Ըստ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ
Միքայել Դանիելյանի, արտասահմանյան պետական եւ իրավապաշտպան կազմակերպությունների
ահազանգերին մեր իշխանությունը լուրջ չի վերաբերվում: 2004 թվականի գարնանը
Հայաստանում ծավալված իրադարձությունները միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան
կազմակերպություններին առատ նյութ տվեցին: Ըստ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի
նախագահ Միքայել Դանիելյանի՝ մասնավորապես «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության
ամենամյա զեկույցում բավական կոշտ գնահատականներ կան։ Պրն Դանիելյանը հիշեցրեց, որ
նման մի զեկույց այդ կազմակերպությունը հրապարակել էր դեռ նախորդ տարվա մայիսին:
Բացի հիշյալ եւ «Freedom hous» կազմակերպության հրապարակած զեկույցներից, առաջիկայում
համանման նախաձեռնությամբ հանդես կգան նաեւ «Էմինիստի ինտերնեյշնլը» եւ Միջազգային
Հելսինկյան ֆեդերացիան: «Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք այդ զեկույցի վրա
եւ շուտով կավարտենք: Մեր ուշադրության կենտրոնում են մոտ 10-12 կետեր, այդ թվում՝
դատական համակարգին, բանտերում տիրող իրավիճակին, խոշտանգումներին, կրոնական ազատություններին,
սեքսուալ փոքրամասնություններին, ոստիկանության գործունեությանը, խաղաղ ցույցերի
անցկացմանը վերաբերող հարցեր»,- պարզաբանեց զեկույցի համահեղինակ Մ. Դանիելյանը:
Նրա դիտարկմամբ, արդեն հրապարակված զեկույցներին ՀՀ իշխանությունները լուրջ
չեն վերաբերվում եւ՝ իզուր: «Օրինակ, ԱՄՆ պետդեպի վերջին զեկույցին, որտեղ մատնանշված
է ՀՀ-ում արված հակասեմիտական հայտարարությունների մասին, հայաստանյան պետական-իշխանական
ոչ մի օղակ այդպես էլ չանդրադարձավ, թեեւ պարտավոր էր գոնե ինչ-որ կերպ բացատրել,
որ դա պետական քաղաքականություն չէ, որ ՀՀ իշխանությունները չեն կիսում արված հայտարարությունները:
Ավելին, պետք է պատասխանատվության ենթարկվեին ազգային անհանդուրժողականություն սերմանող
հայտարարությունների հեղինակները»,- նկատեց իրավապաշտպանը: Ըստ նրա՝ աշխարհում հրեական
լոբբինգը հզորներից մեկն է, եւ ՀՀ պատկան օղակները դրան պետք է անդրադառնային՝ հենց
ՀՀ շահերը նկատի ունենալով: Բացի այդ, ըստ նրա, «երբ ոմն Արմեն Ավետիսյան հայտարարում
է արվամոլների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ունենալու մասին, այդ պահից անմիջապես
հետո իշխանությունները նրա նկատմամբ պարտավոր էին քրգործ հարուցել՝ մարդկանց անձնական
կյանքին միջամտելու համար, ինչն, ի դեպ, արգելված է ՀՀ Սահմանադրությամբ: Մինչդեռ
ՀՀ-ում սա նորմալ է ընդունվում, քննարկման թեմա է դառնում, գրվում է դրա մասին»:
Ինչ վերաբերում է ՀՀ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գործունեության արդյունավետությանը,
ապա Մ. Դանիելյանը դա գնահատելու համար սահմանափակվեց երկու օրինակ բերելով, ինչը
հավանաբար տեղ կգտնի նաեւ Հելսինկյան ֆեդերացիայի հրապարակվելիք զեկույցում. «ՀՀ
քաղաքացի Արեւիկ Նալբանդյանը 2004-ի մայիսի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ օմբուդսմենին՝
Վարդենիս քաղաքի ոստիկանությունում իրեն խոշտանգելու մասին: Լ. Ալավերդյանը կարծիք
հայտնելու եւ լուծում տալու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինս իր հերթին
նամակ է ուղարկել մարզի դատախազին, որն այդ պահին պաշտպանում էր այդ նույն քաղաքացու
եւ նրա ընտանիքի դեմ մեղադրանքը: Բնականաբար, նա հայտարարել է, որ այդ բողոքում եղած
նյութերը չեն համապատասխանում իրականությանը: Կամ՝ շատ հայտնի մեկ այլ դեպք: Գրիզելդա
Ղազարյանն է դիմել ՀՀ օմբուդսմենին՝ իր նկատմամբ կիրառված բռնարարքի եւ որդուն ոստիկանների
կողմից հրազենային վնասվածք հասցնելու մասին: Նրա դիմումը Լ. Ալավերդյանը վերահասցեագրել
է ՀՀ գլխավոր, ապա՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազին»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ