Այս
անգամ բողոքն ու պատասխանը Երեւանի թիվ 139 դպրոցին էին վերաբերվում Դեկտեմբերի
25-ի համարում մենք անդրադարձել էինք Երեւանի թիվ 139 դպրոցի մի խումբ ուսուցիչների
մտահոգություններին՝ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Հոդվածի հեղինակը,
հասկանալի պատճառներով, բողոքող ուսուցիչների անունները չէր նշել, սակայն զրուցել
էր տնօրենի հետ՝ ստանալով որոշ պարզաբանումներ՝ դպրոցի հասցեին հնչող մեղադրանքների
վերաբերյալ: Սակայն տնօրեն Երվանդ Սարգսյանը, հոդվածի հրապարակումից հետո, չբավարարվելով
իր տված պատասխաններով, մի նոր պատասխան-նամակ է ուղարկել խմբագրություն: Այս անգամ
հարկ ենք համարում անդրադառնալ տնօրենի նոր պարզաբանումներին: Հեղինակն իր հոդվածում
գրել էր, որ ոչ շրջակա թաղամասից եկող աշակերտները դպրոց ընդունվելու համար մուծում
են $150: «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ուսման ցածր որակ եւ կարգապահություն ունեցող դպրոց
ընդունվելու համար $150 գումար տալիս, երբ Նորքի 2-րդ զանգվածում 100 մետր հեռավորությամբ
ուրիշ դպրոցներ կան»: Իսկ դպրոց աշխատանքի ընդունվելու համար ուսուցիչների՝ գումար
մուծելուն (ինչն, ի դեպ, նույնքան արժե) անդրադառնալով, պարոն Սարգսյանը միայն զարմանում
է, թե ինչու՞ հեղինակը անուններ չի նշել: Հոդվածում հեղինակն իր կասկածն էր
հայտնել առ այն, թե ինչպես է պատահում, որ միջին դասարաններում «3»-ներով սովորող
աշակերտները բարձր դասարաններում սկսում են «4»-երով եւ «5»-երով սովորել: «4» եւ
«5» գնահատականներ նշանակելու համար գումարներ եք նշում, գնահատականների բարձրացման
մասին եք խոսում, այսօրվա սոցիալական վատ պայմաններում ապրող բնակիչները, Ձեր հաշվարկներով,
600-1000 դոլար են տալիս երեխաների բարձր գնահատականներով ավարտելու համար. եթե կարող
եք, մի փոքր մտածեք, նոր անպատասխանատու հայտարարություններ արեք: Մի՞թե դատապարտելի
է, որ 10-րդ դասարանում աշակերտներն ավելի լավ են սովորում, կամ էլ ուսուցիչները
մի փոքր ընդառաջում են նրանց»,- ասում է տնօրենը: Երվանդ Սարգսյանը համաձայն
չէ, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պարտադրողաբար դրամահավաք
է եղել. «Դպրոցում պահվում են հավաքած գումարների փաստաթղթերը, շինվերանորոգման թերությունների
ակտով նախատեսված գումարի չափը, հավաքած գումարը: Կատարված աշխատանքների ծավալը դպրոցի
կառավարման խորհրդի ուսումնասիրությամբ եւ հավաստմամբ, վկայում են, որ հավաքված գումարը
ոչ միայն ծախսվել է նպատակային, այլեւ կատարված աշխատանքների ծավալը զգալիորեն գերազանցում
է հավաքված գումարին»: Ուսուցիչներից մեկին մի առիթով վիրավորելու մասին հնչած մեղադրանքին
տնօրենը պատասխանում է այսպես. «Մեծ ցանկության դեպքում կարելի է վիրավորվել ամեն
ինչից, ինչու չէ, նաեւ ԿԳ նախարար Ս. Երիցյանի «նախկին ուսուցիչ» արտահայտությունից…
Նայած թե ինչ ակնոցով ես նայում եւ գնահատում եղածը»: Տնօրենի մի շարք բացատրությունների
շարքում տեղ է գտել նաեւ հետեւյալը. «Ինչ վերաբերում է ամեն օր ժամը 17-ից հետո դպրոցում
կերուխում անելուն, ապա հիշեցնենք, որ դասերը դպրոցում ավարտվում են ժամը 14-ին.
ուրեմն ի՞նչ կարիք կա սպասել մինչեւ 17-ը: Անհեթեթություններին չգիտես էլ՝ արժե՞
պատասխանել, թե՞ ոչ»: Միաժամանակ խմբագրությունը ստացել է մեկ այլ նամակ. Երվանդ
Սարգսյանը կրճատման սպառնալիքի տակ ստիպել է դպրոցի 119 հոգանոց կոլեկտիվի անդամներին՝
ստորագրել խմբագրություն ուղարկած պատասխանի տակ: Ի դեպ, տնօրենը նաեւ հայտարարել
է, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ դպրոցներում կրճատումները դադարեցնելու մասին խոսքերն
իրենց դպրոցին չեն վերաբերում: Հ. Բ. Երեւանի
գրեթե բոլոր դպրոցներում խնդիրները նույնն են. «պարապելու» անվան տակ ուսուցիչները
փող են վերցնում գնահատականի համար, իրականացվում են անօրինական դրամահավաքներ, 9-10-րդ
դասարանցիները դպրոցի փոխարեն գնում են կրկնուսույցների մոտ: Խնդիրները համակարգային
են եւ դժվար թե պայմանավորված լինեն միայն այս կամ այն տնօրենի կամ ուսուցչի «առանձնահատկություններով»: