Համոզված
է երիտասարդ կինոռեժիսոր Հրաչյա Զաքարյանը Նա սովորում է Թատրոնի եւ կինոյի
պետական ինստիտուտի վերջին կուրսում՝ Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում: Երիտասարդ
կինոռեժիսորը արդեն 4 կարճամետրաժ ֆիլմի հեղինակ է: Նրա «Կենցաղն ինձ կերավ» ֆիլմը
վերջերս ներկայացվել է Թբիլիսիում կայացած փառատոնին: ԱՄՆ-ում էլ փառատոնի է ներկայացվել
Հրաչյայի առաջին ֆիլմը՝ «Ալավերդյան փողոցը»: «Սցենարը ես եմ գրել: Այն կապված է
իմ առաջին սիրո հետ, իսկ մտահղացման մեջ հետաքրքիրն այն է, որ սերը երկնքից էր թափվում»,-
պատմում է Հրաչյա Զաքարյանը: Երկրորդ ֆիլմը կոչվում է «Իսկուհու հարսը», որը կանացիությունը
կորցրած կնոջ մասին է: Նա կուլ գնալով կենցաղին, աննկատելի է դառնում շրջապատի, տվյալ
դեպքում՝ իր հետ վերելակով բարձրացող տղամարդու համար: Եվ հակառակը՝ կինը գեղեցկանում
է, երբ զգում է տղամարդու ուշադրությունը: «Մյուս ֆիլմս կոչվում է «5 րոպե
42 վայրկյան»,- պատմում է երիտասարդ կինոռեժիսորը:- Այն պատժված ինքնահավանության
մասին է, որ վերցված է իմ կյանքից: Իսկ վերնագիրը ֆիլմի նկարահանման տեւողությունն
է, քանի որ պիտի հասցնեի այն ներկայացնել քննության»: Հրաչյան գտնում է, որ չորրորդ՝
«Կենցաղն ինձ կերավը» իր ֆիլմերից ամենահաջողվածն է: Այն նկարահանվել է «Հայֆիլմ»
կինոստուդիայում: «Սցենարը ես երազում եմ տեսել,- պատմում է ռեժիսորը:- Ի դեպ, ֆիլմում
որպես դեկոր օգտագործվել է Շառլ Ազնավուրի՝ Հայաստանին նվիրված տեսախցիկը, որը մեր
երկրի ունեցած միակ Ariflex տեսախցիկն է: Սակայն դրանով նկարահանումներ կատարելու
ժապավենը շատ թանկ արժե: Սա միակ ֆիլմս է, որի համար Ալբերտ Մկրտչյանը ոչ մի դիտողություն
չարեց, այլ ասաց՝ հիանալի է: Մարտին կնկարահանեմ իմ հինգերորդ ֆիլմը, հավանաբար կրկին
«Հայֆիլմում», որը կլինի իմ դիպլոմային աշխատանքը: Այնտեղ ես կփորձեմ հետեւել իմ
սկզբունքին. կարճ ժամանակում՝ շատ ասելիք: Ֆիլմն իրենց կյանքն ապրած մարդկանց մասին
է, որոնք ետ նայելիս հասկանում են, որ չեն ապրել: Այսօրվա ֆիլմերս ապագա ֆիլմերիս
անոնսներն են»: Հ. Զաքարյանը խոստովանում է, որ մասնագիտությունն ընտրելիս
երկար է մտածել. «Պարապում էի, որպեսզի ընդունվեմ ԵՊՀ-ի միջազգային դիվանագիտական
հարաբերությունների բաժինը: Սակայն վերջին պահին որոշումս փոխեցի: Ես մասնագիտությունս
ընտրել եմ գիտակցաբար: Մեր սերունդը չի կարող իրեն խաբված զգալ, քանի որ ընտրություն
կատարելիս մենք գիտեինք, որ կինո չկա: Սակայն, կարծում եմ, պետք չէ ձեռքերը ծալած
նստել եւ ասել փող չկա: Այն մեզ ոչ ոք չի տալու: Այսօր այս խնդիրը կա ԱՄՆ-ում եւ
Եվրոպայում, ուղղակի մասշտաբներն են տարբեր: Մենք պետք է ջարդենք «չկայի» պատը: Ինձ
թվում է՝ արգելքներն ավելի շատ հոգեբանական են, քան իրական: Մենք նոր-նոր ենք քայլեր
անում եւ շատ բան մեր մեջ դեռ չենք գտել»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ