Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՜Յ ՔԵԶ ԱՄԱՆՈՐՅԱ ՍՅՈՒՐՊՐԻԶ

Հունվար 17,2005 00:00

Այն մատուցել է փոստային առաքումներ
իրականացնող մի նորահայտ կազմակերպություն Ամանորից մի քանի օր անց, Երեւանի
Նոր Արեշի 37 փողոցի 21 տան բնակիչները ստացան սեպտեմբերից սպասվող ծանրոցը, որն
ուղարկել էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող բարեկամուհին: «Մենք գիտեինք, որ ծանրոցն
ուղարկվելու է, ինչպես միշտ, հարսիս՝ Լուսինե Գալայանի անունով: Սակայն ծանրոց բերողը
նրան չհարցրեց, չպահանջեց նրա անձնագիրը, այլ արագ-արագ ստորագրել տվեց եւ հեռացավ»,-
«Առավոտին» պատմեց ընտանիքի մայրը՝ տիկին Էլզան: Նրան զարմացրել էր նաեւ, որ իրենց
նախապես չեն զանգել եւ չեն ճշտել, թե ե՞րբ է ծանրոցի հասցեատերը տանը լինելու: Ավելի
ուշ, երբ տուն է վերադառնում Լուսինեն եւ ընտանիքը սկսում է ծանրոցի «շնորհանդեսը»,
պարզվում է, որ այն բոլորովին էլ իրենց սպասածը չէ: «Ես դա զգացի մինչեւ բացելը:
Որովհետեւ սկոչը պոկված-կպցված էր, բազմագույն էր, իսկ հասցեի մասին թերթիկը կպչուն
ցելոֆանի տակ չէր»,- պատմեց Լուսինեն: Նրա ասելով, մինչեւ Նոր տարվա տոները իր զարմուհու
հետ հեռախոսազրույցից տեղեկացել է, որ իր երեք փոքրիկների, ինչպես նաեւ ընտանիքի
4 մեծահասակների համար գլենդելցի զարմուհին ուղարկել է «սիրուն հագուստներ, կոստյումներ,
խաղալիքներ, անկողնու փափուկ ծածկոցներ, աղանդեր ու կոնֆետ»: Զարմուհին նաեւ ասել
է, թե «էլի բան կա, բայց սյուրպրիզ է»: Ընտանիքը այնուամենայնիվ չի դիմանում գայթակղությանը
եւ որոշում է բացել ծանրոցը: Պարզվում է, ողջ տուփը խառնիխուռն լցված է պատառոտված
հին շորերով, ինչպիսիք մնում են դրսից եկած օգնությունները բաշխողների մոտ՝ բաշխումն
ավարտելուց հետո: Իհարկե, Լուսինեն անմիջապես փորձում է պարզաբանել կատարվածը՝ ծանրոցը
բերած «օֆիսից»: Սակայն պարզվում է, որ նրանք չեն թողել որեւէ կոորդինատ եւ նրանց
մասին տեղեկություն կարող է տալ միայն զարմուհին: «Մինչ այժմ այս օֆիսի մասին ոչինչ
չենք իմացել, սա երեւի նոր է բացվել: Իսկ մյուսներից դժգոհություն առայսօր չենք ունեցել»,-
ասաց Լուսինեն: Դժվար չէ պատկերացնել ամանորյա ծանրոցին սպասողների հիասթափությունն
ու վիրավորանքը, չհաշված ծանրոցն ուղարկողի նյութական ու բարոյական վնասը: Ի
դեպ, երեկ նույն զարմուհու ուղարկած մյուս ծանրոցը հասել է Գալյանների բարեկամ մյուս
հասցեատիրոջը՝ նույն վիճակում: Ընդ որում, այս ծանրոցը նույնպես «բերել են, ում տանը
գտել են՝ շտապ տվել ու գնացել են»: Գալյանները խոստացան Գլենդելից պարզել ծանրոցն
առաքող կազմակերպության տվյալներն ու հաղորդել խմբագրությանը: Շուրջ տասը
տարի է, ինչ պետականին զուգահեռ, ծանրոցների առաքմամբ եւ բաշխմամբ զբաղվում են նաեւ
մասնավոր ընկերությունները: Ինչպես պարզեցինք, դրանց թվից, ինչպես նաեւ սպասարկման
որակից տեղյակ չէ ոլորտի պատասխանատու կապի ու տրանսպորտի նախարարությունը: Քանի
որ լիցենզավորման մասին օրենքում փոստային առաքումների գործունեության տեսակը լիցենզավորման
ենթակաների ցանկում չէ: Հետեւաբար որեւէ մարմնի կողմից չի վերահսկվում նրանց սպասարկման
գործընթացը եւ հստակ չեն նրանց պարտավորությունները: Ամեն ինչ մնում է շուկայում
բարի անուն ձեռք բերելու՝ յուրաքանչյուր ընկերության հմտության վրա: Սակայն ոչ բոլորն
են իրենց բիզնեսի համար հեռու գնացող պլաններ գծում եւ գերադասում են յուրացնել պահի
տակ ձեռքն ընկածը: Տարբեր առիթներով տեղեկացել ենք, որ հեռու երկրներից Հայաստան
եկող ծանրոցները՝ հիմնականում հագուստ, խաղալիք եւ սնունդ, ժամանակ առ ժամանակ ենթարկվում
են «պրոֆիլակտիկ» ստուգումների: Երբեմն դրանց միջից անհետանում է այս կամ այն ապրանքը,
երբեմն էլ ծանրոցները թեթեւանում են: Դեպք է եղել, երբ հասցեատիրոջը ճիշտ կշռով ծանրոցը
հանձնելու նպատակով դրա մեջ աղյուս են դրել: Նման դեպքերում նույն կազմակերպության
տեղական ներկայացուցչությունը մեղքը բարդում է արտերկրի իր գործընկերոջ վրա կամ էլ
պատճառաբանում են, թե «երկար ճանապարհ է, ում ձեռքով ասես անցնում է»: ԱՄՆ-ից, օրինակ,
քաղաքացիները գերադասում են իրենց բարեկամներին ծանրոց ուղարկել նավով, որն անհամեմատ
էժան է, քան օդանավով ուղարկածը: Ճիշտ է, այդ դեպքում բեռը տեղ է հասնում շուրջ 3
ամսում: Վնասված ծանրոցների համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները հստակ
չեն, որովհետեւ դրանց հետ չկան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ մանրամասն նկարագրված
պետք է լինի ծանրոցի բովանդակությունը: Կարելի է նաեւ ապահովագրել բեռը, գնահատելով
այն իրական գնին համարժեք, սակայն, որպես կանոն, նվիրատուները դրանից խուսափում են,
քանի որ այդ դեպքում պետք է հավելյալ վճարեն: Ընդ որում, ապահովագրական ծառայության
տոկոսադրույքները Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղից էլ հիմնականում ծանրոցներ են ստացվում,
բավականին բարձր են եւ հաճախ կարող են հավասար լինել ուղարկված բեռի գնին: Ի դեպ,
մեր բողոքարկուները գոհ էին որոշ մասնավոր ընկերություններից, իսկ դժգոհության առիթներ
ունեցել են նաեւ առաքող պետական մարմնից՝ «Հայփոստից»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել