ԲԵԳԼԱՐ ԱՐՍԵՆԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան Բեգլար Արսենի Կոստանդյանը: Նրա ծննդավայրը՝ Դաշքեսանի շրջանի Փիփ պատմական գյուղը, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, մեծ դեր է խաղացել ուսումնատենչ պատանու դաստիարակության եւ որպես ակտիվ քաղաքացի ձեւավորման գործում: 1940թ. Բեգլար Կոստանդյանը ավարտում է գյուղի միջնակարգ դպրոցը եւ ընդունվում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին օրերին համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը կամովին մեկնում է ռազմաճակատ, նախ որպես ծովային ենթասպա, ապա՝ սպա, ամենաակտիվ մասնակցություն ունենում Նովոռոսիյսկ, Կերչ, Օդեսա քաղաքների պաշտպանության հերոսամարտերին: Օդեսայի մարտերում նա ծանր վիրավորվում է, դառնում 1-ին խմբի հաշմանդամ: Երկարատեւ բուժումից հետո վերադառնում է Երեւան, ավարտում է Երեւանի պետական համալսարանը եւ 1952թ. աշխատանքի անցնում Վեդու շրջանում որպես դպրոցի տնօրեն: 1968թ. տեղափոխվում է Երեւան եւ մինչեւ 1997թ. 118 եւ 142 դպրոցներում աշխատում որպես ուսուցիչ, 45 տարի իր կյանքը նվիրում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործին: Իր անուրանալի ծառայությունների համար նա դարձել է Նովոռոսիյսկի պատվավոր քաղաքացի, «Փառքի» 3 շքանշանների ասպետ, պարգեւատրվել բազմաթիվ կառավարական մեդալներով ու դիպլոմներով: Նա ստեղծեց օրինակելի ընտանիք: Նրա զավակները իրենց ամենաակտիվ քաղաքական դիրքորոշմամբ, իրենց հոր օրինակով մեծ ճանաչում ունեն հասարակության մեջ, հարգված ու սիրված են շրջապատում: Հայրենասեր մարդու, ակտիվ ու սկզբունքային քաղաքացու հիշատակը պայծառ կմնա նրա հարազատների, բարեկամների, ընկերների եւ նրան ճանաչողների սրտերում: Արտաշես Գեղամյան Ալեքսան Կարապետյան Կորյուն Առաքելյան Սարգիս Մուրադխանյան Գագիկ Թադեւոսյան Նապոլեոն Ազիզյան Սամվել Թումանյան Աղասի Արշակյան Հարություն Մուրադյան Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 18-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 14-ին: Հասցեն, Նոր Նորքի 4-րդ զանգված, 1-ին հատված, 37 շենք, 18 բնակարան: