Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները՝ Եվրամիության ծրագրերում

Հունվար 17,2005 00:00

Եվրամիության
«Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում օրերս Վարշավայում կայացավ «Բազմապատկիչների
ֆաբրիկա» խորագիրը կրող եռափուլ ուսուցողական ծրագրի առաջին փուլը: Երկարատեւ
ուսուցողական ծրագրին մասնակցում են ԱՊՀ եվրոպական 7 երկրների 21 երիտասարդ լիդերներ,
այդ թվում՝ երեքը Հայաստանից: Եվրամիությունն իր քաղաքականությունը տարբեր
բնագավառներում վարում է տարաբնույթ երկարատեւ ծրագրերով՝ դրանցից յուրաքանչյուրն
իրականացնելով սեփական ռազմավարությամբ եւ ծրագրային ուղղությամբ: Եվրամիության «Երիտասարդություն»
ծրագրի հիմքում ընկած են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ, ոչ ֆորմալ
կրթությունը, միջմշակութային ուսուցումը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը:
Իսկ ինչպիսի՞ն է եղել Հայաստանի մասնակցությունը «Երիտասարդություն» ծրագրին
անցած տարիների ընթացքում: Այս հարցով դիմեցինք Երիտասարդական ակումբների դաշնության
նախագահ, հիշյալ ուսուցողական ծրագրի մասնակից Ատոմ Մխիթարյանին: «Մեր երկրների մասնակցությունը
ԵՄ «Երիտասարդություն» ծրագրին, մեղմ ասած, ակտիվ չի եղել: 2000 թվականից Երիտասարդական
փոխանակության 109 ծրագիր է իրականացվել, որոնց մասնակցել է հայաստանցի ընդամենը
43 երիտասարդ: Իրականացվել է 54 աջակցող ծրագիր, որոնց Հայաստանից ընդհանուր առմամբ
մասնակցել է 7 հոգի, մինչդեռ Վրաստանից՝ 16- ը, իսկ Ադրբեջանից՝ 21-ը: Այս 4 տարիների
ընթացքում Հայաստանից եւ ոչ մեկը չի մասնակցել կամավորական ծառայության որեւէ ծրագրի»:
Հայաստանի պասիվ մասնակցությունը, ըստ նրա, թերեւս կարելի է բացատրել երիտասարդության
ոլորտի ոչ համարժեք զարգացմամբ, երիտասարդ լիդերների եւ այդ հարցերով զբաղվողների
գիտելիքների եւ տեղեկատվության բացահայտ պակասով: Սակայն այս հարցում առաջընթաց
կարծես թե նկատվում է. երիտասարդական ակումբների դաշնությունը 2004թ. ընթացքում արդեն
6 միջազգային երիտասարդական ծրագիր է իրականացրել Հայաստանում, որից երեքը՝ ԵՄ «Երիտասարդություն»
ծրագրի շրջանակներում: Իսկ ուսուցողական ծրագրի հաջորդ փուլը՝ «բազմապատկիչների»
հերթական հանդիպումը, կայանալու է 2005թ. փետրվարին: ԱՍՏՂԻԿ
ԱՎԵՏԻՍՅԱՆ«Երիտինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել