Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐԵՆՑՅԱՆ» ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

Հունվար 17,2005 00:00

2005-ը
Եղիշե Չարենցի թանգարանի համար հոբելյանական է: Լրանում է թանգարանի հիմնադրման 40
եւ բացման՝ 30 տարին: Տնօրեն Լիլիթ Հակոբյանը վստահեցում է, որ հոբելյանական
տարեթվերը նշելու նպատակով կկազմակերպվեն բազմաթիվ գեղեցիկ միջոցառումներ: Արդեն
3 տարի կառավարության հատկացրած տարեկան 200 հազար դրամով մասունքներ են ձեռք բերվում՝
բացառիկ ձեռագրեր, մակագրված գրքեր, Չարենցի ժամանակակիցների նկարները եւ այլն: Սակայն
թանգարանի ամենացավոտ խնդիրը հիմնական ցուցադրությունն է, առանց որի անհնար է հավուր
պատշաճի ներկայանալ այցելուներին: Թեեւ վարչապետը խոստացել էր այդ նպատակով համապատասխան
գումար հատկացնել, սակայն այն չմտավ 2004-ի բյուջեի մեջ: «Երեւի 2005թ. բյուջեն կազմելիս
մեզ չեն մոռանա, եւ վերջնականապես լուծվի մեր հիմնական ցուցադրության հարցը»,- հույս
հայտնեց տիկ. Հակոբյանը: Անցյալ տարի վերականգնվել է Չարենցի մեմորիալ բնակարանը,
մնում է լուծել երեք հարկաբաժինների հիմնական ցուցադրության հարցը: Մինչեւ հիմա 40-ամյա
թանգարանի մասին պատմող բուկլետ չկա, տնօրինությունը ամեն անգամ անհարմար դրության
մեջ է ընկնում, երբ դրսի այցելուները բուկլետ են խնդրում: Ստիպված բանաստեղծի մեմորիալ
բնակարանի մասունքները ներկայացնող բուկլետն են հրամցնում զբոսաշրջիկներին, որտեղ
շատ քիչ ինֆորմացիա կա: Լ. Հակոբյանը տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությանն են
ներկայացրել իրենց գործունեության միջժամկետային ծրագրերը, որոնք ընդգրկում են 2006-2008թթ:
Բոլոր խնդիրներն ու անհրաժեշտ ծախսերը ներկայացված են վերոնշյալ ծրագրերում: Ի
դեպ, 2007-ին լրանում է Չարենցի ծննդյան 110-ամյակը եւ մահվան՝ 70 տարին: Նախատեսված
է մեծ շուքով նշել բանաստեղծի հոբելյանը: Համապատասխան գումար հայթայթելու դեպքում
թանգարանը վերջապես կունենա իր այցեքարտը՝ եռալեզու բուկլետ, որի տեքստերն ու լուսանկարները
պատրաստ են, եւ մի նկարազարդ ալբոմ: Վերջինս կհրատարակվի Չարենցի 110-ամյակի օրերին:
«Առավոտը» հետաքրքրվեց թանգարանի կադրերով՝ հիշեցնելով մշակույթի նախարարի
այն հայտարարությունը, թե «բոլոր թանգարաններում հոգնած տատիկներ են նստած, որոնց,
երբ ուզում ես աշխատանքից ազատել, մամուլը վայնասուն է բարձրացնում»: Արդեն 20 տարի
այս թանգարանում տնօրեն աշխատող Լիլիթ Հակոբյանն ասաց, որ իրենց թանգարանը համալրվել
է երիտասարդ կադրերով. «Մենք պատրաստում ենք նրանց, որպեսզի հետագայում արժանի փոխարինողներ
ունենանք, ու վաղը պատահական մեկին չնշանակեն ղեկավար»: Ըստ տնօրենի, թանգարանի
հետ կապված են ե՛ւ ուսանողները, ե՛ւ աշակերտությունը: Երեք տարի է՝ այստեղ նաեւ սփյուռքահայ
նկարիչների ցուցահանդեսներ ու սփյուռքահայ երիտասարդ գրողների գրքերի շնորհանդեսներ
են կազմակերպվում: 2004-ին՝ 17000-ից ավելի այցելու են ունեցել: Ցավոք, շատերը
դժգոհում են տոմսերի ու էքսկուրսիաների բարձր արժեքից: Մեկ տոմսն արժե 500, իսկ էքսկուրսիան
վարելը՝ 2000-2500 դրամ: Բայց երբ այցելուն թանգարանի շեմին է եւ հնարավորությունները
սուղ են, զիջումներ են արվում: Ե. Չարենցի թանգարանի տնօրինությունը մտադիր
է նաեւ ինտերնետային էջ ստեղծել, որպեսզի վիրտուալ եղանակով էլ հնարավոր լինի ծանոթանալ
Չարենց մարդուն ու բանաստեղծին. «Չարենցի ստեղծագործությունները անպայման պիտի իրենց
տեղը ունենան ինտերնետում՝ ոչ թե միայն հայերենով, այլեւ անգլերենով, գերմաներենով,
ֆրանսերենով ու ռուսերենով»: Անդրադարձ եղավ նաեւ «Բնագիր» ինտերնետային հանդեսի
համարներից մեկում զետեղված Չարենցի, այսպես կոչված, սեռական բնույթի բանաստեղծություններին,
որոնք երբեւէ չեն հրատարակվել: Լիլիթ Հակոբյանն ասաց, որ բազմաթիվ զանգեր են ստացել
շարքային քաղաքացիներից ու չարենցագետներից, այս առիթով վրդովմունքն է արտահայտել
նաեւ Անահիտ Չարենցը: «Այդ բանաստեղծությունները տրամադրել է Արտաշես Էմինը՝ Գեւորգ
Էմինի որդին: Մենք շատ բան գիտենք, բայց փակագծերը չենք բացում… Չէ՞ որ բոլոր մեծություններն
էլ ունեցել են իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, գրել են նման բանաստեղծություններ:
Իսկ մերոնք վերցրել ու առանց ժառանգների համաձայնության եւ գիտության համաշխարհային
մեծության հանճարին ներկայացրել են ոչ թե փառահեղ ստեղծագործություններով, այլ իր
թաքուն ու փակ էջերով: Չի կարելի մեծերի հետ կապված ամեն ինչը հրապարակել, հանրության
սեփականությունը դարձնել: Մենք էլ ունենք շատ բանաստեղծություններ, ձեռագրեր, որոնք
պահվում են փակ ֆոնդում: Դրանք տրամադրում ենք միայն չարենցագետներին»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել