորդ ռաունդում (մենամարտը բաղկացած
էր հինգ ռաունդից) Կատյային նոկդաունի ենթարկեցի, որն էլ, կարծում եմ, վճռորոշ եղավ
իմ վերջնական հաղթանակի համար, թեեւ մրցավարների ձայները բաժանվեցին 2:1՝ հօգուտ
ինձ: Եվ ես նվաճեցի կանանց Ասիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Ռինգի հերոս» տիտղոսը»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ